×


«Ծանր օրերը մեկ շաբաթ են տեւել». Աննա Թովմասյան

Արամեն ու Աննա Թովմասյանը նախորդ տարեվերջից վայելում են երկու երեխայի ծնողներ լինելու երջանկությունը: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է Մարատի լույս աշխարհ գալուց հետո իրենց փոխված առօրյայի, ամուսնու վերաբերմունքի մասին, եւ ոչ միայն:

Տնային հոգսերով ու երեխաների խնամքով ինքս եմ զբաղվում: Կարծում եմ՝ մեծ ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչ հասցնել: Անկեղծ կլինեմ՝ երկրորդ բալիկի ծնվելուց հետո տնային գործերում հաճախ եմ թերանում. նա խլում է իմ ամբողջ ժամանակը: Չնայած՝ աշխատում եմ օրս այնպես դասավորել, որ երեխաների խնամքի պատճառով մյուս գործերը չտուժեն: Երբ Մարատը մի փոքր մեծանա, մյուս հարցերում ավելի ակտիվ կլինեմ:

Աննա Թովմասյանը


Դայակ ունենալու մասին նույնիսկ չենք էլ մտածել. անհրաժեշտության դեպքում ինձ մայրս եւ սկեսուրս են օգնում: Կան կանայք, ովքեր աշխատում են եւ ստիպված են դայակի օգնությանը դիմել, ինչը նորմալ է, ուղղակի մի փոքր դժվար է վստահելի մարդ գտնելը, հատկապես վերջին շրջանում, երբ անընդհատ վատ բաներ ենք տեսնում ու լսում:

Տղայիս ծնվելուց հետո Արամեն էլ հաճելիորեն զարմացրել է ինձ. շատ հոգատար է դարձել: Աննա Մարիայի խնամքը վերցրել է իր վրա. առավոտյան, երբ երեխան արթնանում է, նա է հագցնում, օգնում լվացվել, միասին նախաճաշում են: Տղայիս հետ գիշերները շատ եմ արթնանում, ու նա, դա հասկանալով, առավոտյան աշխատում է հնարավորինս ուշ ինձ անհանգստացնել: Այն, ինչ ես պետք է անեմ, իր վրա է վերցրել, ինչի համար շատ շնորհակալ եմ: Եթե նրա օգնությունը չլիներ, կդժվարանայի երկու երեխայի խնամքի հարցում: Փառք Աստծո, կատարյալ հայր եւ ամուսին է, շատ հոգատար է, այս շրջանում իրեն լիովին նվիրել է երեխաներին:

Արամեն եւ Աննա Թովմասյանը


Աննա Մարիան, ի զարմանս բոլորիս, շատ լավ ընդունեց եղբորը, չի խանդում, ուշադիր է նրա նկատմամբ, հենց լացը լսում է, վազելով գալիս ու տեղեկացնում է մեզ: Անընդհատ ուզում է գրկել ու համբուրել նրան, ինչը մենք փորձում ենք սահմանափակել: Շատ զգացմունքային աղջիկ է, մեկ-մեկ սերը կոպիտ է արտահայտում, համոզում ենք, որ միայն ոտիկներն ու ձեռքերը սիրելով սահմանափակվի: Մարատի ծնվելուց հետո աղջիկս աչքիս կտրուկ մեծացել է:

Երկու երեխաներիս դեպքում էլ հղիությունս շատ թեթեւ է անցել: Շատ ակտիվ եմ եղել, ճամփորդել եմ, տան բոլոր գործերով զբաղվել: Հետծննդաբերական դեպրեսիա նույնպես չեմ ունեցել: Ինձ համար ծանր է եղել հետվիրահատական շրջանը. կեսարյան հատումից հետո դժվար էր քայլելը, երեխաների մասին հոգ տանելը, աղջկաս հետեւից վազելը: Ծանր օրերը մեկ շաբաթ են տեւել, հիմա այնքան լավ եմ, որ նույնիսկ վազում եմ դստերս հետեւից:

Երեխային չենք պահում ոչ ոքից, բայց տնից դուրս էլ դեռ չենք հանում: Այս շրջանում վարակներ են տարածված, վախենում ենք հիվանդանալուց:

Աննա Թովմասյանը


Արամեն միշտ ասում է, որ աղջիկը ճակատագրի նվերն է ծնողներին: Ինչ խոսք, տղայիս ծնվելուց հետո ամուսնուս երջանկությունը կրկնապատկվել է, ուրախությունից փայլում է: Այս պահին փորձում ենք հնարավորինս լավ հոգ տանել մեր երկու բալիկների մասին, իսկ էլի փոքրիկներ ունենալու հարցը թողել ենք Աստծոն. եթե շատանանք, միայն ուրախ կլինենք:

Այս պահին դեռ ոչինչ չեմ անում նախկին քաշիս ու կազմվածքիս վերադառնալու համար: Երբ դադարեմ կերակրելը, նոր կսկսեմ սպորտով զբաղվել ու հետեւել սննդակարգիս: Աղջկաս ծնվելուց ութ ամիս անց նախկին տեսքիս էի: Աշխատում եմ հնարավորինս լավ սնվել, որ երեխաս էլ առատ վիտամիններով կաթիկ խմի:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննա Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին