×


Լիլի Էլբակյան. Չարածներն իրականություն դարձնել 37-ում եւ չվախենալ սխալվելուց

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք դերասանուհի եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Երբեք չեմ բարձրաձայնել, որ երազում էի նկարչուհի դառնալ (ծիծաղում է,-հեղ.) եւ ընդունվել Գեղարվեստի ակադեմիա: Բայց քանի որ լավ չեմ նկարում, երազանքս չիրականացավ: Բոլորն ինձ համարում են ժպտերես եւ ուրախ անձնավորություն, բայց մանկուց շատ ինքնամփոփ, փակ ու չշփվող եմ եղել: Երբ մեր տուն հյուր էր գալիս, մտնում էի անկողնու տակ (ծիծաղում է,-հեղ.): Շատ եմ աշխատել, որ շփվող դառնամ, բոլորին բարեւեմ, հասարակությանը պիտանի ու հասանելի լինեմ: Իմ աշխարհում ապրող տեսակ եմ, ու երբ ցանկանում եմ մտքերիս հետ միայնակ մնալ, գնում եմ իմ սիրելի վայրերից մեկը՝ Մատենադարան: Ոչ ոք չգիտի, որ այնտեղ են ծնվում իմ ռեժիսորական մտահղացումներն ու բոլոր լավ մտքերը: Սիրում եմ գրել ու մտածել այս աշխարհի մասին:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Ֆյոդոր Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ»-ն ու «Կարամազով եղբայրները» կարդալուց հետո սկսեցի մարդու հոգեբանությամբ շատ հետաքրքրվել: Դոստոեւսկին իմ սիրելի գրողներից է ու շատ է ազդել նաեւ իմ ստեղծագործական կյանքի վրա: Կառանձնացնեմ նաեւ Ամեդեո Մոդիլիանիի նկարներն ու հատկապես կնոջը նվիրված կտավները, որոնցում աչքերի միջոցով պատկերել է մարդու ողջ էությունը: Եվ 3-րդը կնշեմ Արտավազդ Փելեշյանի «Բնությունը» ֆիլմում անընդհատ սուզվող դիակի դրվագը, որը շատ ազդեցիկ է ստացվել:


- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:

- Թատրոնում եմ ծնվել, աչքերս բացել եմ՝ տեսել կուլիսներն ու այնտեղի միջավայրը: Բայց առաջինն ազնվությունն է, որի շնորհիվ քեզ այնտեղ զգում ես ինչպես տանը: Թատրոնն ինձ համար միայն ներկայացումներն ու պիեսները չեն, այլ ընդհանուր մթնոլորտը: Այն հարթակն է, որտեղ կարող եմ արտահայտել զգացմունքներս, մտքերս եւ իսկական լինել: Խաղի միջոցով բացահայտում եւ արտահայտում եմ իմ ներքինը, իսկ բեմադրելիս ասում այն ամենն, ինչ կուզեի փոխել այս աշխարհում:

- Ձեր 3 ամենասիրելի դերերը:

- Շատ դժվար է առանձնացնել, բայց կնշեմ «Դոն Կիխոտ» պիեսում Դուլսինեայի դերը, որն ուսանողական տարիներին խաղացել եմ Խամաճիկների թատրոնում: Իմ առաջին ու նաեւ հաջողություն բերած դերն է, որի համար «Արտավազդ» ստացա: Ապա շատ եմ սիրում «Դեկամերոն» ներկայացումն ու իմ կերպարը՝ Պամպինեային: Կինոյում ճակատագրական էր Չնչիկը, ինձ մեծ ճանաչում է բերել նաեւ տարիներ առաջ Կամերայինի «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման Ջիլը: Այդ շրջանում իմ լավագույն դերերից էր եւ օգնեց կարիերայում որոշակի բարձունքի հասնել:


- Սունդուկյանի անվան թատրոնում խաղալու 3 առանձնահատկություն:

- Քանի որ թատրոնը շատ մեծ է, պետք է բարձր խոսես եւ ձայնային տվյալներ ունենաս, որպեսզի կարողանաս այդ մասշտաբի մեջ տեղավորվել: Շատ բարդ ու հետաքրքիր է միաժամանակ: Սիրում եմ Սունդուկյանի բեմում խաղալ, բայց սկզբում անընդհատ թվում էր՝ ձայնս չի լսվում: Նաեւ փոքր բեմում խաղալուց հետո դժվար էր ընտելանալ նրա չափերին ու ավելի ընդգրկուն լինել՝ փոխելով խաղաոճը:

- Ծնողներից սովորած մասնագիտական գաղտնիքները:

- Նրանցից շատ բան եմ սովորել ու էլբակյանական դպրոցին լրիվ տիրապետում եմ, ինչը մի առանձին գիտություն է: Հայրս ունի իր սեփական մեթոդները: Երկուսի հետ էլ մեր կուրսերն ունենք եւ դասավանդում ենք: Հայրիկից սովորել եմ ռեժիսորական շատ գաղտնիքներ, մինչեւ անգամ լույս դնել, պիեսի շեշտադրումն անել, երաժշտության ընտրել, դերասանների հետ ստեղծագործել: Մայրիկն էլ մանրամասն է աշխատում դերասանների հետ. նրանցից շատ հմտություններ եմ յուրացրել: Մայրիկից նաեւ սովորել եմ բեմում չվախենալ տգեղ ու իսկական լինել: Ուսանողներիս սովորեցնում եմ, որ պետք չէ ամաչել բաց կամ համբույրների տեսարաններից: Նույնն է, ինչ գինեկոլոգն ամաչի իր գործից:

- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Հենց ստեղծագործելն էլ ամենահաճելին է: Դժվարությունները բազմաթիվ են. շատերին թվում է՝ որեւէ ֆիլմում նկարվելուց հետո արդեն տիրապետում են մասնագիտությանը, բայց ամենադժվարը հենց պրոֆեսիոնալ լինելն է: Թվում է՝ կվերցնես տեքստն ու կասես, բայց ամեն մի կերպար իր նրբություններն ու բնավորությունն ունի, սեփական քայլվածքը, որոնք պիտի կարողանաս գտնել: Ամեն նոր ծնվող ներկայացում բանալի ունի, պարտավոր ես հասկանալ, թե ինչպես նրանով բացել դուռը:


- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:

- Սիրում եմ Պյոտր Ֆոմենկոյին՝ նրա դպրոցն ու ուսանողներին: Կինոռեժիսորներից կառանձնացնեմ Անդրեյ Տարկովսկուն, որի ֆիլմերը մեծ ազդեցություն են գործել ինձ վրա, ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովի սիմվոլիկան է շատ տպավորել: Ժամանակակիցներից էլ Նիկոլայ Ծատուրյանն է. նրա բեմադրած «Ուիլլի, Թիթի, Ջիգ, ու երեքն էլ մի աղջիկ»-ն ազդել է իմ հետագա կյանքի ու որոշմանս վրա: Հենց այդ ներկայացման շնորհիվ որոշեցի ռեժիսոր դառնալ: Մտածեցի՝ եթե կարողանամ մի այսպիսի ներկայացում բեմադրել, ուրեմն՝ արդեն ռեժիսոր եմ:

- 3 թատրոն, որ գերել են Ձեզ:

-Կնշեմ այն թատրոնները, որոնցում չեմ խաղացել, այլ որպես հանդիսատես եմ ներկա եղել: Փոքր տարիքում շատ էի սիրում «Մետրո» թատրոնը, որտեղ մայրս աշխատում էր. ամենամեծ ու վառ տպավորություններս այնտեղից են: Ներկայիս ու անցյալի Համազգային թատրոնը, երբ դեռ խաղում էին Սոս Սարգսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ էլի շատ մեծեր, որոնք ինձ վրա հսկայական տպավորություն են գործել: Շատ ներկայացումներ սիրել եմ նաեւ «Գոյ» թատրոնում: Ռուսաստանյան թատրոններից Տագանկայում «Համլետ» եմ նայել եւ հիացել, նաեւ Ֆոմենկոյի «Երեք քույր»-ն է ազդել: Վերջերս հյուրախաղերով եղանք Ալեքսանդրինսկի թատրոնում, միայն շենքն այնքան գեղեցիկ է, որ անվերջ կարելի է նրանից խոսել:


- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ հատկությունը:

- Մարդկանց աչքերի մեջ նայելով՝ ճշմարտություններ բարձրացնելը: Արվեստով զբաղվելը մարդկանց հետ փոխհարաբերվելն է, թեեւ ես փակ եմ եղել ու ապրել իմ աշխարհում, բայց թատրոնի միջոցով այն բացում եմ մարդկանց առաջ ու իմ փորձով վարակում նրանց, արվեստի միջոցով բարին եւ լուսավորը տարածում:

- Ինչո՞վ են իրարից տարբերվում դերասանուհի ու ռեժիսոր Լիլի Էլբակյանները:

- Տարբեր մարդիկ են (ծիծաղում է,-հեղ.): Ռեժիսորն ավելի խիստ է, որոշ դերասանների կարծիքով՝ երբեմն ավելի մեծամիտ, պահանջկոտ, նյարդային, բարկացող: Մի մարդ է, ով ուզում է իր տեսլականը հասցնել ավարտին եւ այդ ժամանակ բծախնդիր է դառնում իր նկատմամբ: Ցանկանում եմ մտածածս բեմում 100 տոկոսով իրականացած տեսնել: Դերասանուհին ավելի էմոցիոնալ է, փափուկ, հնազանդ, կուրորեն հավատում է իր ռեժիսորին, փորձում քիթը նրա գործերի մեջ չխոթել: Շատ սիրում եմ խաղալ եւ կարծում եմ, որ դերասանուհի Լիլի Էլբակյանն ավելի կանացի եւ էմոցիոնալ է, իսկ ռեժիսորը տղամարդկային հատկանիշներ ունի: Հաճախ են ասում, որ բեմադրելիս նման եմ հայրիկիս, իսկ խաղալիս՝ մայրիկիս:


- Մայր լինելու ամենահաճելի կողմերը:

- Մայր դառնալու հենց առաջին օրվանից նկատեցի էգոիզմի վերացումը. այլեւս դադարում ես միայն քեզ համար ապրել եւ սկսում ես ապրել երեխաներիդ կյանքով, ուզում ես նրանց քո ունեցած ամենալավ բաները տալ: Եվ նրանք էլ իրենց հերթին ու իրենցից անկախ՝ նույնը քեզ են փոխանցում: Երեխաների հետ կարծես նորից ես սկսում կյանքն ապրել, նորից գնալ մանկապարտեզ, դպրոց, սովորել: Նրանք մանկություն են վերադարձնում. քեզ մի Փոքրիկ իշխան ես զգում, որը կարողացել է գտնել երիտասարդ մնալու գաղտնիքը:

- Իսկ մի քիչ հոգնեցնողնե՞րը:

- Ամենահոգնեցնողն այն է, որ ստեղծագործելիս, միեւնույն է, նրանց մասին եմ մտածում՝ որտեղ են, ինչ են կերել, դասերն արել են: Ուզում ես գործերդ հասցնել, կայացած մասնագետ ու միաժամանակ էլ լավ մայր լինել: Ռեժիսորը կամ դերասանուհին պիտի երեխաներ չունենա, որովհետեւ մեր մասնագիտությունը բացարձակ հակասում է ընտանիք ունենալուն. անընդհատ զբաղված ենք, խաղում ենք, հյուրախաղերի ենք, եւ այս դեպքում երեխաներն են տուժում: Կուզեի ինձնից երկուսը լինեին, որ ամեն ինչ հասցնեի (ծիծաղում է,-հեղ.):

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Երբեք նման միտք չեմ ունեցել, որովհետեւ թատրոնն այնքան շատ է եղել ու գերակշռել իմ կյանքում: Ընկերներ ունեմ, որոնք կարողանում են մի քանի արհեստ կամ մասնագիտություն համատեղել: Ինքս նորից ընտրելու դեպքում էլի այս ամենով կզբաղվեի, թեեւ կուզեի երգեցողության մեջ խորանալ, ձայնս մշակել, որովհետեւ կիթառով կիսատ-պռատ երգեր եմ գրում եւ կուզեի դրանք լավ կատարել: Չնայած համարում եմ՝ ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի եւ անի այն, ինչն ավելի լավ է ստացվում:


- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի 3 վայրերը:

- Երեւանի գրեթե ամեն թուփը սիրում եմ, թող պաթոսային չհնչի, բայց այդպես է: Ինչպես արդեն ասացի՝ ինձ համար յուրահատուկ է Մատենադարանը, նաեւ Կասկադն եմ սիրում, երբ այն մարդաշատ չէ, ու գիշերը կարող ես հետեւել լուսնին: Հաճախ եմ լինում եւ մտածում նաեւ Սիրահարների այգում եւ Կարապի լճի տարածքում: Հիմնականում բոլոր ռոմանտիկ վայրերը նշեցի (ծիծաղում է,-հեղ.): Իրականում Երեւանի հրապարակից սկսած մինչեւ ծայրամասերը սիրում եմ: Վերջերս անընդհատ հյուրախաղերի էի ու հասկացել եմ, որ ինձ միայն այստեղ եմ պատկերացնում: Տարիքի հետ ավելի եմ սիրում եւ գնահատում իմ քաղաքը:

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:

- Այնքան վատ սովորություններ ունեմ, որոնցից պետք է ազատվել: Կուզեի գիշերը քնել կարողանալ, որովհետեւ մինչեւ շատ ուշ ժամը հեռախոսի մեջ եմ՝ կարդում եմ, ֆիլմ նայում: Առավոտյան էլ վաղ եմ արթնանում՝ ժամը 6-ին, ստացվում է՝ գրեթե չեմ քնում: Երբեմն նույնիսկ դեղեր եմ խմում, որ հանգիստ քնեմ, բայց միեւնույն է՝ չի ստացվում. մտքերս խանգարում են: Եվ կուզեի կարողանալ երբեմն մարդկանց ասել այն, ինչ մտածում եմ, այլ ոչ թե ներսում պահել ու ինձ տանջել: Չեմ կեղծում, պարզապես ճշտախոս չեմ, չվիրավորելու համար ամեն ինչ չեմ կարողանում արտահայտել: Բայց սխալ եմ գործել ու պետք է սովորել այդպես վարվող մարդկանցից:


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Նոր մարդկանց չեմ հանդիպել, բոլորին մինչ այդ էլ ճանաչում էի: Բայց կնշեմ ինձ շատ տպավորած մարդկանց: Նրանցից է նկարիչ Աշոտ Բայանդուրը, որի հետ բախտ եմ ունեցել աշխատել «Պատուհան» թատրոնում: Նա հիանալի մարդ ու բեմանկարիչ է, շատ նման Դոն Կիխոտին, նաեւ գրում է: Կառանձնացնեմ «Չնչիկ» ֆիլմի օպերատոր Հայկ Կիրակոսյանին, որից շատ բան եմ սովորել: Զարմացած էի, որ մարդն այդքան կարող է տիրապետել իր մասնագիտությանը եւ միեւնույն ժամանակ էլ այդչափ հետաքրքիր լինել: Իսկ 3-րդը եղբայրս է, որով մինչեւ հիմա էլ տպավորված եմ. նրա պես մարդու այդպես էլ իմ կյանքում նորից չհանդիպեցի: Երեւի թե ենթագիտակցորեն տղամարդու մեջ այդ որակին եմ ձգտում եւ չեմ կարողանում գտնել: Էդգարը տարբերվում էր իր մտածողությամբ, բազմաժանրությամբ, մարդուն սիրելու եւ լավը տեսնելու կարողությամբ:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- (Ծիծաղում է,-հեղ.): Երեւի, առաջինը կասեն, որ մի քիչ խենթ եմ կամ գիժ, փոփոխական տրամադրություն ունեմ՝ մեկ ժամվա ընթացքում կարող եմ շատ ուրախ եւ շատ տխուր լինել: Շատերն են նաեւ նկատել, որ ապրում եմ իմ աշխարհում:  


- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Հրաժարվել եմ շատ ֆիլմերի ու սերիալների առաջարկներից, որովհետեւ թատրոնում ծանրաբեռնված եմ ու չեմ կարող ընդունել, եթե դրանք խանգարում են իմ աշխատանքին: Հրաժարվել եմ նաեւ տարօրինակ սիրո առաջարկներից (ծիծաղում է,-հեղ.):

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել վերջին շրջանում:

- «Շունչ» թատրոնից պատահական ու հաճելի առաջարկ եմ ստացվել խաղալ իրենց  «ԽառնաշTOP» ներկայացման մեջ, ապա հետները մեկնել Եվրոպա շրջագայության: Շատ հաճելի ու նոր համագործակցություն էր, ինչի համար շնորհակալ եմ: Նրանց շատ սիրեցի ու ինձ կարող եմ թատրոնի անդամ համարել, քանի որ արդեն 2 ներկայացման մեջ խաղացել եմ, կարծում եմ՝ հետագայում նորն էլ կլինի:

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Շրջագայության ժամանակ Լիոնում էինք, երբ բարձրացանք մի վայր, որտեղից ամբողջ քաղաքը երեւում է: Նստել էի աթոռին, նայում էի քաղաքին ու մտածում իմ անելիքների եւ կյանքի մասին: Հասկացա՝ աշխարհն ինչ լայն է, ու ինչքան նեղ ենք մենք: Շրջագայել շատ է պետք, որ գիտակցես՝ այլ աշխարհ էլ կա, այլ կերպ է մտածում, լրիվ այլ հոգսեր ունի: Այդ վայրը 10 րոպեի ընթացքում այնքան բաների մասին մտածել տվեց: Ամենատպավորիչ բանն էր, որ ինձ հետ պատահել է:


- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

- Մարդն անկուշտ կենդանի է (ծիծաղում է,-հեղ.), ինչքան շատ ունենա, միեւնույն է՝ մի բան պակասում է: Ինձ պակասում է այն, որ չզգամ որեւէ բանի պակասությունը: Ուզում եմ երջանիկ պահերը լիարժեք գնահատել եւ Աստծուն դրա համար փառք տալ: Այդ ամենի մասին ինձ հիշեցնում եմ ու արձանագրում նման պահերը. «Լիլի, դու երջանիկ ես»: Կարծում եմ՝ շատերին է դա պակասում. եթե կարողանանք այդ փոքրիկ քայլն անել, աշխարհը շատ ավելի լավը կդառնա:   

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Աստծուն եմ ամենաշատը շնորհակալ, որ իրեն ճանաչում եմ, որ ծնվել եմ հենց այս ընտանիքում, ունեմ այսպիսի ծնողներ ու երեխաներ, որ նույնիսկ շնիկս է հենց այդպիսին: Շնորհակալ եմ, որ ապրում եմ, կարողանում առավոտյան արթնանալ եւ տեսնել արեւը, աշխատում եմ հենց այս թատրոններում, բախտն ինձ ծանոթացրել է հենց այդ մարդկանց հետ: Շնորհակալ եմ, որ կարողանում եմ շնորհակալ լինել, գոհ մնալ ու եւ գնահատել ունեցածս:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Տարբեր բաներ կան, բայց կյանքիս այս շրջանում փորձում եմ չվախենալ, եւ եթե մի բան ուզում եմ անել՝ փորձում եմ: Սովորել եմ արածիս համար չափսոսալ եւ մտածել, որ ամեն ինչ ինձ որեւէ բան է սովորեցրել: Իսկ մասնագիտական առումով միշտ երազել եմ «Համլետ» բեմադրել, մի անգամ նույնիսկ նախաձեռնեցի, բայց կիսատ մնաց: Վախեցա, որ պիեսն ավելի իմաստուն է, քան ես էի, եւ տակից դուրս չեմ գա: Որպես ռեժիսոր կհասունանամ եւ այդ երազանքս կիրագործեմ:  


- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 20 տարեկանում:

- (Ծիծաղում է,-հեղ.): Կուզեի այնքան իմաստուն լինել, որքան հիմա եմ, չվախենալ նույնիսկ ամենափոքր երազանքներից ու բարի ցանկություններից: Ավելի ուժեղ լինել եւ չառաջնորդվել միայն էմոցիաներով, ուղեղն էլ միացնել: Բայց նաեւ հասկանում եմ, որ պետք էր անցնել այդ ճանապարհով, եւ խորհուրդ եմ տալիս չափսոսալ չարածների համար, այլ դրանք իրականություն դարձնել 37-ում եւ չվախենալ սխալվելուց:

- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:

- Երեւի հետ կնայեմ ու կասեմ՝ ապրեցի հրաշալի եւ իմաստուն, մի քիչ խելագար, բայց երջանիկ մի կյանք, եւ ուրախ եմ դրա համար: Միշտ ասում եմ՝ երբ ծերանամ, կուզեմ լռության մեջ նստել ու գրել, կարծում եմ՝ 80-ում կունենամ միայն ինձ համար ստեղծագործելու ժամանակը:  

- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Պլանները շատ-շատ են. նոր բեմադրություններ եմ պլանավորում Խամաճիկների թատրոնում ու Սունդուկյանում, «Շունչ»-ի հետ նոր համագործակցություն կլինի:  Սունդուկյանում Ժիրայր Դադասյանը բեմադրում է « Շոկոլադ ուտող զինվորը», որի գլխավոր դերում եմ: Հայրս մտադիր է «Լիր արքա» բեմադրել, դերաբաշխման մեջ կամ ու Կորդելիա կլինեմ: Հրավերներ ունեմ տարբեր թատրոններից, բայց սովորել եմ հաջորդ օրս չպլանավորել, որովհետեւ չգիտես՝ հաջորդ առավոտյան կարթնանաս, թե ոչ: Պիտի ապրել ու երջանիկ լինել այսօր, իսկ երբ բացվում է նոր օրը, հավաքել բոլոր ուժերը, ստեղծագործել եւ պատրաստ լինել նորին:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Լիլի Էլբակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին