Հարսանեկան դիմահարդարման մոտեցումը վերջին տարիներին արմատապես փոխվել է։ Եթե նախկինում շեշտը դրվում էր դեմքի բնական գծերը քողարկող՝ կատարյալ, բայց հաճախ «ծանր» շպարի վրա, ապա այսօր հարսանեկան դիմահարդարման գլխավոր նպատակը հարսնացուի անհատականությունն ու բնական գեղեցկությունն ընդգծելն է։
Թարմ եւ խնամված մաշկ
Այս տարվա գլխավոր ուղղություններից մեկը բնական փայլով, թարմ եւ խնամված մաշկն է։ Շեշտը դրվում է ոչ թե դիմահարդարման առատության, այլ մաշկի առողջ տեսքի վրա։
Օգտագործվում են թեթեւ եւ խոնավեցնող տոնային հիմքեր, նուրբ փայլ հաղորդող միջոցներ, վարդագույն կամ դեղձագույն այտաներկեր։ Հոնքերն էլ հիմնականում պահպանվում են բնական տեսքով՝ առանց չափազանց կոշտ ու ընդգծված գծերի։
Արդյունքում ստացվում է «ներսից փայլող» մաշկի էֆեկտ, որը հատկապես բնական է երեւում լուսանկարներում եւ տեսանյութերում։
Մեկ ընդհանուր երանգ
Հարսանեկան դիմահարդարման մեջ շարունակում է տարածվել նաեւ նույն գունային ընտանիքի երանգների համադրությունը։ Աչքերի ստվերաներկը, այտաներկն ու շրթներկը ընտրվում են միմյանց մոտ երանգներով՝ ստեղծելով ամբողջական եւ ներդաշնակ կերպար։
2026-ին հատկապես արդիական են տաք բնական, փափուկ դեղձագույն եւ վարդագույն-բեժ երանգները։
Նուրբ սմոքի
Դասական սեւ սմոքիի փոխարեն հարսանեկան կերպարներում ավելի հաճախ կարելի է հանդիպել շոկոլադագույն, սուրճի եւ տաք շագանակագույն երանգներով արված աչքերի դիմահարդարում։
Փափուկ անցումներն աչքերին հաղորդում են խորություն՝ առանց հայացքը ծանրացնելու։ Այս տարբերակը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծված, բայց միեւնույն ժամանակ նուրբ կերպար։
Հոլիվուդյան դասականի նոր շունչը
Դասական հոլիվուդյան դիմահարդարումը նույնպես շարունակում է մնալ հարսանեկան կերպարների ցանկում։ Հարթ եւ խնամված մաշկը, նուրբ ընդգծված աչքերը եւ շուրթերի շեշտադրումը շարունակում են ցանկալի համադրություն լինել։
Դիմահարդար Անի Խաչատրյանի դիտարկումները
Թեեւ համաշխարհային միտումները թելադրում են իրենց կանոնները, տեղական իրականությունում պատկերն ունի իր նրբությունները։ Հարսանեկան դիմահարդարման այսօրվա պահանջարկի եւ հայ հարսնացուների նախասիրությունների մասին BRAVO.am-ը զրուցել է դիմահարդար Անի Խաչատրյանի հետ։
«Վերջին շրջանում նկատվում է շատ գեղեցիկ հավասարակշռություն։ Հարսիկները չեն ցանկանում ամբողջովին առանց դիմահարդարման տեսք ունենալ, բայց հրաժարվում են նաեւ ծանր, դիմակի տպավորություն թողնող շերտերից»,- նշում է դիմահարդարը։
Խաչատրյանի խոսքով՝ կոշտ ու չոր, անփայլ դիմահարդարումներին փոխարինելու է եկել խնամված, «թանկարժեք» փայլով եւ թարմ մաշկի էֆեկտով դիմահարդարումը։
Դասական երեկոյան դիմահարդարումը եւս շարունակում է պահանջված մնալ, սակայն այժմ այն արվում է ավելի թեթեւ, փափուկ անցումներով եւ բնական երանգներով. «Հարսնացուներն աստիճանաբար ավելի շատ ընտրում են ընդգծված բնականությունը՝ նախապատվությունը տալով թարմությանն ու իրենց դիմագծերի բնական գեղեցկությանը»։
Ինչն է կորցրել իր արդիականությունը
2026 թվականի հարսանեկան կերպարներում արհեստական ու չափազանցված դետալներն այլեւս տեղ չունեն։ Մասնագետի դիտարկմամբ՝ ժամանակավրեպ են դարձել դիմակի տպավորություն թողնող տոնային շերտերը, ինչպես նաեւ կոշտ ու խիտ նկարված հոնքերը. «Այլեւս արդիական չէ նաեւ մուգ դիմագծումը, որը փոխում է դեմքի բնական կառուցվածքը: Դրան փոխարինելու են եկել վարդագույն կամ ծիրանագույն բնական այտաներկերը»։
Նրա խոսքով՝ նորաձեւությունից դուրս են մնացել նաեւ ծանր, արհեստական թարթիչները ու չափազանց փայլուն շուրթերը։ Փոխարենը նախապատվությունը տրվում է փունջ-փունջ, թեթեւ թարթիչներին, որոնք միայն ընդգծում են հայացքը, եւ բնական փայլ ունեցող երանգներին։
Ինչպես չսխալվել ընտրության հարցում
Դիմահարդարման ճիշտ ընտրությունը բազմակողմանի մոտեցում է պահանջում, որտեղ բոլոր մանրուքները պետք է լինեն ներդաշնակ։ «Դիմահարդարումն առաջին հերթին պետք է ընդգծի աղջկա գեղեցկությունն ու համապատասխանի նրա տեսակին, այլ ոչ թե լինի միայն այն, ինչը նորաձեւ է»,- ընդգծում է Անի Խաչատրյանը։
Եթե հարսնացուն առօրյայում գրեթե չի դիմահարդարվում, չափազանց մուգ կամ կտրուկ դիմահարդարման դեպքում նա իրեն անհարմար է զգալու։ Բացի այդ, էական է նաեւ միջավայրն ու ժամը․ բացօթյա, ցերեկային հարսանիքները պահանջում են ավելի թեթեւ, իսկ փակ, երեկոյան սրահներում անցկացվող արարողությունները՝ ավելի կայուն շեշտադրումներ։ Զգեստի ոճն ու հարդարանքը եւս պետք է մեկ ամբողջություն կազմեն հարսնացուի կերպարի հետ։ 2026-ի գլխավոր միտումը հենց սա է՝ ոչ թե փոխել հարսնացուի արտաքինը, այլ ընդգծել այն, ինչ արդեն իսկ նրա կերպարի ամենագեղեցիկ մասն է։
Պատրաստեց Լիանա Թեհմուրյանը


×
667






