Ապրելով Փարիզում՝ ժամանակի ընթացքում համակերպվում ես մայրաքաղաքի հիմնականում անձրեւոտ եղանակին` համեմված խոնավ քամիներով: Բարեբախտաբար, կա փախուստի մի հիանալի տարբերակ. գնացք, երեք ժամ տեւողությամբ ճանապարհ, գեղեցիկ բնանկարներ, եւ դու հայտնվում ես Ֆրանսիայի հարավում` փոքրիկ եւ անչափ հմայիչ Մոնպելիե քաղաքում։
Մոնպելիե քաղաքը
Չար լեզուներն ասում են, որ այստեղ տարեկան մոտավորապես 300 օր պարզ երկինք է եւ պայծառ արեւ: Քաղաքն ունի իր ինքնատիպ հմայքը, հոտն ու գույնը: Իհարկե, այս ուրախ տրամադրությանը նպաստում են տասնյակ երկրներից ուսանելու եկած երիտասարդները: Ի դեպ, աշխարհի ամենահին բժշկական համալսարանը, որը մինչ օրս շարունակում է գործել, հիմնադրվել է 12-րդ դարում այստեղ` Մոնպելիեում, իսկ ուսանողների շարքում է եղել Նոստրադամուսը: Մոնպելիեում է նաեւ գտնվում Ֆրանսիայի թերեւս ամենագեղեցիկ գեղարվեստի թանգարաններից մեկը`Ֆաբրի թանգարանը:
Մոնպելիե քաղաքը
Սակայն դուրս գալով կայարանից, առաջինը, ինչ ուրախացնում է աչքդ, գունեղ տրամվայներն են: Մի շտապեք թերագնահատել տրանսպորտի այս հարմարավետ միջոցը, քանզի դրանց արտաքին տեսքով են զբաղվել հանրահայտ դիզայներներ Էլիզաբեթ Գաղուստը, Մատիա Բոննետին եւ Քրիստիան Լակրուան: Նրանց մտահղացմամբ քաղաքում գործող տրամվայի չորս գծերը վերածվել են բնության չորս տարերքների`օդ, հող, ջուր եւ կրակ:
Առաջին համարի տրամվայը
Առաջին համարի տրամվայը, որպես «օդի» խորհրդանիշ, նկարազարդված է կապույտ երկնքի ֆոնին պարող սպիտակ ծիծեռնակներով։ Ֆրանսիայի տաք հարավը հիշեցնող կարմիր, դեղին, կանաչ, ծաղիկները խորհրդանշում են «հողը» եւ զարդարում թիվ երկու տրամվայը:
Երկրորդե համարի տրամվայը
Մեծն Քրիստիան Լակրուայի մտահղացմամբ ստեղծվել են ջուրն ու կրակը՝ երրորդ եւ չորրորդ համարի տրամվայները: «Ջուրն» արված է ստորգետնյա վիշապի տեսքով, իսկ բարոկ ոճի «կրակը» նվիրված է Արեւ արքայի ժամանակաշրջանի շքեղությանն ու հարստությանը։ Արդյունքում, Մոնպելիեի բնակիչները վայելում են ժամանակակից տրամվայներ, իսկ քաղաքի հյուրերը՝ հաճախ հայտնվում սխալ վայրում` գնալով իրենց նախընտրած «տարերքի» հետքերով: Բայց անհանգստության կարիք չկա, Մոնպելիեի փողոցներում մոլորվելը միայն հաճույք է եւ նոր վայրեր հայտնաբերելու հիանալի առիթ:
Տեքստը եւ լուսանկարները՝ Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: