×


«Այդ ամենի միջով ես էլ եմ անցել». Արուս Տիգրանյան

«Կինստագրամ» hումորային նախագծի դերասանական կազմում է Արուս Տիգրանյանը. մարմնավորում է ապագա լրագրող Անուշին: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո ծանոթացել է սցենարին եւ համաձայնել: Շատ է սիրում «Սեքսը մեծ քաղաքում» սերիալը, այդ առումով 4 աղջկա գաղափարն է դուր եկել եւ այն, որ մարմնավորելու է սկսնակ լրագրողի: Առհասարակ, սիրում է նոր բաներ փորձել:

«Շատ պատահականորեն, բայց կարծես հերոսուհուս կյանքն իմ կյանքի կրկնությունը լինի: Այդ ամենի միջով ես էլ եմ անցել: Անուշը չհանձնվող աղջկա կերպար է: Իր մասնագիտական ճանապարհին բազում խոչընդոտների է հանդիպում, չի հանձնվում, փորձում է հաղթահարել եւ իր ուժերով առաջ շարժվել: Բացում է իր անձնական բլոգը, դառնում է բլոգեր: Անուշը կարիերիստ է, միշտ փնտրտուքների մեջ, ուսանողական անմեղություն եմ տեսնում: Նա դեռեւս լրագրող չէ եւ ծանոթ չէ լրագրողական նրբություններին: Շատ եմ նմանեցնում ինձ ու Անուշին: Ժամանակին ես էլ եմ դռներ թակել, բացել իմ բլոգը ու քիչ-քիչ ինչ-որ բանի հասել: Հուսամ՝ սիթքոմում հերոսուհիս շատ վատ ավարտ չի ունենա»,- ասել է Արուսը:

Արուս Տիգրանյանը


Նա նշել է, որ նախագծի, իր կերպարի մասին հիմնականում դրական արձագանքներ է լսել: Դեռեւս սուր քննադատությունների չի հանդիպել: Անուշիկի կերպարը զարգանալու է: Առաջիկայում սիթքոմի հետեւորդները կտեսնեն սիրային, հետաքրքիր ու ինտրիգային պահեր:

Ի տարբերություն Անուշի՝ հաղորդավարուհին հուզական է: Ինչպես նշել է, համալսարանում էլ խնդիրներ չի ունեցել. գերազանց է ստացել դիպլոմային աշխատանքի համար, նաեւ ավարտական քննությանը, ինչի համար հպարտ է:

Արուս Տիգրանյանը


Խոսելով գործնական նորություններից՝ Արուսը նշել է, որ մասնակցություն ունի «Արմենիա TV»-ի եւս երկու նախագծում, բայց երկրում իրավիճակի պատճառով նկարահանումները հետաձգվել են.«Եթե վիրուսն արագ նահանջի, կարծում եմ՝ կհասցնենք այս եթերաշրջանում հանձնել հեռուստադիտողին: Առաջ հումորներ էինք անում, թե բոլորս վարակված ենք: Ինձ թվում է՝ եթե վարակվեմ, ինձ ոչինչ չի լինի: Բայց անհանգստացած եմ, որ հարազատներս չվնասվեն: Ամեն դեպքում, փորձում եմ լավատես լինել»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արուս Տիգրանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին