×


Նաիրա Շահիրյանի եւ Արման Մարգարյանի հոբելյանները Դրամատիկականում

Արմեն Բարսեղյանը, Գոհար Իգիթյանը, Հրաչյա Հարությունյանը, Նաիրա Շահիրյանը եւ Արտաշես Մխիթարյանն ապրիլի 4-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում հայտվել էին “սիրային խառնաշփոթում”: Ռոբերտ Հարությունյանի համանուն բեմադրության կատակերգական ընթացքը ֆիքսել է BRAVO.am-ի ֆոտոխցիկը:

Հրաչյա Հարությունյանը, Արտաշես Մխիթարյանը եւ Նաիրա Շահիրյանը


Չբացելով ներկայացման փակագծերը` նշենք, որ այն նվիրված էր Դորոթի Դեբնիի դերակատարուհու` Նաիրա Շահիրյանի 50-ամյա հոբելյանին: Դերասանուհին 25 տարի է` խաղում է այս թատրոնում` արժանանալով հանդիսատեսի ծափահարություններին, իսկ երեկ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է լսել ոչ միայն գեղեցիկ բեմելի, այլեւ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն էլ նրան շնորհել է “Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի զինվոր” պատվավոր կոչումը:

Նաիրա Շահիրյանի հոբելյանական երեկոյին


“Ես ծնվել եմ տաքուկ եւ գեղեցիկ ընտանիքում, մեծացել եմ աշխարհի ամենաբարի եղբոր հետ, ունեցել եմ հրաշալի մանկություն: Երջանիկ եմ, որովհետեւ ունեցել եմ լավ ընկերներ, անմոռաց ուսանողական տարիներ, հետո զգացել եմ, թե ինչ է դպրոցական խենթ սերը, եւ այդ սիրուց ծնվեց ընտանիք, որից հետո երկու լույս վառվեց, հետո դարձա անչափահաս տատիկ եւ ի վերջո ճանապարհն ինձ բերեց այնտեղ, որտեղ մեծացել եմ` իմ երկրորդ տուն: Իմ ավագ ընկերներ, եթե դուք այս պատվածքում տեսաք եւ ճանաչեցիք ձեզ, ապա ձեզ էլ եմ շնորհակալ”,- նշել է դերասանուհին եւ հավելել.“Այս ամբողջ ընթացքում իմ կողքին է եղել իմ պահապան հրեշտակը`մայրս, եւ ես ոչինչ չեմ ուզում ասել, պարզապես ուզում եմ համբուրել նրա ձեռքը”:

Նաիրա Շահիրյանը ներկաներին հուզել է իր խոսքով եւ, իհարկե, հուզվել է: Նա նշել է, թե իր համար կրկնակի տոն է, քանի որ 30 տարի առաջ ապրիլի 4-ին մայրացել է եւ իր բոլոր ծաղիկները, ծափահարությունները նվիրում է ավագ որդուն` հաղորդավար, դերասան Արման Մարգարյանին:

Նաիրա Շահիրյանի հոբելյանական երեկոյին


Արմանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ չի սիրում տոնել իր ծննդյան օրը, քանի որ ընկերները, որոնց կցանկանար տեսնել իր կողքին, այստեղ չեն, բացի այդ, նրանց հետ ժամանակին այնպես է նշել, որ առավոտյան կապտուկներով են արթնացել:).“Իմ մանկությունն էլ է անցել այս թատրոնի պատերի ներսում, կհիշեմ այս տարեդարձս: Իսկ մամայի ծնունդը հունվարի 21-ին է: Թատրոնը որոշեց նոր խաղաշրջանում տոնական ներկայացմամբ նշել նրա հոբելյանը, եւ ընտրվեց իմ ծննդյան օրը: Ուրախ եմ, որ այսօր նրա կողքին եմ, եւ էական չէ, որ չկան իմ կողմից հրավիրված մարդիկ”:

Արամոն եւ Նաիրա Շահիրյանը


Հաղորդավարի խոսքով` իր լավագույն պարգեւը որդին է.“Դպրոցից տուն բերելու էի գնացել, երբ մտա դասասենյակ, բարձր գոռաց` “Պապա, ծնունդդ շնորհավոր”, դասընկերները եւս շնորհավորեցին: Նա իմ ամենամեծ ձեռքբերումն է: Շատ ծանոթներ ունեմ, որոնց կյանքը լավ է դասավորվել, բայց նրանք չունեն այն, ինչ ես ունեմ. որդիս իմ կյանքի իմաստն է եւ համար մեկ խթանը”:

Նաիրա Շահիրյանը` որդու` Արման Մարգարյանի եւ թոռնիկի հետ


Վերլուծելով իր 30 տարին` Արման Մարգարյանը հետեւյալն է նշել.“Հասկացա, որ կարելի էր ավելի շատ բան անել: Եթե հաշվի առնենք, որ 5 տարով արտագաղթել էի, նոր կյանք եմ սկսել ավտովթարից հետո, ապա դժգոհ չեմ. տղաս 8 տարեկան է, աշխատում եմ իմ սիրելի հեռուստաընկերությունում, զբաղվում եմ սիրելի գործով, չեմ կորցրել ու մինչեւ կյանքիս վերջ կպահպանեմ “թինեյջերական” ազատությունս, բայց այդ ամենը հավասարակշռելով իմ հասունության հետ: Շատ եմ ժամանակ կորցրել, հիմա ավելի երկարաժամկետ ներդրումներ է պետք անել կյանքիս մեջ, որովհետեւ ժամակակը հետ չես բերի”:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Նաիրա Շահիրյանին եւ Արման Մարգարյանին:

Տեքստը`Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին