×


Սերժ Թանգյանը հավանել է աղջիկների «Դեցիբել» խմբի կատարումը :)

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմավորված «Decibelle» երաժշտական խումբն օրեր առաջ համացանցում տեղադրեց «System of a Down» ռոք-բենդի վոկալիստ Սերժ Թանգյանի «Հարակիրի» ալբոմից «Forget me knot» երգի քավեր տարբերակը, որը ռոք երաժիշտը տեղադրել է նաեւ ֆեյսբուքյան իր էջում:

Սերժ Թանգյանը հավանել է աղջիկների «Դեցիբել» խմբի կատարումը :)


Թումո-ի երաժշտական նախագիծն իր բնույթով girl band է՝ աղջիկների խումբ: Անվանումը բառախաղ է. ձայնի ուժգնության չափման միավոր` decibel եւ հմայիչ աղջիկ` belle: Աղջիկները ժամանակակից փոփ երանգների ներքո տարբեր ոճերի երաժշտություն են ներկայացնում: Խմբի երաժշտական ղեկավար Արամ Րիանը BRAVO.am-ին պատմել է խմբի ստեղծման, քավեր երգերի եւ խմբի առաջիկա ծրագրերի մասին:

- Ինչու՞ որոշեցիք հենց  «Forget me knot» երգը ներկայացնել «Դեցիբել»-ի մեկնաբանությամբ:


- 2014-ի աշնանը, երբ Թումոն համացանցում տեղադրեց իր «Դեցիբել» նախագծի դեբյուտային տեսահոլովակը, որը նկարահանվել էր նախագծի մասնակից աղջիկների հեղինակային «What If» երգի հիման վրա, տեղեկացանք, որ Սերժ Թանգյանը շատ է հավանել եւ գովել թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը: Հավանաբար, դա էլ հանդիսացավ դրդապատճառ, որպեսզի ժամանակի ընթացքում աղջիկների մոտ գաղափար ձեւավորվի հերթական երգի տեսքով իրենց շնորհակալությունը հայտնել Սերժին:
Որոշվեց ստեղծել Թանգյանի «Forget Me Knot» ստեղծագործության «դեցիբելյան» տարբերակը, քանի որ այդ երգը, բացի չափազանց գեղեցիկ ստեղծագործություն լինելուց նաեւ իր բազմերանգությամբ շատ էր սազում «Դեցիբել»-ի ոճին: Երգն իր բազմաշերտ կառուցվածքով թույլ տվեց ինքնաարտահայտվել նախագծի բոլոր անդամներին՝ գործիքային եւ վոկալային առումով,  փոփից մինչեւ ծանր ռոք ու օպերա:

«Դեցիբել» խումբը


- Աղջիկներն ինչպե՞ս արձագանքեցին Սերժ Թանգյանի գրառմանը:

- Մինչեւ Սերժի ֆեյսբուքյան գրառումը մեզ արդեն լուր էր հասել, որ նա այնքան էր հավանել «Forget Me Knot»-ի «դեցիբելյան» տարբերակը, որ հուզվել էր` նկարագրելով աղջիկների տվյալ աշխատանքը որպես «հմուտ, կրեատիվ, հուզիչ եւ տպավորիչ»: Երբ հունիսի 2-ին Թանգյանը տեսահոլովակն իր էջում տեղադրեց, նախագծի աղջիկները յոթերորդ երկնքում էին: Անմիջապես շնորհակալական գրառում թողեցին Թանգյանի էջում:

- Խմբի անդամները հնարավորություն ունեցե՞լ են հանդիպել Սերժ Թանգյանի հետ նրա վերջին երեւանյան այցի ժամանակ:

- Այո, հանդիպեցին եւ Թանգյանի համար կատարեցին դեբյուտային «What If» հեղինակային երգը: Դա, անշուշտ, ամենաանմոռանալի օրերից էր իրենց կյանքում:

- «Դեցիբել»-ը ներկայանում է փոփ, փոփ-ռոք, R'n'B ու այլ ժանրերում: Շեշտը դրել եք հեղինակային երգերի՞, թե՞ հայտնի երգերը քավեր տարբերակով ներկայացնելու վրա:

- Շեշտը միշտ է դրված հեղինակային երգերի եւ երգահանության վրա: Սակայն չենք շտապում ներկայացնել բոլորը միանգամից: Առաջիկայում «Դեցիբել»-ի երգացանկում կլինեն ավելի շատ քավեր ստեղծագործություններ` նախագծին բնորոշ լուծումներով ու մշակումներով:

«Դեցիբել» խումբը


- Խմբի ստեղծման օրվանից կազմը փոփոխվե՞լ է, նոր աղջիկներ ընդգրկվու՞մ են:

- Այո, խմբի անդամների քանակը երկուսից դարձել է 9-ը, որոշ դեպքերում՝ 10-ը: Քանի որ խմբի անվանման «դեցի-” մասնիկն իր մեջ կրում է մեկ տասներորդի իմաստը, ի սկզբանե որոշվել էր, որ 10 հոգանոց աշխատակազմը կլիներ իդեալական տարբերակ նախագծի համար: Սակայն, ինչպես Թումո-ի յուրաքանչյուր նախագծում, սկզբունքը կայանում է կազմը պարբերաբար փոփոխելու մեջ, որպեսզի ժամանակ առ ժամանակ հնարավորություն բացվի ուսանողների նոր հոսքի համար:

- Որքան գիտեմ, խմբի մեկ այլ կատարմանն արձագանքել է սովետական բազմաթիվ ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը: Ի՞նչ երգ էիք ընտրել այս անգամ:


- Վերջերս «Դեցիբել» -ը ներկայացրեց եւս մի աշխատանք, որը նվիրված էր ճանաչված հայ ռեժիսոր Պավել Արսենովի հանրահայտ “Հյուր ապագայից” կինոնկարի ստեղծման 30-ամյակին: Աղջիկներն այս անգամ ստեղծեցին այդ ֆիլմից բոլորին քաջ ծանոթ "Прекрасное далёко" գործիքային մեղեդու ժամանակակից վոկալիզային տարբերակը: Ի զարմանս բոլորիս, այս աշխատանքը լսել էր երաժշտության հեղինակ` ռուսաստանաբնակ լեգենդար կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը: Նա ինձ անձամբ գրեց, շնորհակալություն հայտնեց աղջիկներին եւ ասաց, որ անչափ հավանել է խմբի կողմից ստեղծած տարբերակը եւ այն համարում է շատ գրագետ ու նուրբ մեկնաբանում: Նման դրական արձագանք այդպիսի լեգենդի կողմից ստանալը իսկական անակնկալ էր:

«Դեցիբել» խմբի անդամներից


- Իսկ ի՞նչ առաքելություն ու նպատակ ունի աղջիկների խումբը հայկական երաժշտական ասպարեզում:

- Նախագծի նպատակն է ստեղծել մի աշխատակազմ, որն իրենից երաժշտական արտադրամաս է ներկայացնում ` ներառելով երգահանություն, գործիքավորում, տաղավարային աշխատանք, ձայնագրման փուլեր, կատարողական արվեստ եւ այլն: Տվյալ շրջանում «Դեցիբել»-ն ավելի շատ տաղավարային նախագիծ է, քան նվագախումբ: Հիմնական նպատակը խմբի անդամ ուսանողերին ստեղծագործական, տեխնոլոգիական եւ ինֆորմացիոն հարթակ տրամադրելն է, որպեսզի նրանք սովորեն, թե ինչ է թիմային աշխատանքը եւ արտադրողական թիմ լինելը:

- Թումոյից դուրս ելույթներ կամ փոքր համերգներ նախատեսո՞ւմ եք:


- Ապագայում նախատեսվում է նաեւ կենդանի ելույթների փուլ` թե՛ Թումոյի ներսում, թե՛ կենտրոնից դուրս: Չնայած «Դեցիբել»-ի ձայնագրությունները, ինչպես տեսնում եք, արդեն սկսել են իրենց շրջագայությունն աշխարհով մեկ` ներկայացնելով Թումոյում արված աշխատանքի արդյունքը:

Հարցազրույցը՝ Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները՝ Թումո ստեղծարար կենտրոնի արխիվից եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW