×


Իշխան Ղարիբյանը՝ տիկնոջ հետ

«Այժմ գիշերներն էլ տուն չեմ գնում». Իշխան Ղարիբյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանը նշանակվել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նոր աշխատանքն ու ներկայացումները համատեղելու դժվարությունների եւ այն մասին՝ արդյոք ընտանիքն էլ իր հետ Կապան կմեկնի, դերասանը պատմել է BRAVO.am-ին:

Իշխանի որդին օրերս դարձել է երկու տարեկան: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ Վահեի տարեդարձին Երեւանում է եղել.«Մեծ խնջույք չէինք կազմակերպել: Նա դեռ չի հասկանում օրվա խորհուրդը: Առիթը մեր ընտանիքի անդամներով ենք նշել, տղաս էլ նվերներ է ստացել իր երկու քույրերից: Ինչպես միշտ, Վահեն այդ օրն էլ շատ ուրախ էր»:

Իշխան Ղարիբյանի որդին՝ Վահեն


Խոսելով Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին՝ նա ասել է, որ առաջարկը ստացել է նույն թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իր ընկեր Տիգրան Աթայանից.«Երբեք մտքովս չէր անցնում, որ մի օր նման պաշտոն կունենամ: Առաջարկը ստանալուց հետո բավական երկար մտածել եմ, քանի որ երբեք կարիերիստ չեմ եղել, միշտ համեստ իմ աշխատանքն եմ արել: Բայց որոշեցի ինքս ինձ համար փորձաշրջան վերցնել, ծանոթանալ թատրոնի խնդիրներին, ներկայացումներ բեմադրել: Այդ երեք ամսվա ընթացքում երկու ներկայացում բեմադրեցի՝ «Գողերի ընտանիքը» եւ Ամանորի «Տիկին Բուքը»»,-ասել է Իշխանը եւ հավելել, որ փետրվարի 1-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

Նրանից հետաքրքրվել ենք՝ ինչպես է նոր աշխատանքը համատեղելու Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանի աշխատանքի հետ.«Ի պատիվ թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի եւ գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ այդ ամենը շատ անցավ եղավ: Նրանք սատարեցին ինձ, եւ այժմ փորձում եմ համատեղել. իմ մասնակցությամբ ներկայացումներին ես կգամ եւ կխաղամ»:

Իշխան Ղարիբյանը


Ինչ վերաբերում է ընտանիքի՝ Կապան տեղափոխվելուն, Իշխանն ասել է.«Առայժմ ինձ հետ չեն: Արձակուրդներին, իհարկե, կգան եւ կմնան, բայց այս շրջանում նման բան հնարավոր չէ. Թեհմինեն աշխատում է թատրոնում, մեր աղջիկը դպրոց է գնում: Իրականում, այս ամենի միակ ցավոտ կողմը կարոտն է: Թեեւ Երեւանում էլ հաճախ տանը չէի լինում, այժմ գիշերներն էլ տուն չեմ գնում»:

Նա նշել է, որ այս շրջանում փորձում են կազմել Կապանի թատրոնի խաղացանկը, թարմացնել տեխնիկական մասը.«Նաեւ մեր առջեւ խնդիր ենք դրել ապահովել երիտասարդ կադրերի հոսքը դեպի թատրոն, քանի որ հակառակ դեպքում այն ուղղակի կմեռնի: Բուռն ստեղծագործական ընթացքի մեջ ենք, վերջերս հանդիսատեսի դատին հանձնեցինք «Աշնան արեւ» ներկայացումը, փետրվարի 22-23-ին նախատեսված է «Քաղցած է, կատաղած եւ շատ վտանգավոր» ներկայացման պրեմիերան, իսկ փետրվարի 29-ին թատրոնի բեմում կլինի «Հեռագիրը» մոնոներկայացումը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Իշխան Ղարիբյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW