«Եթե Կիանուն երջանիկ է, ուրեմն երջանիկ եմ եւ ես»` այսպես են արձագանքել հոլիվուդյան հայտնի դերասան Կիանու Ռիվզի երկրպագուները, երբ իմացել են, որ նա հանրությանն է ներկայացել ոչ թե միայնակ, այլ զուգընկերուհու ուղեկցությամբ: Նրանք միասին մասնակցել են Լոս Անջելեսի «LACMA» թանգարանում անցկացված ամենամյա «Art + Film» բարեգործական երեկոյին: Ինչպես հաղորդում են ամերիկյան պարբերականները, նրանք միմյանց ձեռք էին բռնել եւ իրար էին նայում սիրահարվածի աչքերով:
Առաջին անգամ չէ, որ նրանք միասին ներկայանում են հանրությանը, եւ այդ առիթով ամերիկյան մամուլն արդեն հասցրել է պարզել, թե ով է Կիանու Ռիվզին ուղեկցող կինը: Այդպիսով՝ ներկայացնում ենք, թե ինչ է պետք իմանալ դերասանի նոր ընկերուհու մասին:
Ալեքսանդրա Գրանտը եւ Կիանու Ռիվզը
Ալեքսանդրա Գրանտ՝ 46-ամյա նկարչուհի Լոս Անջելեսից: Այո, նա ո՛չ կինոյի հետ կապ ունի, ո՛չ էլ մոդել է, որոնց հաճախ ընտրում են հոլիվուդյան դերասանները: Գրանտը արվեստ է ստեղծում տարբեր ձեւաչափերով՝ քանդակագործության, գեղանկարչության եւ տեսանյութերի պատրաստման ոլորտներում: Նրա աշխատանքները ներկայացվել են «MOCA», «USC Fisher Museum of Art» եւ «LACMA» ցուցասրահներում, ինչպես նաեւ Վենետիկի բիենալեում:
Եվ որ ամենահետաքրքիրն է, Ալեքսանդրան զբաղվում է գրքերի ձեւավորմամբ: Հենց դրա շնորհիվ էլ նա եւ Կիանուն հանդիպել են ու ծանոթացել: Նա առաջին անգամ փորձել է գրքի դիզայն մշակել 2011 թվականին: Ինչպես արդեն կռահեցիք, այդ գրքի հեղինակը եղել է Կիանու Ռիվզը: Խոսքը դերասանի «Ode to Happiness» վերնագրով ստեղծագործության մասին է: 2016 թվականին Ալեքսանդրան եւ Կիանուն կրկին համագործակցելու առիթ են ունեցել, այս անգամ որպեսզի ստեղծեն դերասանի նոր՝ «Ստվերներ» գիրքը: 2017 թվականին Գրանտը եւ Ռիվզը միասին հիմնադրել են «X Artists' Book» անվամբ իրենց հրատարակչությունը: Իսկ այժմ արդեն նրանք միմյանց ձեռք են բռնում եւ ներկայանում են տարբեր միջոցառումների:
Ալեքսանդրա Գրանտը եւ Կիանու Ռիվզը
Ռիվզը եւ Գրանտը դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել այս լուրը, սակայն համացանցում մարդիկ արդեն ակտիվորեն շնորհավորում են նոր զույգին եւ մեծ երջանկություն մաղթում «տխուր ու միայնակ Կիանու» մականվամբ հայտնի ամենաբարի հոլիվուդյան դերասանին:
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Getty Images, BFA
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: