×


«Ուզում ենք՝ մեր երեխան երեւանցի լինի». Արման Նշանյանի ընտանիքը ինչպես կա

Գարնանը լույս աշխարհ կգա դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի առաջնեկը։ Արմանը եւ նրա կինը` Վիկտորյան, հստակ որոշում են կայացրել՝ երեխան պետք է ծնվի Երեւանում, հենց այդ պատճառով էլ զույգը տեւական ժամանակ է՝ բնակվում է Հայաստանում։ BRAVO-am-ը զրուցել է նրանց հետ՝ պարզելով՝ որն էր եթերից այսքան բացակայելու պատճառը, ինչպես նաեւ խոսել ենք ապագա պլաններից։

-Արմա՛ն, Վիկտորյա՛, սկսենք ուրախ մի հատվածից. շուտով ծնողներ եք դառնալու, պատրա՞ստ եք։

Արման. Իհարկե, պատասխանատվությունը մեծ է, բայց այս հարցում ինձ օգնում է այն հանգամանքը, որ Վիկայի հետ ամուսնացել եմ այն ժամանակ, երբ 38 տարեկան էի: Մեծ տարիքում ամուսնանալն իր առավելություններն ունի, օրինակ՝ պատրաստ ես լինում էժան բաներից հրաժարվել։ Ամուսնանալիս հստակ գիտակել եմ իմ դերն ու պատասխանատվությունը։ Այսօր եւս հստակ գիտեմ, թե ինչ եմ ցանկանում, որ երեխաս վերցնի այս կյանքից։ Ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, քանի որ իրենց իմաստնությունը մեծ դեր ունի այս հարցում, եւ երեխայիս նաեւ ծնողներիս փորձառությունը պետք է փոխանցեմ: Վստահ կրող եմ ասել՝ կարող եմ հանգիստ ստանձնել ծնողի պաշտոնը։

Վիկտորյա. Վախ, իհարկե, կա, բայց դրա հետ մեկտեղ ավելի մեծ է հույսը։ Վստահ եմ, որ Արմանի հասունությունը կօգնի մեզ հաղթահարել երեխայի հետ կապված որոշ դժվարություններ։

Արման Նշանյանը՝ կնոջ հետ


-Ինչպե՞ս հայտնեցիք լուրն Արմանին։

Վիկտորյա. Դեռ վաղուց մի շապիկ էի գնել, որի վրա եղած պատկերները հուշում են՝ այն կրում է հղի կինը, կամ պարզապես հուշում է լավ առիթի մասին (ժպտում է,-հեղ.)։ Որոշել էի, որ հղիության դեպքում հենց այդպես կհայտնեմ լուրը։ Հիշում եմ՝ Արմանը քնած էր, արթնացրի, տեսնելով շապիկս՝ հասկացավ ամենը, շատ հուզվեց, անգամ ոչինչ ասելու կարիք չեղավ։

Արման. Իրականում ամուսնական կյանքի առաջին տարիներին ծնողներ դառնալ չէինք պլանավորել, բայց ահա երրորդ տարին լրանալուն պես հասկացանք, որ արդեն ժամանակն է տունը նոր անդամով համալրելու։ Երեխաս շատ սպասված է, իսկ ծնող դառնալու մասին լուրն իմանալն ուղղակի աննկարագրելի հեքիաթ էր, խոսքերով պարզապես չեմ կարող բացատրել:

-Ինչո՞ւ որոշեցիք, որ այստեղ ծնվի երեխան: Շատերն այսօր հակառակն են փորձում անել։

Արման. Պատճառները մի քանիսն են. այստեղ ենք ծանոթացել, սիրահարվել, համատեղ կյանքի առաջին տարիներն այստեղ ենք անցկացրել։ Հասկացանք, որ ԱՄՆ-ում ծնվելն ուղղակի սխալ կլինի, եւ վերջ: Երեխայի՝ Երեւանում ծնվելը որեւէ կոչ չէ, այլ մեր՝ արդեն որպես ծնողի պարզ ցանկություն. ուզում ենք՝ մեր երեխան լինի երեւանցի։

Արման Նշանյանը՝ կնոջ հետ


Վիկտորյա. Երբ իմացանք այս բարի լուրը, Երեւանում էինք, իսկ հետո գործերի բերումով վերադարձանք Միացյալ Նահանգներ։ Հետաքրքիր զգացողություն կար, թվում էր՝ այդ շրջանում մեր այնտեղ գտնվելը սխալ էր, քանի որ թե՛ ես, թե՛ Արմանը ծնվել ենք Երեւանում, ուստի մտածեցինք՝ եւրեւէ պատճառ չկա, որ մեր երեխան ծնվի մեկ այլ երկրում: Վստահ եմ՝ ծնվելու վայրի հետ կապված շատ ճիշտ որոշում ենք կայացրել։

- Պարոնը Ժանը եւ տիկին Շաքեն արդեն պատրա՞ստ են ստանձնելու տատիկի եւ պապիկի պաշտոնը։

Վիկտորյա. Երբ իմացանք, որ հղի եմ, նրանց հրավիրեցինք Կասկադ՝ միասին զբոսնելու։ Շատ բարձր տրամադրությամբ գնացինք, ես ասացի՝ «Դե՛, Արման, ասա՛», Արմանն էլ ինձ ասաց՝ «Դու ասա՛», եւ նրանք հասկացան, որ շուտով տատիկ եւ պապիկ են դառնալու (ծիծաղում է,-հեղ.

-Ի դեպ, անունն արդեն որոշե՞լ եք։

Արման. Կնոջս ցանկությամբ՝ դստերս կանվանենք Շաքե։

Վիկտորյա. Չեմ կարող բացատրել՝ որքան եմ սիրում այդ անունը, եւ ինչ եմ տեսնում այդ անվան մեջ։ Երբ դեռ նոր էինք ծանոթացել, Արմանը պատմում էր իր մայրիկի մասին: Ամեն անգամ անունը լսելիս հետաքրքիր պատկերացումներ էի ունենում եւ ներքուստ որոշել էի՝ եթե աղջիկ ունենանք, անպայման կանվանենք Շաքե։

- Արամա՛ն, հոգատար ամուսին եք։

Արման. Ծնողներս եւ ծանոթներս գիտեն, որ հրեշտակ չեմ։ Ամենը պայմանավորված է Վիկայի տեսակով, խառնվածքով։ Մենք մեկս մյուսի համար ենք, գիտեք՝ չկա լավ ու վատ մարդ, կա հարմար մարդ հասկացողությունը։ Կինս ինձ համար հենց այդ հարմար մարդն է, մենք ծնված ենք իրար համար, ուստի հոգատար ամուսին չլինել պարզապես չեմ կարող։

Վիկտորյա Նշանյանը


- Գիտեմ, որ շատ տաքարյուն է Արմանը, մեկ անգամ ինքս եմ տեսել նրան զայրույթի պահին: Վիկտորյա՛, ինչպե՞ս եք կարողանում այդ պահերին հանդարտեցնել նրան։

Վիկտորյա. Ինչ-որ մեխանիզմ է մշակվել այս տարիների ընթացքում, հստակ չեմ կարող բացատրել, բայց ենթագիտակցորեն հասկանում եմ՝ ինչ ասեմ, ինչ անեմ։ Շուտ է բռնկվում, բայց նույնքան էլ շուտ հանդարտվում է։ Անգամ երբ սխալ է անում կամ սխալ բան է ասում, ինքն իր առաջ ընդունում է մեղքը։

Արման. Այնպես որ, եթե կարդում են այս հարցազրույցը մարդիկ, որոնց երբեւէ նեղացրել եմ, թող հստակ իմանան, որ զղջացել եմ այդ ամենի համար։

- Շուտով կլրանա ձեր ամուսնության 4-ամյակը: Այս ընթացքում ի՞նչ սովորեցիք միմյանցից։

Արման. Մենք հոգեւոր եւ էզոթերիկ կապերով ենք կապված միմյանց հետ։ Ասում են՝ այն ընտանիքը, որտեղ Աստված կա, այդ ընտանիքը շատ ամուր է լինում։ Հավատն ընտանիքում շատ կարեւոր է. ունենք պատասխանատվություն եւ վկայություն բարձր դատարանի առաջ։ Պետք է գտնես նրան եւ հասկանաս, որ մյուս կյանքում էլ կցանկանաս նրա հետ լինել, սա շատ կարեւոր է։ Իրականում խոսքը ֆիզիկականի մասին չէ, այլ՝ հոգեւորի, քանի որ թիվ մեկ կապը, որը պետք է լինի ամուսինների միջեւ, հոգեւոր կապն է։

Վիկտորյա. Մենք միշտ էլ միմյանց նման ենք եղել, բայց համատեղ կյանքի ընթացքում էլ ավելի ենք նմանվել։ Ես Արմանից շատ դրական ու ճիշտ բաներ եմ սովորել, քաղել. դրանք կապված են բնավորության, պահվածքի, առօրեական ինչ-որ իրավիճակներին վերաբերմունքի հետ:

Արման Նշանյանը՝ կնոջ հետ


-Արմա՛ն, գիտեմ, որ տեսահոլովակները, ֆիլմերը, որոնք նկարահանում եք, կամ որոնցում խաղում եք, մի խոսքով՝ այն, ինչ անում եք, Ձեզ դուր չի գալիս: Ինչո՞ւ։

Արման. Շատ եմ զայրանում, երբ այն, ինչ ստեղծվել է, չի համապատասխանում նրան, ինչ մտովի պատկերացրել էի: Ամեն անգամ ինչ-որ բան անելիս մտածում եմ՝ կարող էի ավելի լավ անել, սակայն գիտակցում եմ, որ ժամանակն էր քիչ, կամ էլ ֆինանսը բավարար չէր, կամ դերասանը սխալ հասկացավ որեւէ բան, կամ ես ուզել եմ մի բան, բայց չեմ կարողացել դա փոխանցել օպերատորին։ Պատճառները տարբեր են, իմ ցանկություններն ու պատկերացրածն ավելին են, քան այն արդյունքը, որը տեսնում եմ։

-«Հին արքաներ»-ից հետո մոտ 4 նախագիծ մերժեցիք, ո՞րն է պատճառը։

Արման. Ես մերժում եմ բոլոր այն նախագծերը, որոնք չունեն ասելիք։ Շնորհակալ եմ Աստծուն եւ ճակատագրին, որ ունեմ հնարավորություն նախագծեր մերժելու։ Այստեղ կարեւորն այն է, որ արտիստն իր հետ անկեղծ լինի։ Չպետք է վազել այն ամենի հետեւից, ինչը չունի մակարդակ, բայց կարող է հայտնի դարձնել։ Ուրախ եմ եւ ինձ դուր է գալիս, որ փողոցում ինձ շատ չեն ճանաչում, բայց հպարտ եմ նաեւ, որ տարբեր նախագծերով ինձ հողին չեմ հավասարեցնում։ Եթե լինի նախագիծ, որը կունենա իսկական սցենար եւ իսկական ռեժիսոր, կնկարահանվեմ, եթե չլինի, մինչեւ կյանքիս վերջ էլ չեմ նկարվի։

-«Զարմանում եմ, թե ինչպես կարելի էր այս հիմարության համար տոմս գնել եւ գալ դիտելու»՝ ասել եք Դուք մի ֆիլմի պրեմիերային, որի գլխավոր դերակատարն եք:

Արման. Փորձեմ անդրադառնալ շատ համառոտ՝ կյանքը կարճ է մեյմունությամբ զբաղվելու համար։

-Նշանյան ազգանունը Ձեզ խանգարե՞լ է, թե՞ օգնել։

Արման. Կարող եմ ասել ե՛ւ օգնել է, ե՛ւ խանգարել։ Կարծում եմ՝ արդեն անցել եմ այն էտապը, որ մարդիկ ինձ իմ ծնողներով են ճանաչում։ Իմ մասնագիտության մեջ խանգարել է. միշտ եմ ցանկացել, որ իմ աշխատանքը խոսի իմ մասին, եւ ոչ թե իմ ծնողների դերն արվեստում։ Անկախ նրանից՝ որքան է ինձ օգնել եւ խանգարել Նշանյան ազգանունը, ես ուրախ եմ եւ հպարտ, որ Ժան Նշանյան եւ Շաքե Թուխմանյան արվեստագետների որդին եմ, եւ, իհարկե, օպերային երգչուհի Աննա Նշանյանի թոռնիկը։

-Ամփոփելով զրույցը՝ ի՞նչ եք արել այս երկար դադարի ընթացքում եւ ի՞նչ անելիքներ ունեք։

Արման. «Սողոմոնի երգերը», որի ե՛ւ ռեժիսորն եմ, ե՛ւ խաղում եմ, նկարահանում էի շուրջ երեք տարի: Այն մեծ էկրան կբարձրանա ապրիլին։ Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերը օսկարակիր «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերն է։ Կա մի ֆիլմ, որի նկարահանման աշխատանքների եռուզեռի մեջ ենք, այն կթողարկվի ամենաուշը 2021 թվականին։ Ներկայացում եմ բեմադրում մայրիկի 70-ամյակի առթիվ, շատ լավ պիես է, բեմում կլինենք ես եւ մայրս. իր ցանկությունն էր, որ ես խաղամ։ Ունեմ նաեւ եւս մեկ առաջարկ՝ նոր ներկայացում բեմադրելու։ Անելիքները շատ են։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «National» հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW