×


Դինա

Դինա

««Թեժ անկյան» շրջանակներում ունեմ իմ սիրելի հյուրերի ցանկը» Որոշ դադարից հետո շուտով «Արարատ» հեռուստաալիքով նորից հեռարձակվելու է «Թեժ անկյուն» թոք-շոուն: Bravo.am-ը հետեւել է նկարահանումներից մեկի ընթացքին, որի ժամանակ քննարկվում էր հեղինակային իրավունքի, մտավոր սեփականության թեման, եւ մանրամասներ է պարզել հաղորդավարուհուց` Դինայից: Dina «Մեծամիտ չհնչի, բայց փողոցում անծանոթ մարդիկ ինձ անընդհատ հարցնում էին, թե «Թեժ անկյունը» ինչու եթերում չկա, նաեւ սփյուռքից ստանում էինք նամակներ, ներքին պատասխանատվություն էի զգում, որ ամեն շաբաթ դիտելուց հետո մարդիկ, իրոք, սպասում էին ծրագրին, որոշակի ընդմիջումից հետո նոյեմբերի 18-ից եթերում կլինի»,- ասում է Դինան ու ավելացնում, որ հաղորդման թեմաները հիմնականում թիմային քննարկման ժամանակ են ընտրվում. «Ինձ հետ միասին լրագրողների խումբ է աշխատում, այն ժամանակ հաճախ հեռուստադիտողների զանգերով ու առաջարկներով էին ծնվում թեմաները, մենք չենք կարող ամեն ինչի մասին իմանալ, մեզ օգնում են հենց հեռուստադիտողները»: Ծրագրի դադարի ընթացքում Դինան հեռախոսի մեջ պարբերաբար գրել է այն երեւույթների ու թեմաների մասին, որոնք կարող էին «Թեժ անկյան» թեմա դառնալ.:) «Երբ որոշեցինք ծրագիրը վերսկսել, հասկացա, որ բավական շատ թեմաների պաշար ունեմ: Արդեն մի քանի հաղորդում նկարահանել ենք: Առաջին ծրագիրը խոսքի ազատության մասին է` տպագիր, ինտերնետային լրատվամիջոցներում եւ հեռուստառադիոեթերում: Վերջին «թեժ» թեմաներից է դելֆինարիայի կառուցումը, այդ մասին էլ թողարկում կլինի»: Robert Amirkhanyan Դինան նշում է, որ մարդիկ սկանդալային ու ինտրիգային թեմաների պահանջ ունեն, բայց Հայաստանում ինտրիգներ ստեղծող հյուրերի պակաս կա. «Մեզ մոտ հյուրերին խոսեցնելը դժվար է, գալիս են նախապես մտածած տեքստերով, պատասխանում են այնպես, ինչպես մտածել են` անկախ քո հարցից: Նաեւ հյուրերի ընտրության խնդիր ենք ունենում, քանի որ ծրագրի թեժությունն ու հետաքրքրությունը կախված է հենց նրանցից: Թեպետ, ես ունեմ իմ սիրելի հյուրերի ցանկը, ովքեր անկեղծ են ու կարողանում են բանավիճել»: Հաղորդավարը հիշեց, որ նախորդ եթերաշրջանում հյուրերն այնքան «թեժ զրույցի» են բռնվել, որ ուզել են միմյանց դատի տալ, հաղորդավարին էլ որպես վկա հրավիրել. «Բայց գործը դատարան չի հասել. «հայավարի» լուծել են::) Պատահել է, որ եթերի ընթացքում իրար վիրավորել են, որը մոնտաժվել է, բայց կենդանի զրույցը առավելապես նույն ձեւով եթեր է հեռարձակվում»: «Թեժ անկյան» թողարկումները նկարահանվում են նախապես, ինչպես նշում է հաղորդավարը, զրույցի ընթացքում ամեն ինչ անկանխատեսելի է. «Թոք-շոուներն ուղիղ հեռարձակմամբ եթերում չեն լինում, որովհետեւ կենդանի զրույց ու բանավեճ է, ամեն ինչ անկանխատեսելի է, անգամ եթե տեսնում եք որեւէ թոք-շոուի ժամանակ գրվում է «ուղիղ եթեր», ապա 5-10 րոպե ուշ է հեռարձակվում»: Dina Հաղորդավարի խոսքերով` ծրագիրը բաց է բոլորի համար, ցանկության դեպքում կարող են մասնակցել նկարահանումներին ու դառնալ մասնակիցներից մեկը. «Յուրաքանչյուր մարդ, ով կարծում է, որ հետաքրքիր զրուցակից է, կարող է հավասար զրուցել մյուս հյուրերի հետ, ապա կարող է դառնալ հաղորդման հյուրը: Լսել եմ, իբր իրական պատմությունների հերոսները դերասաններ են, բայց հենց հեռուստադիտողներն են ցանկություն ունեցել իրենց կյանքի որոշ դեպքերը պատմելու»: «Թեժ անկյունից» բացի հաղորդավարը մեկ այլ հեղինակային ծրագիր սկսելու մտադրություն ունի. «Ծանրակշիռ խոսք ունեցող մարդիկ իրենց խոսքը կուղղեն երիտասարդներին, արժեքային համակարգի խնդիրների մասին է, կարեւոր ու անհանգստացնող երեւույթների մասին տարբեր սերունդներ կզրուցեն»,- ասաց նա: Դինան նշեց նաեւ, որ հաճախ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ է ստանում, բայց չի ուզում հոգնեցնել հեռուստադիտողին` ամեն տեղ երեւալով. «Ֆիլմում նկարահանվելն ինձ համար գերագույն նպատակ չէ, ինձ մոտ չկա այդ հետաքրքրությունը, ամեն մարդ թող իր գործով զբաղվի, ֆիլմերի ու սերիալների համար կան դերասաններ: Կան հայտնիներ, որոնք ամեն տեղ են ու ձանձրացնում են իրենց ներկայությամբ»: Robert Amirkhanyan, Nersik Ispiryan & Dina Մի քանի փաստ Դինայի մասին Մասնագիտությամբ հոգեբան է: Իր շնիկին` Ժյոլիին «ամուսնացրել է», արդեն 2 շուն ունի` Ժյոլին ու «դուստր» Բեբան: Ծնվել է 1984թ. հունվարի 24-ին` իր մայրիկի 20-ամյակի օրը: Հաղորդավարի ամենամեծ քննադատը մայրիկն է, տեսախցիկին նայելիս միշտ պատկերացնում է նրան, սակայն տանը չի կարողանում մայրիկի հետ միեւնույն սենյակում դիտել իր ծրագրերը::) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW