×


Աննա Հակոբյանի լավագույն լուքերը. մեկնաբանում է Արմեն Գալյանը

«Պատրաստ եմ աջակցել հայ դիզայներներին ու կրել նրանց հագուստները թե՛ տեղական, եւ թե՛ միջազգային հանդիպումների ժամանակ»՝ դեռ նախորդ տարվա սկզբին այս մասին հայտնել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը հանդիսանում է նաեւ «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հետագա միջոցառումներին Աննա Հակոբյանը, ինչպես եւ խոստացել է, ներկայանում է հայկական արտադրության հագուստներով ու աքսեսուարներով՝ ամեն անգամ նախապատվությունը տալով որեւէ ապրանքանիշի: Ոճաբան Արմեն Գալյանը BRAVO.am-ի հետ զրույցում փորձել է առանձնացնել նախորդ տարվա ընթացքում վարչապետի տիկնոջ լավագույն լուքերը հայ դիզայներների հագուստներով:


Աննա Հակոբյանն ուղեկցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Նյու Յորք այցի ժամանակ

Այս լուքի հիմքը «Urbanista» բրենդի՝ գոտկատեղից լայնացող, դարչնագույն կիսաշրջազգեստն է՝ համադրված դասական սպիտակ վերնաշապիկի եւ բեժ կոշիկների հետ: «Christian Dior»-ի կողմից դեռ 50-ականներին հորինված «new look» սիլուետն է, որ ակտուալ է մինչեւ այսօր: Կերպարի էլեգանտությունն ընդգծվում է ամենադասական զարդերի տեսակով՝ մարգարտյա վզնոցով:


Գյումրիի «Ձիթողցոնց» տուն-թանգարանում արված լուսանկարներով Աննա Հակոբյանը հայկական տարազով շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ

ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Աննա Հակոբյանը որոշեց ներկայանալ տարազով, եւ այդ ֆոտոպատմության համար ընտրվեց Գյումրիի «Ձիթողցոնց» թանգարանը: Հագուստը եւ զարդերը տրամադրել էր Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը: Այստեղ համադրված են հայկական տարազի տարբեր նմուշներ, այսինքն՝ կոնկրետ որեւէ տարածաշրջանի հագուստ չէ: Սա հայ կնոջ հավաքական կերպար է: Հագեցած կանաչի եւ մուգ կարմիրի ավանդական համադրություն, որը լրացված է հայկական արծաթյա զարդերով:


Աննա Հակոբյանի լուսանկարը Կանադայում` «Getty Images»-ի ստուդիայում

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում «Getty Images»-ի կողմից արված լուսանկարներում Աննա Հակոբյանը «Faina» ապրանքանիշի զգեստով է: Ինչպես եւ առաջին լուսանկարում, զգեստի հիմքը այսպես կոչված «new look» սիլուետն է, այսինքն՝ զգեստը նեղանում է գոտկատեղի հատվածում եւ լայնանում է ներքեւում: Մուգ կապույտը համադրված է մուգ կարմիր բարակ գոտիով եւ նույն գույնի կոշիկներով: Լուքը պարզ է եւ միաժամանակ էլեգանտ:


Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի պաշտոնական դիմավորման արարողությունը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում

Այս լուսանկարում Աննա Հակոբյանը «Zargaryan» ապրանքանիշի վարդագույն թիկնոց-կոստյումով է: Պիջակի այս տեսակը շատ ակտուալ է վերջին սեզոններին: Այն միաժամանակ ներկայացնում է կոստյումի էլեգանտությունը եւ թիկնոցի վեհությունը: Շատ նորաձեւ է նաեւ կոստյումի բաց վարդագույն երանգը:


Աննա Հակոբյանը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, «World Vision Հայաստան»-ի 30-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

Մյուս լուքի դեպքում գլխավոր թրենդը անթեւ բաճկոնն է, որի հեղինակը Էրիկա Չիլինգարյանն է, նրա բրենդը կոչվում է «Պլատոն»: Այստեղ կրկին Աննա Հակոբյանին բնորոշ ոճի առանձնահատկություններն են. նա սիրում է պարզ սիլուետներ: Այս դեպքում բաճկոնը կրկին համադրված է դասական տաբատի հետ, որը շատ յուրահատուկ է ու սազում է Աննային: Ի դեպ, սեւը նրա սիրելի գույներից մեկն է հագուստի առումով:


Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարգանքի տուրք են մատուցել Վիետնամի զոհված հերոսների եւ Հո Շի Մինի հիշատակին

Այս լուքի դեպքում ամենահետաքրքիրն ասիմետրիկ օձիքն է, իսկ մուգ կարմիր գույնը շատ տեղին է այսպիսի կոստյումների պարագայում: Միաժամանակ շատ կանացի է ու նաեւ պաշտոնական: Կոստյումը «Diana Eyvonah» ապրանքանիշինն է:


Աննա Հակոբյանը՝ Տորոնտոյում «Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Եվս մի լուսանկար Տորոնտոյի կինոփառատոնից: Մինիմալիստական զգեստի հեղինակը «Ruzane» բրենդի հիմնադիր Ռուզաննա Վարդանյանն է: Զգեստն ասիմետրիկ է, ունի փոքրիկ թեւիկներ եւ Աննա Հակոբյանի ամենասիրելի դետալներից մեկը՝ բարձր օձիք: Զգեստը համադրված է շատ հետաքրքիր աքսեսուարով, խոսքն «Ooloong» ապրանքանիշի կավից պատրաստված եւ մասամբ ոսկեջրված բրոշի մասին է:

Ինչպես նկատեցիք, ընտրված բոլոր լուքերը հայ դիզայներների աշխատանքներ էին ներկայացնում: Արմեն Գալյանը մեր զրույցում կարեւորեց այդ փաստը եւ նշեց, որ այդպիսով Աննա Հակոբյանը նպաստում է տեղական արտադրանքի եւ նորաձեւության զարգացմանը.«Այդ գաղափարն, իհարկե, հիասքանչ է, եւ շատ են լինում արձագանքները տարբեր հագուստների հետ կապված: Միանշանակ այն ունի իր արդյունավետությունը, եւ դա ամեն կերպ ակնհայտ է: Հետաքրքրություն կա թե՛ հայ հասարակության, եւ թե՛ նույնիսկ զբոսաշրջիկների շրջանում»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW