Պարը մարդկության հնագույն լեզուներից է, ինքնաարտահայտման լավագույն միջոցը: Պարելիս խոսում ենք մարմնով ու հոգով, եւ ջնջվում են բոլոր սահմանները մեր միջեւ: Այս յուրահատուկ լեզվով կարելի է արտահայտել ամենաթաքուն մտքերն անգամ, զգացմունքները, ցանկությունները, այն ամենը, ինչը գուցե երբեք չհամարձակվեինք ասել բառերով:
Յուրաքանչյուր պար կրում է իրեն բնորոշ էներգիա եւ բովանդակություն: Եթե անհատական պարն, օրինակ, նախ եւ առաջ պարողի ինքնաարտահայտման, նրա կողմից աշխարհի, երաժշտության, նույնիսկ ինքն իրեն ընկալելու, իր վերաբերմունքն արտահայտելու միջոց է, ապա զուգապարը երկու անձի` կնոջ եւ տղամարդու շփումն է: Պարի միջոցով նրանք պատկերում են իրենց հույզերը, ապրումներն ու ցանկությունները, եւ եթե հաջողվում է համոզիչ լինել, զգացողություն է առաջանում, որ նրանք լրացնում են միմյանց նաեւ կյանքում: Իրականում ոչ միշտ է այդպես, բայց շնորհիվ հուզականության եւ համոզիչ խաղի, թվում է իրականություն: Զուգապարն անգամ բնորոշում են որպես հորիզոնական ցանկությունների ուղղահայաց դրսեւորում: Այստեղ հիմքը կնոջ եւ տղամարդու վերաբերմունքն է միմյանց հանդեպ, դրանից առաջացող խաղը, ֆլիրտը, սիրահետումը, կիրքը, խանդը, ընդհուպ էրոտիկ ֆանտազիաներն ու սեքսուալ ակնարկները: Մի խոսքով` զուգապարը կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունն է ամբողջությամբ:
Մեր օրերում կան պարային բազմաթիվ ուղղություններ, սակայն գոյություն ունի մի քանի պար, որոնք կարող են ուժեղ լիցք հաղորդել մարդու սեքսուալ էներգիային: Ավելին, որոշ պարերում փոխակերպված դրսեւորվում է հենց սեռական էներգիան` լիբիդոն: Այսօր անդրադառնում ենք այն զուգապարերին, որոնք աննկարագրելի տպավորիչ են եւ որոնց սեքսուալությունն ավելի ցայտուն է արտահայտված: Դրանք են լատինամերիկյան պարերից բաչատան ու սալսան, պարահանդեսային պարերից ամենահմայիչը` սիրո պար ռումբան եւ, իհարկե, բոլոր ժամանակներում նորաձեւ ու կրքոտ արգենտինական տանգոն:
Այս պարերն այսօր մեծ մասսայականություն են վայելում երաժշտության եւ շարժումների ազատության շնորհիվ: Գուցե գաղտնիքը նաեւ այն է, որ դրանք օգնում են աղջիկներին իրենց ավելի գրավիչ եւ սեքսուալ զգալ, իսկ տղամարդկանց` ավելի ինքնավստահ. չէ՞ որ բոլոր զուգապարերում տղամարդը հանդես է գալիս նվաճող մաչոյի դերում, ով իր ամուր ձեռքերում պահում է փխրուն զուգընկերուհուն: Այս պարերի հանդեպ կա մեծ հետաքրքրության, եւ այդ մասին վկայում են մեր քաղաքում գործող տարբեր ակումբներն ու փաբերը, որտեղ պարբերաբար հնչում է լատինական եւ կուբայական երաժշտություն, իսկ պարողների թիվն օրեցօր ավելանում է:
Բաչատա
Բաչատա. երբ վառվում են թաքնված կրքերն ու ցանկությունները
Ընդամենը մեկ անգամ ծանոթանալով բաչատային, կսիրահարվեք ընդմիշտ: Այս պարն ընդունակ է դիպչել հոգու թաքնված լարերին, վառել ուժեղ ցանկություններ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մեջ, եւ ցույց տալ նրանց անտեսանելի կրքերը: Այսօր արդեն այն ամենասեքսուալ եւ պահանջված զուգապարն է: Բաչատան դասվում է լատինամերիկյան սոցիալական պարերի շարքին եւ մարմնավորում է անհավանական հույզեր, գերզգացմունքներ եւ անհավատալի գրավչություն: Նրա զանգվածայնության հիմնական պատճառներից մեկն այն է, որ շատ հեշտ է յուրացնել եւ յուրաքանչյուրին կարող է դարձնել ավելի վառ, ինքնավստահ եւ կրքոտ:
Բաչատան առաջացել է Դոմինիկյան Հանրապետությունում` շնորհիվ նույնանուն երաժշտական ուղղության, որը գոյություն ուներ դեռեւս նախորդ դարի 60-ական թվականներին: Վարկածներից ամենահավանականը թերեւս այն է, որ պարի անվանումը ծագել է աղմկոտ երեկույթներից, որոնք կազմակերպում էին Դոմինիկանայի չքավոր բնակիչները, քանի որ «բաչատա» իսպաներենից թարգմանաբար նշանակում է «աղմկոտ խրախճանք», իսկ 1930-ականներին հենց այդպես էին անվանում Դոմինիկյան Հանրապետության աղքատ թաղամասերի բոլոր տոնակատարություններն անխտիր: Այնուամենայնիվ, բաչատա պարն ու երաժշտությունը պատմում են չքավոր մարդկանց կյանքի դժվարությունների եւ նրանց միջեւ եղած անմար սիրո մասին:
Այս պարում ամենագլխավորը սերտ շփումն է զուգընկերոջ հետ. պարում են գրեթե գրկախառնված եւ առանց բաց թողնելու միմյանց ձեռքերը: Պարի հիմնական խորեոգրաֆիան բաղկացած է չորս քայլից` մի կողմից դեպի մյուսը կամ հետ-առաջ, ընդ որում, հիմնական շեշտը դրվում է վերջին քայլի վրա, որի ժամանակ ոտքը կամ մի փոքր վեր է բարձրանում կամ ձգվում առաջ: Բաչատան իմպրովիզացիայի լայն հնարավորություններ է տալիս, որի միջոցով պարողներն ի ցույց են դնում իրենց սեքսուալ ցանկությունների ողջ ներկապնակը:
Սալսա
Սալսա. գայթակղություն, որին անհնար է դիմակայել
Հենց այս պարն է, որ վարակում է բոլորին իր գրավչությամբ, սեքսուալությամբ եւ անհավանական հույզերով առաջին իսկ հնչյուններից եւ շարժումներից: Սալսան միավորում է լատինամերիկյան պարերի տարբեր ուղղություններ, որոնք ունեն բարդ տեխնիկա: Սալսայում, սակայն, կարեւորը տեխնիկան չէ, այլ անտարբեր չլինելը եւ հույզերն ու զգացմունքներն առավել բաց կերպով արտահայտելը: Սալսան բոլորովին էլ շարժումների մեխանիկական կատարումը չէ, այստեղ գերխնդիրն ինտրիգի տարրը պահպանելն է: Պարող զույգը չափից ավելի մոտ է կանգնած իրար, հետեւաբար, առաջանում են հույզեր, ու պարը դառնում է խաղ: Այստեղ կան սիրահետման եւ մերժման, գայթակղության եւ կրքի տարրեր, եւ պարը դառնում է երկու հոգու համատեղ ստեղծագործություն: Սալսայի հնչյունների ներքո ինքնամոռաց պարող զույգը արտահայտում է այն մտերմությունը, որն առաջանում է հենց պարի ընթացքում, եւ այդ առումով յուրաքանչյուր պար անկրկնելի է: Սալսայի պարագայում կարելի է իմանալ շատ քիչ շարժումներ, բայց ամեն անգամ տարբեր պարային զուգընկերների կամ տարբեր երաժշտության ներքո ծնունդ տալ նոր, ինքնատիպ որեւէ ստեղծագործության` նոր կրքերով ու հույզերով: Սալսայի «բնավորությունը» դրսեւորվում է նրա հիմնական քայլում: Այն ավելի արտահայտիչ է դառնում մարմնի վերին հատվածն անշարժ պահելու հաշվին` շեշտը փոխանցելով ոտքերին եւ կոնքերին: Շատ կարեւոր է հատկապես ոտքերի ճիշտ շարժումը, քանի որ դրանից են առաջանում սալսային բնորոշ կոնքազդրային շարժումները:
Իսպաներենից թարգմանաբար «սալսա» նշանակում է «սուս»: Մինչ 1970-ականների սկիզբը սալսա էր համարվում լատինամերիկյան տարբեր ոճերի եւ ռիթմերի խառնուրդը: Ավելի ուշ հայտնվեց նաեւ նույնանուն պարը, որը Կարիբյան ավազանի եւ Լատինական Ամերիկայի երաժշտական տարբեր ժանրերի եւ պարային ավանդույթների խառնուրդն է: Նրա ռիթմերն ու անսահման կրքոտ շարժումները ներառում են Վենեսուելայի, Կոլումբիայի, Պանամայի, Պուերտո Րիկոյի եւ, իհարկե, Կուբայի ողջ կոլորիտը, ընդ որում հենց Կուբան է համարվում սալսայի «օրորոցը», քանի որ նախորդ դարասկզբին հենց այնտեղ էին ծնվում այդ հրաշք հնչյունները:
Ռումբա` սիրո պարն ամբողջ աշխարհում
Ռումբան ամենահուզիչ պարն է, լատինամերիկյան երաժշտության եւ պարերի հոգին ու ոգին: Այն, ի տարբերության սալսայի կամ բաչատայի, ունի հստակ «պարտադրված» շարժումներ, քանի որ պատկանում է պարահանդեսային պարերի լատինամերիկյան ծրագրին: Ռումբան բնորոշվում է ավելի խոր հուզական բովանդակությամբ, եւ պատահական չէ, որ ամբողջ աշխարհում հենց այս պարն են անվանում սիրո պար:
Ռումբա
Ռումբան կուբայական զուգապար է` աֆրիկյան ծագմամբ, որը հայտնվել է Հավանայում 19-րդ դարում: Կարելի է ասել, որ այն ստրուկների պար է եղել եւ գուցե հենց դրանով են պայմանավորված պարում առկա տառապանքի տարրերը: Իսպաներենից թարգմանաբար «ռումբա» նշանակում է «ուղի»: Ռումբային մյուս պարերից առանձնացնողը էրոտիկ սահուն շարժումներն են, որոնք միավորվում են լայն քայլերով, իսկ վերջիններս էլ իրենց հերթին ավելի արտահայտիչ, նույնիսկ չափազանցված են դարձնում կոնքի շարժումները: Այստեղ է, որ դրսեւորվում է ոչ միայն կոնքի եւ ոտքերի, այլ ողջ մարմնի, ուսերի, ձեռքերի, իրանի ճկունությունը:
Վառ արտահայտված էրոտիկ բնույթը եւ երաժշտության դրամատիկ բովանդակությունը պարին հաղորդում են անկրկնելի էսթետիկ հմայք: Ռումբային բնորոշ շարժումները կարծես էրոտիկ ցանկությունների եւ զգացմունքների պարային վերամարմնավորում լինեն: Ավելին, եթե հավատանք ընդունված կարծիքներից մեկին, ապա ռումբան ի սկզբանե եղել է հարսանեկան պար, որի շարժումների նշանակությունը ոչ ավել, ոչ պակաս ամուսինների ընտանեկան պարտականություններն էին: Այսօրվա ռումբան, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ, իհարկե, ունի վերոգրյալի մասին վկայող որոշ տարրեր: ժամանակակից ռումբայում կա այն տրամադրությունը, որ շնորհիվ կանացի հմայքի, պարընկերուհին փորձում է գերակա լինել իր զույգի հանդեպ: Ռումբայի հնչյունների ներքո պարող զույգին ուշադիր հետեւելիս կարելի է նկատել, որ հաճախ զուգընկերուհին գայթակղում է իր զույգին եւ անմիջապես էլ փախչում: Աղջկա կրքոտ, էրոտիկ շարժումներին ի պատասխան` տղան փորձում է իր շարժումներով արտահայտել նրան տիրելու իր ցանկությունը, ապացուցել իր գերակայությունը ֆիզիկական ուժի միջոցով` ամուր բռնելով կամ սեղմելով, բայց, ցավոք, որպես կանոն, ոչինչի չի հասնում, քանի որ աղջիկն ի վերջո լքում է նրան:
Արգենտինական տանգո. ամենախորհրդավոր եւ դյութիչ պարը
Այս պարն ամբողջությամբ կիրք է, զսպված կիրք, որ թվում է, թե ամեն վայրկյան կարող է պայթել: Այստեղ տղամարդն ու կինը նորից ու նորից միասին բացահայտում են պարի հմայքն ու վայելում դրանից ստացվող հաճույքը: Պարի տեխնիկան կառուցված է այնպես, որ առանց տղամարդու իմպուլսի կինը չի կարող քայլ անել, բայց միեւնույն ժամանակ, այս պարը չի կարելի դասել այն պարերի շարքին, որտեղ տղամարդը «տանում է», իսկ կինը պարզապես «հետեւում» նրան:
Տանգո
Ի սկզբանե տանգոն համարվում էր ուրախ, թեթեւ, ժամանակավոր, նույնիսկ վուլգար մի երեւույթ եւ երկար ժամանակ հանդիսանում էր հասարակության ստորին խավի երաժշտություն եւ պար, քանի որ միջին ու բարձր խավն այն կտրականապես մերժում էր: Բայց պարզվեց` տանգոն այնքան կենսունակ է, որ շատ շուտով դուրս եկավ ոչ միայն Բուենոս Այրեսի աղքատ թաղամասերից, այլեւ Արգենտինայի սահմաններից: Արդեն 20-րդ դարի սկզբին տանգոն ներխուժեց եվրոպական կյանք, անգամ Փարիզն առաջին հայացքից սիրահարվեց նրան: Տանգոն սկսեց թելադրել իր նորաձեւությունը, որը տարածվեց գրեթե ամեն ինչի վրա. ի հայտ եկան տանգո-երեկույթներ, խմիչքներ, ծխախոտ, անգամ տանգոյի ոճով կոշիկ եւ hագուստ` սմոքինգ տղամարդկանց եւ մեծ կտրվածքով շրջազգեստ կանանց համար:
Արգենտինական տանգոն հաճախ պարում են հասուն տարիքի մարդիկ, ովքեր արդեն բավական բան գիտեն իրենց եւ շրջապատող աշխարհի մասին: «Հանդարտ տղամարդկություն» եւ «էլեգանտ կանացիություն», այսպես կարելի է բնորոշել արգենտինական տանգո պարող կանանց եւ տղամարդկանց: Եվ ամբոջ մարմնով ու հոգով սուզվելով այս պարի մեջ` հենց այս հատկանիշներն են նրանք փորձում բացահայտել միմյանց մեջ: Բացի այդ, արգենտինական տանգոն առաջին հերթին իմպրովիզացիա է ենթադրում նույնիսկ իրար բոլորովին օտար ու անծանոթ մարդկանց պարելու պարագայում: Նրանք նախապես ոչ մի բան չեն պլանավորում, ոչինչ չեն հուշում միմյանց, քանի որ տանգոն ինքնին մի յուրահատուկ լեզու է, կրքի լեզու, որով շփվում են կինն ու տղամարդը:
Պարի լեզուն առհասարակ ունիվերսալ է, յուրաքանչյուր շարժում իր մեջ կրում է իմաստային բեռնվածություն, որոշակի գաղտնաբառ: Այդ գաղտնաբառը պարողի վերաբերմունքն է երաժշտության հանդեպ, այն ամենի հանդեպ, ինչ նա խաղում է պարի միջոցով: Պարի առաջնահերթ գործառույթը հենց պարն է` շարժումը հստակ երաժշտության ներքո: Երկրորդական գործառույթն արդեն պարի յուրաքանչյուր շարժման անուղղակի նշանակությունն է, դրա վերծանումը: Իսկ դա տեղի է ունենում յուրաքանչյուրի կողմից անհատական կերպով` կախված պարի հանդեպ ունեցած անձնական ընկալումից: Այսպիսով, եթե այս չքնաղ լեզուն մեզ դեռ անծանոթ է, ապա ճիշտ ժամանակն է, որ սկսենք սովորել: Այն, անկասկած, կօգնի բացահայտել ինքներս մեզ, հասկանալ մեր ցանկությունները, ինչպես նաեւ վերծանել մեր զուգընկերների շարժումների ներքո թաքնված իրական բովանդակությունը:
Պատրաստեց Ա.Ս.-ն
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: