×


«Բամբիռը» շուտով կներկայացնի «Գժի հարսանիքը»

Կուզեմ հմի ես,

Կուզեմ տեսնիմ քեզ, 

Կուզեմ կպնիմ քեզ, 

Հոտդ առնիմ ես:

Սա քառատող է «The Bambir» ֆոլկ-ռոք խմբի նոր՝ «Էրկու կես» երգից, որի տեսահոլովակն արդեն հասանելի է երաժշտասերներին: Այս տողերի նման պարզ ու մտերմիկ էլ երգի հոլովակն է, որը, չնայած իր սեւուսպիտակ գույներին, դիտողներին միայն դրական ու գեղեցիկ հույզեր է փոխանցում: Ինչպես պարզվում է՝ «Էրկու կեսը» «Բամբիռ»-ի նոր ալբոմի երգերից մեկն է, իսկ թե երբ է թողարկվելու ամբողջական երգացանկը, ինչ պրեմիերաներ են լինելու առաջիկայում եւ սպասվում է արդյոք համերգ-շնորհանդես, BRAVO.am-ը պարզել է խմբի վոկալիստ եւ կիթառահար Նարեկ Բարսեղյանի հետ զրույցում:


«Միտք ծագեց հայկական լադերով նոր երգեր գրել՝ նոր տրամադրությամբ: «Էրկու կես» երգը գրել եմ ես, տեսահոլովակը նկարահանել է մեր խմբի բասիստը՝ Արման Քոչարյանը: Ձայնագրությունը կատարել ենք «S-Temple» ստուդիայում: Փետրվարին ենք հոլովակը նկարահանել, այդ ժամանակ կարանտինը դեռ Երեւան չէր հասել (ժպտում է,- հեղ.): Սկզբում լրիվ ուրիշ միտք ունեինք՝ ավելի անիմացիոն տարբերակի, բայց հետո ստացվեց այսպիսի դրական ու պարզ տեսահոլովակ: Մանավանդ այս օրերին, երբ բոլորս փակված ենք տներում, պրակտիկությունն ու պարզությունն ավելի են մերձեցնում ինքներս մեզ հետ: Ու գուցե սովորենք ավելի քիչ սպառող լինել ու փորձենք ավելի շատ ստեղծագործել»,- ասել է Նարեկը:

«Բամբիռ» ֆոլկ-ռոք խումբը



Նրա խոսքով՝ շուտով թողարկվելու է նաեւ «Բամբիռ»-ի նոր` «Գժի հարսանիք» ալբոմը, որում ընդգրկված է լինելու տասը երգ: Այդ երգերից մի քանիսն առաջիկայում հասանելի են լինելու առցանց տարբերակով, ինչպես «Էրկու կեսը». «Հավանաբար, երկու շաբաթը մեկ պրեմիերա կունենան, իսկ ալբոմը կթողարկվի եթե ոչ ապրիլի վերջին, ապա մայիսի առաջին կեսին: Ձայնասկավառակն առայժմ հասանելի կլինի օնլայն հարթակում, հետո կտեսնենք, թե տպագրության եւ մյուս գործերն ինչպես կստացվեն: Համենայն դեպս, երգերի ձայնագրությունն ամբողջովին ավարտել ենք: Կլինեն ոչ միայն մեր գրած երգերը, այլեւ, օրինակ, Կոմիտասի գործերից մեկ-երկուսը՝ մեր մեկնաբանությամբ»,- պատմել է երաժիշտը:

Նարեկ Բարսեղյանը



Նարեկից հետաքրքրվեցինք` սպասվում է արդյոք, որ ալբոմի շնորհանդեսը կուղեկցվի նաեւ «Բամբիռ»-ի մենահամերգով: Նա նշեց, որ առաջիկայում անպայման լինելու են համերգներ.«Մենք արդեն նախատեսել էինք, թե երբ է լինելու առաջին ելույթը, բայց այն հետաձգվեց: «Ուրվական» փառատոնի շրջանակում պիտի նվագեինք: Այնպես որ, հաստատ համերգներ լինելու են»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները` The Bambir-ի ֆեյսբուքյան էջից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին