×


«Շաբաթօրյակ». Գրեմմիի հավակնորդ Օբաման, Պամելայի 4-րդ ամուսինը, ԴիԿապրիո-Դե Նիրո զույգն ու Սելին Դիոնի համերգը մոր մահից

Կյանքը պետք է վայելել ու սիրել միշտ՝ հենց սա է այս «Շաբաթօրյակի» ուղերձը բոլորին: Կապ չունի՝ քանի տարեկան եք, երբեք էլ ուշ չէ Պամելա Անդերսոնի պես նորից ամուսնանալ, Շավո Օդաջյանի նման նոր խումբ հիմնել, Շերոն Սթոունի պես չվախենալ ու անգամ հիմար ժամադրությունների գնալ ու փորձել Էմինեմից սովորել արագ ռեփ կարդալ:

Պամելայի գաղտնի հարսանիքը

52-ամյա Պամելա Անդերսոնն ամուսնացել է իր վաղեմի ծանոթներից մեկի հետ: «Մալիբուի փրկարարները» սերիալի աստղի ընտրյալը 74-ամյա կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսն է: Ամբողջովին գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ Մալիբուում:

Պամելան ու Ջոնը ծանոթացել են դեռ 35 տարի առաջ, երբ դերասանուհին առաջին քայլերն էր անում շոու բիզնեսում: Փիթերսը գնահատել է Անդերսոնի ոչ միայն գեղեցկությունը, այլ նաեւ տաղանդն ու խորհուրդ տվել մերկ չնկարահանվել, բայց վերջինս չի լսել նրան ու դարձել է Playboy ամսագրի աստղը:

Ջոն Փիթերսը եւ Պամելա Անդերսոնը


Ջոնն օգնել է սիրելիին, վճարել նրա դերասանական դասընթացների համար, օգնել հաստատվել հեռուստատեսությունում:

Դեռ այն ժամանակ պրոդյուսերն ամուսնության առաջարկություն է արել, բայց մերժում է ստացել՝ տարիքային մեծ տարբերության պատճառով:

«Ամենուր գեղեցիկ կանայք են, ես կարող էի ընտրել ցանկացածին, բայց 35 տարվա ընթացքում միայն Պամելայի մասին եմ մտածել: Նա միշտ խենթացրել է ինձ՝ լավ իմաստով, իհարկե: Նրա մեջ ավելին կա, քան առաջին հայացքից թվում է, այլապես այսքան շատ չէի սիրի: Նա ինձ ոգեշնչում է»,- խոստովանել է Փիթերսը:

Ջոն Փիթերսը եւ Պամելա Անդերսոնը


Պամելան նախկինում ամուսնացած է եղել ռոք երաժիշտ Թոմմի Լիի հետ, նրանք 2 որդի ունեն: Դերասանուհու ընտրյալներն են եղել նաեւ Քիդ Ռոկը, Ռիկ Սալոմոնը, որի հետ 2 անգամ է ամուսնացել, եւ ֆուտբոլիստ Ռամին: Փիթերսի կինն էլ եղել է դերասանուհի Լեսլի Էնն Ուորին, իսկ Բարբրա Սթրեյզանդի հետ նա հանդիպել է:

Նոր կինոմրցանակներ

Դերասաններն ամեն շաբաթ ոճային մի զգեստը մյուսով են փոխարինում եւ նոր կարմիր գորգի վրա լուսանկարվում: Նրանք պարզապես վայելում են կինոամիսն ու մրցանակների հանձնման արարողությունները:

Հերթականը SAG Awards 2020-ն է եղել ու բավական կարճ է տեւել՝ 2 ժամից մի քիչ ավելի, բայց այդ ընթացքում ինչեր ասես տեղի չեն ունեցել: Դե, Բրեթ Փիթի ու Ջենիֆեր Էնիսթոնի սիրառատ հանդիպման մասին արդեն պատմել ենք: Ինտրիգներն ու խոսակցությունները չեն դադարում նաեւ այսօր:

Ռենե Զելվեգերը


Խոսենք կինոպայքարի մասին. Ադամ Դրայվերը շարունակում է զիջել Խոակին Ֆենիքսին, Սքարլեթ Յոհանսոնը՝ ծափահարել Ռենե Զելվեգերին, որին կարծես ոչինչ չի կարող խանգարել իր 2-րդ Օսկարը ստանալ:

Որերորդ շաբաթը շարունակ լավագույն դերասանների մրցանակները ստացան Խոակին Ֆենիքսն ու Ռենե Զելվեգերը, 2-րդ պլանում էլ մրցակցությունից դուրս էին ու արձանիկներով հեռացան Բրեդ Փիթն ու Լորա Դերնը: Դերասանական լավագույն կազմի մրցանակը «Մակաբույծները» ֆիլմինն է:

«Զարմանալի միսիս Մեյզելը» սերիալի կազմը


«Գահերի խաղը» սերիալի դերասան Փիթեր Դինքլեյջը, նույն ինքը՝ Տիրիոն Լանիսթերը, 6-րդ փորձից է մրցանակ ստացել, հեռուստադրամայում էլ լավագույնը Ջեննիֆեր Էնիսթոնի խաղն է եղել: Կատակերգության լավագույն դերասանները Թոնի Շալուբն ու Ֆիբի Ուոլեր-Բրիջն են: Լավագույն դերասանական կազմը դրամատիկական սերիալում «Թագինն» է, իսկ կատակերգությունում՝ «Զարմանալի միսիս Մեյզելինը»:

Ֆենիքսի խոստովանությունը

SAG Awards-ում տղամարդու լավագույն դերի համար մրցանակ ստացած Խոակին Ֆենիքսը բեմից խոստովանել է, որ «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոքերի դերը մարմնավորած Հիթ Լեդջերն իր սիրելի դերասանն է:

Իր ելույթում նա կատակել է, որ քասթինգի ժամանակ միշտ ստիպված է եղել մրցակցել մեկ դերասանի հետ.«Միշտ զիջում էի այդ տղային: Քասթինգի ամեն տնօրեն Լեոնարդոյին էր սպասում»:



Ֆենիքսը խոսել է Քրիստիան Բեյլի կերպարանափոխումների մասին.«Ինքս այդպես երբեք չէի կարողանա»,- ասել է նա ու խնդրել Բեյլին գոնե մեկ անգամ վատ խաղալ, ինչպես նաեւ գովել Ադամ Դրայվերին ու Թերոն Էջերթոնին, որոնք եւս հավակնորդների թվում էին:

Թերոնի վարսերի գաղտնիքը

Այս շաբաթն ակտիվ էր գեղեցկուհի Շարլիզ Թերոնի համար. նախ նա այցելել է իր սիրելի հաղորդավար Ջիմի Քիմելի շոուին, որի ժամանակ պատմել է իր ամենավատ ժամադրության մասին: Դերասանուհին հիշել է, որ սկզբում ամեն ինչ լավ է ընթացել. ընթրել են, ապա տուն գնացել.«Մուտքի մոտ սկսեցինք համբուրվել, ամեն ինչ հիանալի էր: Սակայն նա կտրուկ մի կողմ քաշվեց ու ասաց, որ իր քթի հետ խաղամ»,- խոստովանել է Թերոնն ու սկսել շատ բարձր ծիծաղել:

View this post on Instagram

A post shared by Jimmy Kimmel Live (@jimmykimmellive) on

Դրանից մի քանի օր անց Շարլիզը մասնակցել է նաեւ SAG Awards-2020-ին: «Սկանդալի» դերասանուհին, ինչպես միշտ, ոճային տեսք է ունեցել, մի քիչ անսովոր է եղել նրա սանրվածքը: Քանի որ չի հասցրել ներկել մազերը, որոշել է խորամանկ քայլի դիմել ու զարդարել 15,5 հազար դոլար արժողությամբ շղթայով: Կերպարի հեղինակը Թերոնի ոճաբանն է:

Շարլիզ Թերոնը


«Ժամանակ չեմ ունեցել մազերիս արմատները ներկել»,- ժպտալով բացատրել է դերասանուհին:

ԴիԿապրիո-Դե Նիրո-Սկորսեզե եռյակը

Լեոնարդո ԴիԿապրիոն պաշտոնապես հաստատել է, որ Ռոբերտ դե Նիրոյի հետ նկարահանվելու է Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմում:

Դերասանները մեկ անգամ չէ, որ աշխատել են Սկորսեզեի հետ, բայց առանձին-առանձին: «Լուսնային ծաղկի մարդասպաններն» առաջին ֆիլմը կլինի, որտեղ Սկորսեզեի 2 սիրելի դերասանները միասին կհայտնվեն էկրանին:

Ֆիլմը լրագրող Դեւիդ Գրաննի համանուն գրքի հիման վրա է նկարահանվելու: Այն պատմում է 1920-ական թվականներին ԱՄՆ-ում նավթային տենդի ժամանակ կատարվող իրադարձությունների մասին: Ֆիլմը կներկայացնի, թե ինչպես են հանցագործ խմբավորումները, որոնք հետաքրքրված են նավթի վերամշակմամբ, Օկլահոմա նահանգում սպանում հնդկացիների ընտանիքներին:

Ռոբերտ դե Նիրոն եւ Լեոնարդո ԴիԿապրիոն


«Լուսնային ծաղկի մարդասպանները» գիրքն ԱՄՆ-ում ազգային եւ New York Times-ի բեսթսելլեր է ճանաչվել: Սկորսեզեն պլանավորում է նկարահանումները սկսել այս գարնանը:

Բելուչչիի փարիզյան սանրվածքը

Ուլյանա Սերգեյենկոյի հավաքածուի ցուցադրությունից հետո Փարիզում Dior-ի շոուն էր: Մարիա Գրացիա Կյուրին մեկ անգամ չէ, որ ֆեմինիստական թեմա է ընտրում ու փորձում պատասխանել «Ի՞նչ կլինի, եթե աշխարհը ղեկավարեն կանայք» հարցին: Գաղտնիքը բացահայտում են նոր հավաքածուի զգեստները:

Պարզվում է՝ այդ աշխարհի ապագան բոլոր առումներով փայլուն կլիներ. հավաքածուի մեծ մասը ոսկեգույն ու արծաթագույն է, չի շրջանցվել նաեւ աստվածուհիների թեման, հին հունական մոտիվները գերակշռող են:



Ցուցադրության առաջին շարքում Dior-ի ամենահայտնի հյուրերն էին: Նրանց թվում էր Մոնիկա Բելուչին: 55-ամյա դերասանուհին նոր սանրվածքով էր ու մազերի նոր գույնով: Ներկաներին դուր է եկել իտալուհու տեսքը, որը նրան յուրահատուկ հմայք է հաղորդել:

Մոնիկա Բելուչին


Իր վերջին հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ նոր ընկեր ունի, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել: «Տղամարդը, որի հետ հանդիպում եմ, այլ մասնագիտություն ունի, բայց նա շատ է ճանապարհորդում: Նրա կյանքի ռիթմը լրացնում է իմին»,- ասել է Մոնիկան:

Մայրանալ պատրաստվող Յովովիչը

Դերասանուհի Միլա Յովովիչն իր 3-րդ երեխային է սպասում: Փոքրիկի ծննդին հաշված օրեր են մնացել: Instagram-ի իր էջում դերասանուհին խոստովանել է, որ վերջին օրերն իսկական փորձություն են իր համար:

«Ձեզնից շատերը գիտեն, որ փոքրիկի եմ սպասում: Չեմ դադարում շնորհակալ լինել այն բանի համար, որ նորից մայր եմ դառնալու՝ հաշվի առնելով տարիքս: Երկու շաբաթ է մնացել, ու կողջունենք մեր փոքրիկին: Յուրաքանչյուր մայր գիտի, թե որքան ծանր է անցնում հղիության վերջին ամիսը»,- գրել է նա:

View this post on Instagram

A post shared by Milla Jovovich (@millajovovich) on

Նա պատմել է, որ սարսափելի ցավում ենք ոտքերն ու մեջքը, ամեն 15 րոպեն մեկ ստիպված է լինում զուգարան գնալ: Յովովիչն անհամբեր սպասում է, թե երբ է կարողանալու նորից մարզասրահ գնալ ու ինքնուրույն հագնել կոշիկները:

Գրեմմին մոտ է

Արդեն վաղը Լոս Անջելեսում կայանալու է Գրեմմի մրցանակաբաշխությունը: Այս տարի ամենաշատ անվանակարգերում առաջադրված են Lizzo-ն, Բիլլի Այլիշը, Lil Nas X-ը, Արիանա Գրանդեն, H.E.R.-ը ու Ֆինիս Օ'Քոնելը: Գրեմմիի համար կպայքարեն նաեւ Լեդի Գագան, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթն ու Լանա Դել Ռեյը:

Ամենաշատը Գրեմմիների հավակնում է երգչուհի Lizzo-ն՝ 8 անվանակարգում, 2-ով պակաս ունի 18-ամյա Այլիշը: Նա ամենաերիտասարդ երգչուհին է, որը Գրեմմիի է առաջադրված 4 հիմնական անվանակարգում:

Lizzo-ն


«Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում էլ կարող է հաղթող դառնալ The Grandberries In The End-ը, որի կատարող Դոլորես Օ’Ռիորդանը մահացել է 2018 թվականին՝ Լոնդոնում: Պոեզիան, աուդիոգրքերն ու պատմվածքները ներառող անվանակարգում էլ հնարավոր է՝ մրցանակը ստանա ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման՝ իր «Becoming» գրքի համար:

Լավագույն սաունդթրեքերի համար էլ պայքարում են «Մեկ անգամ Հոլիվուդում», «Առյուծ արքա», «Ռոքեթմեն», «Սարդ մարդը. Տիեզերքի միջով» ու «Աստղ է ծնվել» ֆիլմերի երգերը:

Բիլլի Այլիշը


Հավակնորդների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ Գրեմմիի պաշտոնական կայքում:

Արագության ռեկորդ Էմինեմից

Էմինեմը ռեփ կարդալու նոր ռեկորդ է սահմանել: Music to Be Murdered By ալբոմի Godzilla թրեքում նա 30 վայրկյանում արտաբերել է 226 բառ (339 վանկ): Դա վայրկյանում 7,6 բառ է կամ 11,3 վանկ:

Արագության նախորդ ռեկորդները եւս պատկանում էին Էմինեմին՝ Majesty թրեքում, որը կատարում է Նիքի Մինաժի հետ (10,3 վանկ), ու Rap God երգում (9,6):  

Իր վերջին ալբոմը նա թողարկել է մի քանի օր առաջ: Էմինեմը հրավիրված երգիչներ Անդերսոն Փակի, Էդ Շիրանի, Juice Wrld-ի հետ կատարել է 20 երգ:



Մահացել է Սելին Դիոնի մայրը

Իր ելույթի նախօրեին Սելիոն Դինոնն իմացել է մայրիկի մահվան մասին: Թերեզա Դիոնը 92 տարեկանում է հեռացել կյանքից՝ ծանր հիվանդությունից: Երգչուհին բավական ամուր է գտնվել ու չի չեղարկել Մայամիի իր համերգը, բացի այդ, ինքն է երկրպագուներին հայտնել տխուր լուրը:

 «Համոզված եմ, որ գիտեք մայրիկիս մահվան մասին: Նա 92 տարեկան էր, երկար ժամանակ է հիվանդ եղել: 2 օր առաջ նրան խնամող բուժքույրերն ասել են, որ մայրիկի հեռանալու ժամանակը մոտ է: Նախորդ գիշեր ես Մոնրեալում էի՝ եղբայրներիս ու քույրերիս հետ, միասին մենք նրա անկողնու մոտ էինք: Պատմություններ էինք հիշում ու երգեր երգում: Գրկախառնվում էինք ու հրաժեշտ տալիս նրան: Համոզված ենք՝ մայրիկը սպասում էր, որ բոլորս հավաքվենք, ու նոր մահանա»,- կիսվել է երգչուհին:



«Մայրիկը կցանկանար, որ ներկաներն իրենց կյանքում ամենալավ ժամանակն անցկացնեն»,- ասել է Սելինը: Նա խոստացել է երգել ամբողջ սրտով ու բոլոր կատարումները նվիրել է մայրիկին:

Թերեզա Դիոնը 14 երեխա է ունեցել, նա հաղորդավար է աշխատել ու ակտիվորեն բարեգործությամբ զբաղվել: Սելինը մայրիկին հաճախ էր տանում իր համերգներին ու նրա հետ լուսանկարվում կարմիր գորգերի վրա:

Օդաջյանի նոր խումբը

System of a Down ռոք-խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նոր խումբ է հիմնել, որը կոչվում է «North Kingsley»:

«Հպարտությամբ հայտարարում եմ իմ նոր խմբի մասին: Երգերը կլինեն շատ շուտով»,- Ինստագրամի իր էջում գրել է երաժիշտը:

Շավո Օդաջյանը


Օդաջյանը բացատրել է, թե ինչու է հենց այդպիսի անուն ընտրել: Բանն այն  է, որ երբ Հայաստանից Լոս Անջելես է տեղափոխվել, ապրել է North Kingsley Drive փողոցում:

«Հենց այդ փողոցում էլ ես մեծացել եմ ու ամեն ինչ բացահայտել: Այդտեղ եմ հասկացել, թե ընկերությունն ինչ է: Այն ինձ համար մեծ նշանակություն ունի: Փողոցի անունը տալիս հասկանում եմ, թե որքան եմ աճել ու ինչպիսին դարձել»,- անկեղծացել է Օդաջյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին