×


«Կարենի՝ իմ կյանք մտնելուց հետո ամեն ինչ փոխվեց». Անուշիկ Ալավերդյանը նշում է 32-ամյակը

Անուշիկ Ալավերդյանն այսօր նշում է 32-րդ տարեդարձը: Նախօրեին BRAVO.am-ը լուսանկարել է երգչուհուն դստեր՝ փոքրիկ Մայայի հետ, նաեւ պարզել, թե ինչպես է անցկացնելու տոնական օրը, որն է եղել կյանքի վատագույն խնջույքը, եւ թե որ հարցում է իրեն խոցելի համարում:

- Քանի տարի Ձեր ծննդյան օրը համերգով էիք նշանավորում: Այս տարին ինչո՞ւ բացառություն եղավ:"

- Այս տարի ինքս կլինեմ հանդիսատեսի կարգավիճակում. ամուսինս է նվագելու: Գնում եմ լսելու իմ սիրելի խմբերից մեկին` «The Birds»-ին: Այո, նախորդ տարվա համեմատ ավելի պասիվ է ստացվում:

Անուշիկ Ալավերդյանը՝ դստեր հետ


- Մինչեւ 32-ը ոճային կտրուկ փոփոխությունների չեք դիմել, ի՞նչ է սպասվում առաջիկայում:

- Արտաքինումս փոփոխություններ անել չեմ ցանկանում. ես վաղուց գտել եմ իմ ոճը: Անցած տարի կտրեցի մազերս, բայց չհարմարվեցի նոր սանրվածքի հետ: Իսկ ինչ վերաբերում է երգացանկիս, այս՛, պատրաստվում եմ փոփոխություններ անել: Մարդիկ անընդհատ ինձ էստրադային ոճում են տեսնում, բայց շուտով նաեւ ֆոլկ կերգեմ:

- Շարունակե՛ք միտքը. «32 տարեկանում հասկանում ես, որ...»:

- Ժամանակը շատ արագ է անցնում: Պետք է անես ամեն ինչ, որ կյանքում լավ պահեր ունենաս: Լինում են օրեր, այնպես արագ են անցնում, չես էլ նկատում: Պետք չէ ոչինչ ծանրացնել, պետք է աշխատել ապրել թեթեւ ու չփչացնել ոչ մի օր, քանի որ ժամանակն ամենաթանկ բանն է:

Անուշիկ Ալավերդյանը՝ դստեր հետ


- Կհիշե ՞ք Ձեր ամենաստացված ու չստացված ծննդյան խնջույքները:

- 18-ամյակիս խնջույքը երբեք չեմ մոռանա. այդպիսի լավ տարեդարձ մինչ օրս չեմ նշել, աննկարագրելի լավ անցավ: Դրանից մի քանի տարի անց կրկին մեծ խնջույք կազմակերպեցի, բայց այդ ծնունդս այնքան վատ անցավ, որ երեկոյան արցունքներս չէի կարողանում զսպել: Հրավիրել էի բոլոր ընկերներիս, որոնք տարբեր շրջապատներից էին, իրար չէին ճանաչում: Իրոք շատ վատ անցավ, այդ օրվանից հետո որոշեցի, որ իրար չճանաչող, տարբեր մարդկանց մեկ տեղում այլեւս չեմ հավաքի:

-Կա՞ մարդ, որի հայտնվելը Ձեր կյանքում բեկումնային է եղել:

- Ամուսնուս՝ իմ կյանք մտնելուց հետո ամեն ինչ փոխվեց: Իր հետ հանդիպումից հետո ուրիշ է ապրելակերպս. ամեն ինչ դեպի լավն է փոխվել:

- Երբ հետ եք նայում, հիշո՞ւ մ եք քայլեր, որոնց համար հիմա փոշմանում եք:

- Կան այդպիսի քայլեր՝ կապված վերաբերմունքի հետ: Եղել է, որ մարդուն վատ կամ լավ եմ վերաբերվել, ու հետո փոշմանել եմ:

Փոքրիկ Մայան


- Մեծանալու հետ մարդու հուզական դաշտը կայունանում է, իսկ նրան խոցելը` դժվարանում: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

- Տարիներն անցնում են, բայց ես իմ ներսում փոփոխություններ չեմ զգում: Այս առումով ես դեռ մեծանալու տեղ ունեմ. ինձ խոցելը, կարելի է ասել, դեռեւս այնքան բարդ չէ:

-Ինչպե՞ս է Մայան արձագանքում Ձեր ծննդյան օրվան:

- Եթե տանն եմ նշում, մոմերն ինքն է փչում: Երբ ասում եմ՝ իմ ծննդյան օրն է, նեղանում է: Երբ տորթ է տեսնում, մոմեր է փչում՝ մտածում է, թե իր ծննդյան օրն է: Այս տարի խոստացել է ինձ համար նվեր պատրաստել:

Անուշիկ Ալավերդյանը՝ դստեր հետ


- Ինչպիսի՞ ընկերներ եք Մայայի հետ:

- Ինչքան բալիկս մեծանում է եւ գիտակից դառնում, այնքան մեր ընկերությունն ամրանում է: Շատ հուզվում եմ եւ ուրախանում, որ մայր ու աղջիկ լավ ընկերներ ենք:

- Մայան կարողանո՞ւմ է Ձեր տրամադրությունը բարձրացնել:

- Այո: Երբ տրամադրություն չեմ ունենում, միանգամից նկատում է, գալիս է, համբուրում է ու ուրախացնում:

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին