“Դասական երաժիշտը սառը կերպար չէ” Աննա Մայիլյանի համերգը հոկտեմբերի 19-ին էր`Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների դահլիճում: Հանդիսատեսը կարծում էր, որ երեկոն կազմակերպվել է երգչուհու ծննդյան տոնի կապակցությամբ, բայց Աննան պարզաբանեց. “Ծննդյանս տոնը մի քանի օրից է, կարեւոր չէ` երբ:): Դասական համերգների շարքն է այս համերգասրահում, ինչը համընկավ ծննդյանս տոնին’’: Աննա Մայիլյանն ասում է` “յուրաքանչյուր տարի անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի համերգով նշի ծննդյան տոնը, եւ ոչ թե խնջույքների ներքո”: Երգչուհին համոզված է, որ ծննդյան, ինչպես նաեւ մնացած բոլոր տոները պետք է սիրել, մանավանդ եթե դրանք կապված են հոգեւորի հետ. “Խորհուրդ եմ տալիս, որ մարդկանց միջից վերանա “չեմ սիրում իմ ծնունդը’’ միտքը, որովհետեւ շնորհակալ պետք է լինենք, որ ծնվել ենք: Ռեստորանային ծնունդներին դեմ եմ, որովհետեւ անկեղծ չեն:)”: Համերգը կրում էր “Աշնանային երգ’’ խորագիրը: Տարվա այս եղանակն առանձնահատուկ է երգչուհու համար, որովհետեւ հենց աշնանն է ծնվել: Իսկ երեւանյան աշունն Աննա Մայիլյանի համար բացառիկ է: Հենց մայրաքաղաքի աշնանից ոգեշնչված` որոշվել էր բեմն “աշնանային աշխարհի’’ վերածել` այն պատելով կարմիր, դեղին, կանաչ տերեւներով եւ ինքնատիպ նախշերով: Ի դեպ, բեմի դեկորացիաներն անպակաս են Աննայի համերգներին: Երգչուհու համար համերգները զուտ դասական կամ ժողովրդական չեն: Նա մշտապես փորձում է բեմադրական մաս մտցնել եւ մոնոներկայացման վերածել համերգը. “Այդ կերպ փորձում եմ ցույց տալ, որ դասական երաժիշտը այն սառը կերպարը չէ, որին մարդիկ պատկերացնում են’’: Ողջ երեկոյի ընթացքում բեմում երեք կին էր` Աննա Մայիլյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանն ու դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը: Երեք տարբեր խառնվածքի տեր կին, ովքեր տարբեր սերունդներ են ներկայացնում: Անան եւ Հասմիկը վերջերս են հանդիպել քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցող գրքի շնորհանդեսի ժամանակ եւ հենց տեղում որոշել, որ կարելի է համագործակցել: Երգչուհին Հասմիկին միայն մեկ բան է խնդրել` “չի ցանկանում, որ համերգը երաժշտական- գեղարվեստական երեկոյի վերածվի”: Հասմիկն էլ իր հերթին ասել է` նախապես չի ասի, թե ինչ է ներկայացնելու եւ կատարումների ընդմիջումների ընթացքում “կխանգարի’’ համերգի ընթացքը, որն էլ Հասմիկի` բեմում հայտնվելուց հետո թատերական մթնոլորտում ընթացավ: “Այսօր չկա Կոմիտաս, միմիայն հայկական ռոմանտիկ երաժշտություն է հնչելու’’,- երեկոյի սկզբում ասաց Աննա Մայիլյանը, ում համերգային երեկոյի ընթացքում հնչեցին միմիայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ի դեպ, համերգին ներկա էր սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում գործերից երկուսը Աննան եւս ներկայացրեց: Նշենք նաեւ, որ դահլիճում շատ էին արտասահմանից ժամանած հյուրերը, որոնց համար առաջնահերթ է հայկական երաժշտությունը: Կրկին անդրադառնալով ծննդյան տոնին` Աննա Մայիլյանը նշել է, որ ամենից հիշվող նվերը վերջերս է ստացել, այն էլ` այլ առիթով: Երգչուհին, ով նաեւ դասախոս է, ծաղկեփունջ է ստացել իր ուսանողներից մեկից, ով լսել է դասախոսության ձայնագրված տարբերակը ու հասկացել, թե որքան շատ է խանգարում Աննային դասերի ընթացքում:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: