×


Վահագ Բագրատունի.“Սկորսեզեն եւ ԴիԿապրիոն ինձ խրախուսեցին ու կարեւոր խորհուրդներ տվեցին”

Մինչ “Ուոլ սթրիթի գայլը” գրավում է աշխարհի կինոթատրոնները, մեծ աղմուկ բարձրացրած այս ֆիլմի նկարահանման հրապարակում իր անցկացրած անմոռանալի օրերն է հիշում հայազգի երիտասարդ դերասան Վահագ Բագրատունին, որը, սակայն, տխրելու առիթ ունի, ինչի մասին պատմել է BRAVO.am-ին:  

Վահագ Բագրատունին


-Վահագ, ինչպե՞ս ընդգրկվեցիր “Ուոլ սթրիթի գայլը” ֆիլմի դերասանական կազմում:
 
-Հայտարարել էին, որ փնտրում են երիտասարդների՝ “Սթրաթթոն Օուքմոնթ” գրասենյակի բրոքերների դերերի համար: Այս գրասենյակը  հիմնադրել է ԴիԿապրիոյի հերոսը՝ Ջորդան Բելֆորտը: Ընտրվեցի` խաղալու նրա առաջին բրոքերներից մեկի դերը: Դժբախտաբար, այն հատվածները, որտեղ ես խաղացել եմ, տեղ չեն գտել ֆիլմի վերջնական տարբերակում: Այն պետք է չորսուկես ժամ տեւեր, բայց ստիպված էին կրճատել եւ դարձնել երեք ժամ տեւողությամբ: Բայց, այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող ինձնից խլել այն փորձը, որ ձեռք եմ բերել նկարահանումներին մասնակցելու ընթացքում:

-Հաջողակ մարդ ես, որ այսքան երիտասարդ տարիքում հասցրել ես աշխատել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Մարտին Սկորսեզեի հետ:):

-Շատ բան կտայի, որ իմ մասնակցությամբ հատվածները չկրճատվեին, բայց նույնիսկ առանց վերջնական արդյունքի աշխատելուց չեմ դժգոհում: Այն, թե ինչպես էր Լեոն պատրաստվում նկարահանումներին, ինչպիսի ազդեցիկ ելույթներ էր ունենում, իսկապես տպավորիչ էր: Նա հիանալի դերասան է, ու այս ֆիլմում նրա խաղին մոտիկից հետեւելը թույլ տվեց ինձ պատկերացում կազմել, թե ինչպիսին պետք է լինի լավ դերասանը: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ է նշանակում զրուցել Սկորսեզեի ու ԴիԿապրիոյի հետ, նրանց համատեղ էներգետիկ դաշտը հզոր է: Օրինակ, իմ մասնակցությամբ տեսարաններից մեկում Լեոն առաջին անգամ ներկայացնում է բաժնետոմսերի վաճառքի իր գաղափարախոսությունը: Մենք 10 հոգի էինք, եւ Ջորդանը մեզ բացատրում էր, թե ինչպես է պատկերացնում այդ գործընթացը: Ֆիլմում այդ տեսարանին հատկացվել է ընդամենը մի քանի րոպե, բայց նկարահանումները տեւել են 10 ժամ: Հետաքրքիր էր ուսումնասիրել Սկորսեզեի մոտեցումները: Նա ԴիԿապրիոյին առաջարկեց մոռանալ սցենարը եւ իմպրովիզի միջոցով ստեղծել կերպարը: Դրա շնորհիվ կերպարն ավելի խոր ստացվեց:

Ինձ համար սա նման էր դերասանական եւ ռեժիսորական վարպետության դասի մասնակցության: Շատ արժեքավոր փորձ ձեռք բերեցի: Բացի այդ, ստացա հնարավորություն մի շարք հարցերի շուրջ զրուցել Սկորսեզեի եւ ԴիԿապրիոյի հետ, ինչն ինձ համար շատ կարեւոր էր: Երկուսն էլ ինձ բավական խրախուսեցին ու կարեւոր խորհուրդներ տվեցին:

22-ամյա դերասան Վահագ Բագրատունին


-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ “Ուոլ սթրիթի գայլը” քո հետագա կարիերայի վրա: 

-Առաջին հերթին դա պրոֆեսիոնալ ֆիլմում խաղալու իմ առաջին փորձն էր: Դիտողը սովորաբար չգիտի, թե իրականում քանի հոգի է աշխատում ֆիլմի ստեղծման ու տարածման վրա, իսկ նրանք հազարավոր են: Ես այս ֆիլմի շնորհիվ հասկացա, թե ինչ հոգնեցուցիչ, բայց միեւնույն ժամանակ հիասքանչ է լինել “Ուոլ սթրիթի գայլ”-ի պես ֆիլմերի մասնիկ:

-Ֆիլմում շատ են անկեղծ տեսարանները: Քեզ համար դա հավելյալ լարվածություն ստեղծո՞ւմ էր:


-Արտասովոր, բայց նաեւ զվարճալի փորձ էր: Կեղծ կոկաին քաշել դանդաղեցված կադրում, այն էլ` Սկորսեզեի ֆիլմում… (ծիծաղում է-հեղ.): Բացասական չեմ վերաբերվում անկեղծ տեսարաններին: Այն դրվագը, որտեղ մերկ նվագախումբը հայտնվում է գրասենյակում ու սկսում նվագել, նրանց են միանում մարմնավաճառները եւ ակրոբատները, շատ զվարճալի էր: Սյուրռեալիստական ոգով էին ինչպես այդ, այնպես էլ օդանավի, Բելֆորտի հավաքույթների տեսարանները:

-Ո՞րն էր ամենազվարճալի կամ արտասովոր բանը, որին ականատես եղար ֆիլմի նկարահանումների ընթացքում:


-Շիմպանզեն անվաչմուշկների վրա իսկապես զվարճալի էր: Այդ նույն օրը նկարահանվեց նաեւ տեսարանը, որտեղ Ջոնա Հիլլի հերոսը կենդանի ձուկ է ուտում:

Վահագ Բագրատունին


-“Ուոլ սթրիթի գայլը” ներկայացված է “Օսկար”-ի միանգամից մի քանի  անվանակարգում, բայց ամենաինտրիգայինը “Տարվա լավագույն ֆիլմ”  տիտղոսն է: Ի՞նչ ես կարծում, այն “Օսկար” կստանա՞ այս անվանակարգում:   

-Նախորդ տարի հիանալի բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել եւ նշածդ անվանակարգում մրցակցությունը շատ թեժ է լինելու: Տեսնենք, ըստ իս, Լեոն կդառնա “Լավագույն  դերասան”  անվանակարգի հաղթող:  
 
-Ապագայում ո՞ր ռեժիսորի ֆիլմերում կցանկանաս խաղալ:

-Դժվար հարց ես տալիս: Այնքան լավ ռեժիսորներ կան, որոնց հետ կցանկանայի աշխատել: Լավ, նշեմ երեք անուն` Մարտին Սկորսեզե, Դեյվիդ Օ. Ռասսել եւ Դեյվիդ Լինչ:

-Նաեւ թատրոնում ես խաղում, անգամ Բրոդվեյում ես մի քանի անգամ հայտնվել: Ի՞նչ ներկայացումներ էին դրանք:

-2012-ին ընկերներիս հետ ստեղծեցինք “Off-Broadway” ներկայացումը: Այն չորս մարդկանց մասին է, ովքեր փորձում են շարունակել իրենց կյանքն այլ կերպ, բայց դա նրանց չի հաջողվում: Հիանալի փորձ էր, որովհետեւ ամբողջ ներկայացումը սեփական ուժերով ենք պատրաստել: Մեկ դրամա էլ, որը պատմում է 1950-ականների Նյու Յորքի մասին, խաղացել ենք ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Վարշավայում:

Ունեմ թատրոնի եւ կինոյի դերասանի կրթություն, 2 տարի սովորել եմ Լի Ստրասբերգի անվան համալսարանում, շատ եմ սիրում թատրոնը, բայց ինձ ավելի շատ ֆիլմերում եմ տեսնում: Պատճառները շատ են. կան բաներ, որ ուղղակի չեմ կարող անել բեմի վրա, բայց ասում են՝ երբեք մի ասա` երբեք… Սիրում եմ նորարարություններ ու մեծ սիրով եմ դրանք փորձարկում: 

Վահագ Բագրատունին


-Վահագ, Հայաստանում ես ծնվել, բայց ընտանիքով տեղափոխվել եք Շտուտգարտ, երբ երկու տարեկան էիր:


-Ավագ դպրոցն այնտեղ ավարտելուց հետո տեղափոխվեցի Նյու Յորք, որպեսզի պրոֆեսիոնալ դերասանություն սովորեմ: Անցած ամառ առաջին անգամ երկու շաբաթով այցելեցի Հայաստան: Շատ գեղեցիկ երկիր է, ու պլանավորում եմ վերադառնալ: Հույս ունեմ, որ մեր պատրաստած կարճամետրաժ ֆիլմը կմասնակցի այս տարվա “Ոսկե Ծիրան” կինոփառատոնին:

-Ի՞նչ տեղեկություններ ունես ժամանակակից հայկական կինեմատոգրաֆիայի մասին:

-Դժբախտաբար, շատ քիչ բան գիտեմ ժամանակակից հայ կինոյի մասին: Գիտեմ, որ Հայոց ցեղասպանության թեմայի հետ կապված մի շարք նախագծեր կան, գուցե դեր ստանամ դրանցից մեկում, տեսնենք: Համենայն դեպս, շատ կցանկանայի: Հետաքրքիր կլիներ խորանալ իմ արմատների մեջ եւ ստեղծել արտիստիկ որեւէ կերպար: 

-Ընտանիքումդ արվեստով զբաղվողներ կա՞ն:


-Իմ ընտանիքը միշտ է եղել արվեստում: Իմ նախնիները երաժիշտներ էին, դերասաններ, ռեժիսորներ: Իմանալով նրանց մասին` հիմա եմ հասկանում, թե ինչու եմ այսքան հակված դեպի բեմը եւ կինոն: Դա իմ ժառանգությունն է, ճակատագիրը:

-Որո՞նք են 2014-ի համար քո անձնական եւ պրոֆեսիոնալ պլանները:

-Ինձ համար անձնականն ու պրոֆեսիոնալը միշտ միասին են: Իմ առջեւ դրել եմ մեծ ու հավակնոտ առաջադրանքներ եւ ամեն ինչ կանեմ, որպեսզի երազանքներս իրականություն դարձնեմ: Նյու Յորքում գտնվելու վերջին երեք տարվա ընթացքում այնքան բաներ եմ հասցրել անել, բայց ցանկանում եմ հասնել ավելիին: Ուղղակի շատ ժամանակ է պետք ու չափազանց մեծ աշխատասիրություն, որովհետեւ չգիտես, թե հաջորդ օրն ինչ կարող է պատահել: Այնպես որ, դժվար է նախապես պլանավորել, բայց պետք է պինդ մնալ ու երբեք չհանձնվել:

Վահագ Բագրատունին` ֆիլմի նկարահանումներին


-Հիմա տալու եմ մի հարց, որը չտալու դեպքում ինձ չէին ների հազարավոր հայուհիներ:): Ընկերուհի ունե՞ս:

-Հմմ… Կարծում եմ, դա պետք է գաղտնի մնա, շատ անձնական է, եթե թույլ տաս(ժպտում է-հեղ.):

-Իհարկե, այլ տարբերակ կարծես թե չունեմ:): Քո մաղթանքը մեր ընթերցողին:

-Մաղթում եմ բոլորին առողջ եւ հաջողակ 2014 թվական: Երբեք մի նահանջեք ձեր նպատակից, միայն դուք ինքներդ կարող եք իրականություն դարձնել այն, ինչը շատ դեպքերում երազանք է թվում: Ապրեք այն համոզմունքով, որ դրանք իրականանալու են:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Վահագ Բագրատունիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW