«Կապիր ինձ մահճակալին» կատակերգության փորձերով են այս օրերին զբաղված դերասաններ Լեւոն Հարությունյանը, Արա Սարգսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Լիա Զախարյանը եւ Մխիթար Ավետիսյանը: Ռեժիսոր Կարո Բալյանի նոր բեմադրության առաջնախաղը նախատեսված է գարնանը, իսկ մինչ այդ BRAVO.am-ը հետեւել է ստեղծագործական ընթացքին եւ հետաքրքիր կադրեր որսացել:
Պիեսի հեղինակը ֆրանսիացի Րաֆֆի Շարթն է: Ինչպես Կարոն է նշել մեզ հետ զրույցում, այն բեմականացնելու առաջարկը ստացել է վերջինիս օգնական Վարդան Գաբրիելյանից.«Ծանոթանալով գործին ու լավ ճանաչելով հեղինակին՝ համաձայնեցի: Առաջին նախապայմաններից մեկը պիեսը հայաֆիկացնելն էր: Եթե որոշակի փոփոխություններ չանեինք ու չհարմարեցնեինք մեր երկրին, մեր մտածելակերպին, վստահ եմ՝ չէր ընդունվի հանդիսատեսի կողմից: Երկար տարիների փորձն ու մասնագիտական հոտառությունն ինձ հուշում են, որ ներկայացումն աննախադեպ հաջողություն է ունենալու: Սցենարային բացահայտումներ չեմ ցանկանում անել, թող հանդիսատեսը տեղում բացահայտի դեպքերի զարգացումը»:
«Կապիր ինձ մահճակալին» ներկայացման փորձին
Դերասանական կազմի հետ ռեժիսորը նախկինում էլ համագործակցելու առիթներ ունեցել է.«Ընտրել եմ այնպիսի մարդկանց, ովքեր, վստահ եմ, կկարողանան ճիշտ ներկայացնել կերպարը»:
Սցենարը հայկականացնելու հարցում Կարո Բալյանին օգնել են Արմեն Վարդանյանը եւ Դավիթ Թորոսյանը: Ներկայացման բեմանկարիչն Անի Դերունցն է:
Կարո Բալյանը եւ Արա Սարգսյանը
Պրոդյուսեր Վարդան Գաբրիելյանը BRAVO.am-ին ասել է, որ Րաֆֆի Շարթն է ցանկացել, որ իր պիեսները բեմադրվեն Հայաստանում.«Նա շատ է սիրում հայ ժողովրդին ու շատ կապված է մեր մշակույթին, գերազանց տիրապետում է հայերենին: Ներկայացումն այստեղ բեմադրելու գաղափարն էլ իրենն է: Պրեմիերայի օրը նա նույնպես կլինի Երեւանում: Կարծում եմ՝ հանդիսատեսն ուրախ կհեռանա դահլիճից, կկարողանանք մեկուկես ժամ ծիծաղ պարգեւել ներկաներին»:
Մխիթար Ավետիսյանը եւ Սաթենիկ Հազարյանը
Պեպիտայի կերպարը Լիա Զախարյանի համար դեբյուտային է.«Մի երեկո Կարոն զանգեց ու ասաց, որ պիես կուղարկի, պետք է կարդամ եւ ասեմ՝ որ կերպարում եմ ինձ պատկերացնում: Առավոտյան ասացի, ծիծաղելով նշեց, որ հենց այդ դերն էլ նախատեսել է ինձ համար եւ ուզում է, որ համագործակցենք: Առաջին հանդիպմանը մի փոքր անհանգիստ էի. թիմի բոլոր անդամները թատրոնում աշխատելու տարիների փորձ ունեն, իսկ իմ առաջինն է, վախենում էի չընդունեն: Սխալվում էի, այնքան լավ ընդունեցին, որ ոչ մի պահ չեմ լարվել եւ շուտ մերվել եմ խաղընկերներիս: Շատ ծիծաղելի պիես է, նույնիսկ երկու անգամ կարդալուց հետո, այժմ երբ խաղում ենք, էլի մեկս մյուսի խոսքի վրա ծիծաղում ենք»,-պատմել է երիտասարդ դերասանուհին:
«Կապիր ինձ մահճակալին» ներկայացման փորձին
«Կապիր ինձ մահճակալին» ներկայացման պրեմիերան տեղի կունենա մարտի 19-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: