×


Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կատարել է Հայաստանի առաջին տիկնոջ հեղինակած տանգոն

Հին տոմարով տարվա առաջին օրն անակնկալներով լի է եղել քաղաքի երաժշտասեր հասարակության համար: Իսկ անակնկալներ նրանց մատուցել է ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին` հիացնելով իր հնչեցրած երաժշտությամբ: Հավաքվածների աչքից չեն վրիպել նաեւ տաղանդավոր այս իտալացու յուրահատուկ, Իտալիայի դրոշի գույներով կոշիկները:):

Իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին


Երաժիշտը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ արդեն 3-րդ անգամ հանդես է եկել միեւնույն բեմահարթակում: “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացած համերգի ընթացքում ներկայացվել են հայտնի այնպիսի կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ, ինչպիսիք են` Նինո Ռոտան, Ռոբերտո Մոլինելին, Ֆաբիո Կոնիչիելան, Էնրիկո Բլատին եւ, իհարկե, Աստոր Պիացոլան:

Եվ այսպես, առաջին անակնկալը մատուցվել է Մարտին Պալմերիի “Տարվա եղանակները” ստեղծագործության համաշխարհային պրեմիերայի տեսքով: Հաջորդը հանդիսատեսն առավել հետաքրքրությամբ է ընդունել. բանդոնեոնահարը կատարել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած “Նվիրում տանգոյին” ստեղծագործությունը:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին եւ Սերգեյ Սմբատյանը


Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին շնորհակալություն է հայտնել համերգին ներկա գտնվող Ռիտա Սարգսյանին, ողջունել նրան մշակույթ սիրելու ու երիտասարդ երաժիշտներին աջակցելու համար ու ասել, թե շատ կցանկանար, որ Իտալիայի առաջին տիկինը նման լիներ Հայաստանի առաջին տիկնոջը:):

Հայ հանդիսատեսին մատուցված վերջին ու թերեւս ամենամեծ անակնկալը եղել է այն, որ իտալացի երաժիշտը կատարել է Կոմիտասի հայտնի “Կռունկ” ստեղծագործությունը:

Նշենք, որ համերգը տեւել է նախատեսվածից երկար, ինչին նպաստել է երաժշտի ու հանդիսատեսի միջեւ շատ արագ հաստատված երկխոսությունը:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ելույթ է ունեցել Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ


Ի դեպ, համերգին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ասել է, թե որոշել է տարին մեկ անգամ համերգով հանդես գալ հայաստանյան հանդիսատեսի առջեւ. “Առաջին անգամ Հայաստանում եղել եմ Տոնինո Գուերայի շնորհիվ: Ցավում եմ, որ այսօր նա մեզ հետ չէ, բայց ես զգում եմ նրա ներկայությունն ու պարտական եմ նրան, որ հնարավորություն տվեց ինձ ծանոթանալ հայերի հետ ու զգալ Հայաստանի շունչը”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW