×


«Ամուսինս չի կարող բացակայել. իր աշխատանքի հետ շատ կանանց կյանքեր են կապված». Լուիզա Ղամբարյան

Լուիզա Ղամբարյանը երկրում տիրող իրավիճակին փորձում է նաեւ դրական տեսանկյունից նայել: Դրամատիկական թատրոնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ, օգտվելով առիթից, տան մաքրությամբ է զբաղվում եւ դստեր հետ հրաշալի ժամանակ անցկացնում:


«Տնային մեկուսացմանը լուրջ ենք վերաբերվում եւ փորձում ենք խիստ անհրաժեշտության դեպքում դուրսուներս անել: Միայն ամուսինս է աշխատանքի գնում, չի կարող բացակայել. իր աշխատանքի հետ շատ կանանց կյանքեր են կապված: Գուցե սա նաեւ լավ առիթ է կյանքը վերանայելու, մեր իրական անելիքներն ու մեր դերը հասկանալու համար: Պետք չէ խուճապի մատնվել. 90-ականներին ամեն ինչ ավելի վատ էր, բայց կարողացանք հաղթահարել, սա էլ մի օր որպես վատ հուշ կդաջվի մեր հիշողության մեջ: Պետք է հնարավորինս սթափ նայենք ստեղծված իրավիճակին: Խուճապն ու դրանից բխող սթրեսները կարող են ավելի վատ հիվանդությունների հանգեցնել»,- ասել է Լուիզան:

Լուիզա Ղամբարյանը



Խոստովանել է՝ տանն էլ կուտակված շատ գործ ունի.«Երբեմն ժամանակը չի էլ բավականացնում: Իրերի վերադասավորմամբ եմ զբաղվում, հաճելի երաժշտության ներքո փոշիները մաքրում, արդուկ անում: Խոհանոցում եմ շատ լինում, այս պահին էլ բուլկին հանեցի ջեռոցից, հիմա տաք ուտեստի հարցը կլուծեմ եւ կանցնեմ աղցան պատրաստելուն: Գաբիին էլ եմ ներգրավում տնային գործերում, կարեւոր է, որ աղջիկը գլուխ հանի կենցաղային հոգսերից, սովորական օրերին նա ժամանակ չունի ինձ օգնելու համար. դասերը, լրացուցիչ պարապմունքներն ու խմբակները շատ են, իսկ այս օրերին հաճույքով է կատարում հանձնարարություններս»:


Վայելում է առավոտները.«Անհիշելի ժամանակներից առիթ չէի ունեցել այսքան քնելու: Կյանքն առանց զարթուցիչի հիասքանչ է: Երբ վերջանա այս ամենը, վերալիցքավորված կվերադառնամ աշխատանքի»:

Լուիզա Ղամբարյանը՝ դստեր հետ



Ըստ Լուիզայի՝ մարդիկ հեռացել են հոգեւոր արժեքներից.«Պետք չէ միայն կենսաբանական տեսանկյունից նայել վարակի տարածմանը: Ամեն օր աղոթում եմ ընտանիքս, ազգիս եւ առսահարակ մարդկության համար»,- եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին