×


«Ստացվեց՝ շրջապատն է հարմարվում ինձ». Վարդան Հովսեփյանը՝ նոր դերի եւ վիրահատության մասին

Կարճատեւ դադարից հետո Վարդան Հովսեփյանը եթեր է վերադառնում: BRAVO.am-ին դերասանն ասել է, որ միացել է «Շիրազի Վարդը» սերիալի ստեղծագործական թիմին:

«Շատ շնորհակալ եմ Ելենա Արշակյանին եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանին՝ ինձ չմոռանալու համար: Կերպարին վերաբերող մանրամասներ չեմ ցանկանա ներկայացնել. դեռ ինձ էլ շատ բան հայտնի չէ: Ուրախ եմ, որ նման փորձառու թիմի հետ կրկին աշխատելու հնարավորություն ունեմ: Ինչ խոսք, դժվար է կայացած նախագիծ մտնելն ու ապացուցելը, որ քո մուտքն արդարացված է, բայց կփորձեմ ամեն ինչ անել՝ ինձ սպասող հեռուստադիտողներին գոհացնելու համար»,- պատմել է Վարդանը:

Երկրում ստեղծված իրավիճակը համընկել է նրա՝ տանը մնալու մեկ այլ պատճառի հետ.«Վերջերս վիրահատական փոքր միջամտություն եմ ունեցել, ինչի համար էլ բժիշկները խորհուրդ էին տվել մեկ ամիս պասիվ օրակարգով ապրել: Ստացվում է՝ շրջապատը հարմարեցրի ինձ, ոչ թե ես նրան (ծիծաղում է,-հեղ.): Կատակը մի կողմ, փորձում ենք ամեն կերպ պահպանել արտակարգ իրավիճակի կանոնները, միայն խիստ անհրաժեշտ մթերքներ գնելու համար ենք տնից դուրս գալիս, հիգիենայի բոլոր կանոններին հետեւում ենք: Մտերիմների հետ պայմանավորվել ենք առժամանակ սահմանափակել բոլոր տեսակի շփումները՝ խուսափելով վարակի հնարավոր տարածումից»,- նշել է դերասանը:

Վարդան Հովսեփյանի ընտանիքը


Օգտվելով առիթից՝ վայելում է ընտանիքի ներկայությունը. «Այնքան շատ եմ դրսերում լինում, որ մի տեսակ կարոտել էի տանը մնալն ու ընտանիքի հետ հաճելի ժամանակ անցկացնելը: Օրը շատ արագ եւ հագեցած է անցնում. առավոտյան տղայիս հետ եմ խաղում, մինչ կինս ու մայրս տան գործերով են զբաղվում եւ համեղ ուտելիքներ պատարստում, երեկոյան միասին ընթրում ենք, հաղորդումներ կամ ֆիլմեր դիտում»:

Եվս մեկ երեխա ունենալու մասին մտածում են, բայց չեն շտապում.«Այս դարի երեխաները չափից դուրս գերակտիվ են, հիմա ավելի շատ եմ տանը մնում ու տեսնում եմ, թե ինչպես է տղաս տանջում կնոջս: Մի փոքր մեծանա, նոր երկրորդի մասին կմտածենք: Կինս մեղկ է. խնամքի ողջ հոգսն իր ուսերին է»,- եզրափակել է Վարդանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վարդան Հովսեփյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին