×


Լուիզա Ներսիսյանը՝ դստեր հետ

«Մտածում եմ ոչ միայն իմ, այլեւ մայրիկիս մասին». Լուիզա Ներսիսյանն ինքնամեկուսացել է

Լուիզա Ներսիսյանը, ինչպես հայտնի է, մարտի 14-ին Փարիզից վերադառնալուց հետո օդանավակայանում բուժզննման ժամանակ ջերմություն է ունեցել եւ տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ անցկացրել է գիշերը: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ COVID-19-ի ախտորոշման թեստի բացասական պատասխանից հետո իրեն ավելի հանգիստ եւ ապահով է զգում:

«Ինչ խոսք, այդ գիշերն անքնության պատճառով սովորականից երկար թվաց: Բայց մեր թիմի անդամները, ինչպես նաեւ հարազատներս հասուն մարդիկ են, ոչ ոք չի լարվել, չի վախեցել: Դեռեւս Ֆրանսիայում «Women’s Club»-ի պրոդյուսերի՝ Վլադիմիր Սահակյանի առաջարկով որոշել էինք վերադառնալուն պես 14 օր ինքնամեկուսանալ՝ մեր հայրենակիցների շրջանում վիրուսի տարածումը կանխելու համար»,- պատմել է նա:

Ջերմությունը վերագրում է հոգնածությանը.«Հետազոտություններն անցել եմ, առողջ եմ եւ որեւէ գանգատ չունեմ: Գերհոգնածության եւ թռիչքի հետեւանք էր, շուտ էլ նահանջեց. հիվանդանոցում արդեն ջերմություն չունեի»:

Լուիզան նշել է, որ տնից դուրս չի գալիս.«Տան անդամներից էլ եմ հեռավորություն պահպանում: Մտածում եմ ոչ միայն իմ, այլեւ մայրիկիս մասին. հնարավոր է՝ իմ իմունիտետը բարձր լինի, բայց վնասեմ մայրիկիս: Մեր տան անդամներն օրվա ընթացքում մի քանի անգամ ջերմաչափում են անում: Հասարակ կանոններ կան, որոնց պետք է հետեւել: Դիմադրողականությունը բարձրացնելու համար էլ կոճապղպեղը, լիմոնով տաք թեյերը մեր առօրյայի մի մասն են»:

Դերասանուհին թեեւ աշխատանքի չի գնում, շարունակում է ստեղծագործել. «Այդ իսկ պատճառով սա դադար չեմ համարում: Այս մեկուսացումը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ է պետք հանդիսատեսին: Բացի այդ, ժամանակն այնքան արագ է առաջ գնում, որ չենք կարողանում ինքներս մեզ հետ մենակ մնալ, հանգստանալ եւ վերլուծել մեր կյանքը: Այժմ այդ ամենով եմ զբաղվում. ֆիլմեր եմ դիտում, երաժշտություն լսում: Հաճելի առօրյա ունեմ: Խորհուրդ եմ տալիս բոլորին օգտվել առիթից ու ճանաչել սեփական եսը, հասկանալ, թե ինչ նպատակներ ունեն»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին