×


ԿինոՊարկը ցուցադրում է «Դոքթր Դուլիթլի անհավանական ճանապարհորդությունը». պրեմիերայի ֆոտոշարքն ու հայտնի հյուրերը

Ամերիկյան արկածային նոր կատակերգություն, որի համար ուրախանալու ավելի մեծ առիթ կունենան երեխաները: Կինոթատրոնների մեծ էկրաններին է «Դիսնեյ» ընկերության նոր կինոնախագիծը՝ «Դոքթր Դուլիթլի անհավանական ճանապարհորդությունը» ֆանտաստիկ ֆիլմը, որի հայաստանյան պրեմիերան երեկ էր՝ «Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում: Այս անգամ հավատարիմ հաճախորդներն ու հրավիրված հյուրերը «ԿինոՊարկ» էին եկել իրենց երեխաների հետ, որոնց նախասրահում սպասում էր ուրախ երաժշտությունն ու համեղ հյուրասիրությունը: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, լուսանկարել հյուրերին եւ հետաքրքիր մանրամասներ պարզել նոր կինոնախագծի մասին:

Սրբուկը, Արմեն Երիցյանը` ԿինոՊարկում


«Դոքթր Դուլիթլի անհավանական ճանապարհորդությունը» նկարահանվել է Հյու Լոֆթինգի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմը պատմում է համաշխարհային ճանաչում ունեցող կերպարի՝ բժիշկ Դուլիթլի մասին: Նրա բժշկական հետաքրքրությունների շրջանակը մեծ է, սակայն նրա հիմնական հաճախորդները կենդանիներն են, որոնց լեզուն բժիշկը հասկանում է առանց որեւէ խնդրի: Չնայած մեծ փորձին ու շուրջերկրյա ճանապարհորդություններին՝ Դուլիթլը մենակյացի կյանք է վարում իր առանձնատանը՝ յոթ տարի առաջ սարսափելի փոթորիկի պատճառով կորցրած լինելով կնոջը՝ Լիլիին:

«Դոքթր Դուլիթլի անհավանական ճանապարհորդությունը» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերում` Դոքթր Դուլիթլի կերպարում, հանդես է գալիս Ռոբերտ Դաունի Կրտսերը, որին վերջին տարիներին ավելի հաճախ կարելի էր տեսնել սուպերհերոսների մասին հանրահայտ ֆիլմերում: Մյուս կերպարներում են Անտոնիո Բանդերասը եւ Մայքլ Շինը, իսկ կենդանիներին իրենց ձայներով կրկնօրինակել են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են՝ Էմմա Թոմսոնը, Թոմ Հոլանդը, Ռամի Մալեկը, Սելենա Գոմեսը, Մարիոն Քոտիյարը, Ռեյֆ Ֆայնսը եւ Օկտավյա Սփենսերը:

Րաֆֆին եւ Նելլին՝ երեխաների հետ


Իհարկե, համակարգչային գրաֆիկան մեր օրերում հրաշքներ է գործում, որի շնորհիվ էլ ֆիլմում հնարավոր է եղել ստեղծել մի զարմանահրաշ աշխարհ, որտեղ ապրում են անիմացիոն կենդանիների վառ ու գեղեցիկ կերպարները: Ֆիլմն աչքի չի ընկնում երկար երկխոսություններով, իրադարձություններն ավելի արագ են զարգանում, եւ տեւողությունն էլ այնքան երկար չէ (101 րոպե): Հետաքրքիր ու պայծառ հեքիաթ, որ նախատեսված է ընտանեկան դիտման համար: Այն միանշանակ կհիշվի եւ դուր կգա հատկապես փոքրիկ կինոսերներին:

Ֆաինա Հարությունյանը՝ դստեր հետ


«ԿինոՊարկ» կինոթատրոնի տնօրեն Արեգ Դանիելյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ դերասանական հայտնի ու սիրված կազմը, ֆիլմի հերոսների հետաքրքիր արկածները թույլ են տալիս ակնկալել, որ «Դոքթր Դուլիթլի անհավանական ճանապարհորդությունը» դիտելու են թե՛ փոքրերը, եւ թե՛ մեծերը. «Վստահ ենք, որ ֆիլմի դիտումները շատ ուրախ եւ հաճելի մթնոլորտում են անցնելու: Այնպես որ, բոլորին սպասում ենք «ԿինոՊարկ»-ում՝ ինչպես միշտ դիտելու արտասահմանյան ամենասպասված ֆիլմերից մեկը»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին