×


Տաքսու ղեկին են Գոհարն ու Աննան. մանրամասներ Taxi Battle-ի նկարահանման հրապարակից

«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող Taxi Battle նախագծի առաջիկա թողարկման համար իրենց վարորդական հմտություններով մրցել են «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը եւ երգչուհի Աննա Խաչատրյանը:

BRAVO.am-ն այցելել է նկարահանման հրապարակ՝ պատմելու կադրից դուրս մնացած հետաքրքրական դրվագների մասին:

Դժվարություններ՝ հանուն բարի նպատակի

Նախագծի հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը լավ գիտի՝ ինչպիսի դժվարություններ են հաղթահարում հայտնիներն առաջին անգամ տաքսի վարելիս:

«Կողքից կարող է թվալ, թե տաքսի վարելն ընդամենն ուղեւոր տեղափոխել է, սակայն երբ սկսում ես պատասխանատվություն կրել ոչ միայն քեզ համար, այլեւ անծանոթ ուղեւորի, ուսերիդ բեռը բազմապատկվում է: Բացի այդ, մեր մասնակիցը պետք է կարողանա կադրում խոսել ինչպես ինձ հետ, այնպես էլ ուղեւորի՝ փորձելով հնարավորինս հետաքրքիր դարձնել ճանապարհի ընթացքը»,- պատմում է նա:

Ռաֆայել Ղազանչյանը


Թեեւ հաղորդման ձեւաչափն այնպիսին է, որ մասնակիցները մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ գումար կվաստակի, Ռաֆայել Ղազանչյանի խոսքով՝ դա ընդամենը խորհրդանշական բնույթ ունի:  

«Երբ «Յանդեքս. Տաքսի» ընկերության հետ քննարկում էինք հաղորդման ձեւաչափը, առաջնային խնդիրը մեզ համար բարեգործությունն էր: Մեր առաքելությունը ոչ միայն ուղեւորներին զվարճացնելն ու հեռուստադիտողին բարձր տրամադրություն պարգեւելն է, այլեւ հավաքված գումարով բարեգործություն կատարելը»,- նշում է նա:

Ինչպես Taxi Battle-ի առաջին եթերաշրջանի ավարտին, այնպես էլ այս անգամ հավաքված հասույթը կկրկնապատկվի «Յանդեքս. Տաքսի» ընկերության կողմից եւ կծառայի մարզային հատուկ դպրոցներից մեկին:

Գոհար Հարությունյանը


Առաջին անգամ հումորային նախագծում

20 տարվա վարորդ Գոհար Հարությունյանը ղեկին նստելուց առաջ չէր անհանգստանում: Մտածում էր միայն զրույցով չտարվելու ու անվտանգ երթեւեկություն ապահովելու մասին:

«Երբ բնակվում էի Ռուսաստանում, նմանատիպ հաղորդում դիտում էի, բայց հենց այս նախագիծը նախկինում չեմ տեսել, քանի որ մեր տանը հեռուստացույցի էկրանին միշտ մուլտֆիլմեր են»,- պատմում է նա:

Taxi Battle-ի նկարահանումներին


Գոհարն իրեն նախկինում հումորային նախագծերում չի պատկերացրել, սակայն անչափ ուրախ է, որ դառնալու է բարեգործական նախագծի մի մասնիկը:

«Այն, թե որքան գումար կհավաքվի, դառնում է երկրորդական, երբ կա նման նախաձեռնություն եւ բարեգործություն անելու ցանկություն: Ցանկացած չափի հասույթ էլ կարող է մեծ օգնություն դառնալ ինչ-որ մեկի համար»,-նշում է նա:

Աննա Խաչատրյանի 3600 դրամը

Մինչ BRAVO.am-ը զրուցում էր տաքսու վարորդ դառնալու իր հերթին սպասող Գոհար Հարությունյանի հետ, այդ ընթացքում Աննա Խաչատրյանը տեղափոխում էր իր 4-րդ ուղեւորին:

«Ասում են, որ լավ վարորդ եմ: Թեեւ ունեցել եմ վթարներ, բայց դրանք երբեւէ իմ մեղքով չեն եղել: Մի քիչ նյարդային վարորդ եմ, սակայն դա իմ վարելու որակի վրա չի անդրադառնում»,- պատմում է երգչուհին:

Աննա Խաչատրյանը


Փորձության ընթացքում Աննա Խաչատրյանին հաջողվել է ստանալ 300 դրամ թեյավճար՝ ընդհանուր առմամբ վաստակելով 3600 դրամ:

«Ինքս ինձ համար մի քանի բացահայտում արեցի: Առաջինը, որ ես իսկապես լավ վարորդ եմ, երկրորդը՝ 25 տարեկանից ցածր անձինք ինձ գրեթե չեն ճանաչում: Նաեւ  հասկացա, որ շատ վատ գիտեմ Երեւանի փողոցները»,- մանրամասնում է երգչուհին:

Կադրից դուրս ուշագրավ դրվագներ

Ռաֆայել Ղազանչյանի կարծիքով՝ մերօրյա հասարակությունն անտարբեր է դարձել: Նա նշում է, որ զբոսաշրջիկները, դառնալով նախագծի հերոսը, մեծ ոգեւորություն են ապրում, իսկ երբ տեղեկանում են դրա բարեգործական նպատակի մասին՝ ուրախությունը բազմապատկվում է: Հաղորդավարի խոսքով՝ նույնը չի կարելի է ասել տեղացի ուղեւորների մասին:

«Իհարկե, ունենում ենք «ոսկի» ուղեւորներ, որոնք ցանկանում են հնարավորության սահմաններում աջակցել նախագծին: Երբեմն, մեր հայտնի վարորդին հյուրասիրության են հրավիրում: Պատահում է նաեւ այնպես, որ չեն ճանաչում վարորդին, ինչը նորմալ է, որովհետեւ մենք չենք ընտրում ուղեւորներին:  Հաղորդումը չունի սցենար, այն միասին կերտում են ուղեւորները եւ հայտնի վարորդը»,-պատմում է Ռաֆայելը:

Taxi Battle-ի նկարահանումներին


Նա նշում է, որ կադրից դուրս են մնում ինչպես ոչ այնքան հետաքրքիր, այնպես էլ շատ հետաքրքիր դրվագներ: Օրինակ՝ Թամարա Պետրոսյանն ուղեւորին տեղափոխելիս կորել էր Աբովյան քաղաքում, քանի որ չէր կարող օգտվել տեղորոշման համակարգից:

Անձի գործոնը

«Երբ մեր ընկերներն իմանում են հաղորդման բարեգործական նպատակի մասին, սիրով համաձայնում են դրա մասը կազմել՝ թողնելով իրենց բոլոր գործերն ու 3 ժամ տաքսի վարելով: Քանի որ բոլորը հիմնականում արվեստի ոլորտի ներկայացուցիչներ են, նրանց հեշտությամբ հաջողվում է լեզու գտնել հաճախորդների հետ: Իհարկե, տաքսու վարորդի կանոնակարգում կան նաեւ որոշակի նրբություններ, որոնց հայտնիներին նախապես ծանոթացնում են «Յանդեքս. Տաքսի» ընկերության լավագույն մասնագետները»,- պատմում է Taxi Battle նախագծի երկրորդ եթերաշրջանի ռեժիսոր Գեւորգ Ենոքյանը:

Ռեժիսոր Գեւորգ Ենոքյանը


Նրա խոսքով՝ զուտ պատվերի արժեքը կարող է լինել առավելագույնը 2000-2500 դրամ, սակայն այստեղ մեծ դեր ունի հայտնի անձի գործոնը, քանի որ շատ ուղեւորներ, գնահատելով տվյալ արվեստի գործչին, բավական մեծ թեյավճար են թողնում:

«Երբ Գրիգ Գեւորգյանը վաստակեց 60 հազար դրամ, կարծում էի՝ այդ թիվը չի գերազանցվի, քանի որ առաջին եթերաշրջանում հաղթող վարորդը՝ Կամո Սեյրանյանը, 23 հազար դրամ էր վաստակել: Դրանից հետո ունեցանք ավելի բարձր ցուցանիշներ, իսկ այս պահին առաջատարը Յանա Դանիելյանն է՝ 101 հազար դրամով»,- մանրամասնում է նախագծի ռեժիսորը:

«Հաղորդումն իսկապես ստացված է եւ սիրված՝ շնորհիվ ամբողջ թիմի: Նկարահանումները տեխնիկապես շատ բարդ են, եւ հսկայական աշխատանք է կատարում տեխնիկական ինժեներ, օպերատոր Դավիթ Հարությունյանը: Մոնտաժն իրականացնող Արթուր Հարությունյանին հաջողվում է հսկայական ծավալով նյութից ստանալ անչափ հետաքրքիր 40 րոպե, իսկ օպերատոր Արման Գասպարյանն ամբողջ ընթացքում գտնվում է հայտնի վարորդի կողքին, աջակցում նրան ու կատարում բարդ նկարահանում: Իսկապես շնորհակալ եմ «Յանդեքս. Տաքսի» ընկերությանը, «Շանթ» հեռուստաընկերությանն ու նախագծի գլխավոր պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանին՝ նման հնարավորություն ընձեռելու համար»,- ամփոփում է Գեւորգ Ենոքյանը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport