Փոքրիկներն անհամբերությամբ սպասում էին հեքիաթի սկսվելուն, երբ վերջապես եկավ սիրելի հեքիաթասաց պապիկն ու բացեց կախարդական ճամպրուկը: Ճամպրուկից սկսեց փչել սառը քամին․ հեքիաթն այս անգամ փոքրիկներին տանելու էր Պինգվինաշեն։
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հերթական ներկայացումն էր։ 2018 թվականից գործող այս ձեւաչափը, որը հիմնադրել են ամուսիններ Անի Ամսեյանը եւ Հակոբ Մազլումյանը, վաղուց արդեն շատ սիրելի է դարձել ոչ միայն փոքրիկների, այլեւ նրանց ծնողների համար։
Ամեն անգամ ներկայացումն ունենում է տարբերվող մեկնարկ՝ շնորհիվ հեքիաթասաց պապիկ-տիկնիկի, որը տարիների ընթացքում, ասես, իր ուրույն բնավորությունը ձեռք բերած լինի։ Հեքիաթի մեկնարկն առանց նրա անհնար է պատկերացնել, քանի որ հենց պապիկն է պահում կախարդական ճամպրուկի բանալին։
Թեեւ կան գեղեցիկ դեկորացիաներ, որոնք ապահովում են հեքիաթին բնորոշ միջավայրը, բեմականացման տարածքը շատ ավելի լայն է եւ ընդգրկում է անգամ հանդիսատեսի շարքերը։ Գունեղ, գեղեցիկ ու ծիծաղաշարժ տիկնիկները պարբերաբար ներթափանցում են հանդիսականների շարքերը, զրուցում ու խաղում երեխաների հետ՝ նրանց դարձնելով ոչ թե պարզապես հանդիսատես, այլ հեքիաթի անմիջական, նաեւ կարեւոր մասնակից։ Օրինակ՝ եթե երեխաներն ակտիվ չմասնակցեին ներկայացմանն ու չօգնեին պինգվին Վինին, գուցե նա այդպես էլ չկարողանար ձկնիկ որսալ ու վերադառնալ Պինգվինաշեն։
Ներկայացման ժամանակ երբեմն կարելի է նաեւ չարաճճիություն անել, եւ դա ոչ միայն չի խանգարում, այլ էլ ավելի ինտերակտիվ է դարձնում ներկայացումը․ չէ՞ որ հերոսներն էլ են մեկ-մեկ չարաճճիություններ անում։
«Ներկայացման ինտերակտիվության աստիճանը կախված է հենց հանդիսատեսից. որքան ակտիվ են իրենք, այնքան ավելի հետաքրքիր է ստացվում»,- ասում է Հակոբ Մազլումյանը։
Անի Ամսեյանն էլ հավելում է, որ հանդիսականների շնորհիվ ներկայացումներից ոչ մեկը մյուսին չի կրկնում. «Նույն հեքիաթը կարող ենք մի քանի անգամ խաղալ, բայց միշտ՝ նորովի, որովհետեւ մարդկային կենդանի շփումն անկանխատեսելիության գործոն ունի, իսկ մեր հեքիաթը հենց այդ շփման ընթացքում է ստեղծվում»։
«Հեքիաթերեն»-ի ներկայացումները նախատեսված են 3-ից 9 տարեկան երեխաների համար։ Որոշ ներկայացումների սյուժեն ավելի պարզ է՝ 3-ից 4 տարեկանների հետաքրքություններին համապատասխան․ դրանց շարքում են, օրինակ, ավելի հայտնի պատմությունները՝ «Երեք խոզուկները», «Պույ-Պույ մկնիկը», «Գնդիկ-բոքոնիկը» եւ այլն։
«Դպրոցական տարիքի երեխաների համար խորհուրդ ենք տալիս հայ ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունների հիմքով բեմադրությունները։ Առհասարակ, ձգտում ենք հնարավորինս շատ ներառել ժամանակակից մանկագիրների աշխատանքները, քանի որ իրապես արժեքավոր պատմություններ կան, որոնք այսօրվա երեխային հուզող հարցեր են բարձրացնում։ Այդուհանդերձ, հատուկ տարիքային սահմանափակումներ չենք դնում, որովհետեւ մեր ձեւաչափը թույլ է տալիս ներկայացումը լիարժեք համապատասխանեցնել մեր այդօրվա հանդիսատեսին։ Իսկ հեքիաթները բոլորի համար են»,- ասում է Անի Ամսեյանը՝ հավելելով, որ ծնողները հաճախ խոստովանում են՝ երեխայի շնորհիվ իրենք էլ ուրախությամբ եկել են ներկայացումը դիտելու։
Եվ իսկապես, դերասանական խաղը, ներկայացման դինամիկան ու բազում հումորային տարրերը ոչ միայն չեն թողնում ձանձրանալ, այլեւ ուղղակիորեն վերադարձնում են մանկություն։
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հետ երկարատեւ համագործակցության շրջանակում «Հեքիաթերեն»-ն այնտեղ ներկայացումներ է ունենում յուրաքանչյուր կիրակի, երբեմն նաեւ շաբաթվա այլ օրերին։ «Հեքիաթերեն»-ին կարելի է հրավիրել նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլ հաստատություններ։
Նրանց առաջիկա ներկայացումը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում հոկտեմբերի 4-ին է, բեմադրությունը՝ ժամանակակից մանկագիր Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը»։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Հետաքրքիր մանկական միջոցառումների մասին տեղեկացված լինելու համար հետեւեք Bravo.am-ի «Առաջիկա շաբաթը երեխաների համար» ամենշաբաթյա թողարկումներին։
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի


×
20






