×


Անծանոթի անակնկալը Հասմիկ Խոջյանի 25-ամյակին

Մարտի 29-ին Հասմիկ Խոջյանը դարձել է 25 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես է անցկացրել տոնական օրն արտակարգ դրության պայմաններում, նաեւ լուսանկարներ է տրամադրել:


«Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ծննդյանս օրը սկսվեց ուղիղ կեսգիշերին, առաջին շնորհավորողներն էլ հայրիկս եւ մայրիկս էին, ովքեր պատրաստվել էին իմ «կարանտինային» տարեդարձին: Կեսգիշերին ընկերներս չկարողացան պահպանել ավանդույթն ու կողքիս եղան միայն զանգերով եւ շնորհավորանքներով»,-նշել է հոբելյարը:

Հասմիկ Խոջյանը



Նա պատմել է, որ կեսգիշերն անց նվեր է ստացել անծանոթից.«Անակնկալը ծաղիկների եւ շոկոլադի տեսքով էր: Անսպասելի էր, եւ մինչեւ հիմա անհայտ է փոխանցողը: Հաջորդ օրն առաքման տարբեր ծառայությունների միջոցով տարբեր նվերներ ու անակնկալներ ունեցա թե՛ անծանոթներից, եւ թե՛ ընկերներիցս, այդ թվում՝ եւ արտերկրում ապրող»:


Դերասանուհին նշել է, որ մեծ խնջույքներ չի սիրում կազմակերպել, բայց այս տարի որոշել էր բացառություն անել.«25-ամյակս պետք է շատ մեծ շուքով նշեի, արդեն ամեն ինչ պլանավորել էի եւ մտածել՝ վայրը, ձեւավորումը, տորթը, զգեստս, սակայն աշխարհում իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ մի քանի րոպեում: Ինձ համար հիմա շատ ցավալի իրավիճակ է, այնքան, որ եթե նույնիսկ օրենքով արգելված չլիներ, միեւնույն է՝ չէի նշի. չեմ կարող ուրախանալ, երբ աշխարհում այդքան մարդ է մահանում ամեն օր, եւ յուրաքանչյուրս կանգնած ենք վտանգի առջեւ ամեն րոպե»:

Հասմիկ Խոջյանը



Հասմիկի օրը, սակայն, միապաղաղ չի անցել.«Ընկերներիցս մի քանիսը հաճելի անակնկալ մատուցեցին՝ օրենքի սահմաններում շատ փոքրիկ խնջույք կազմակերպելով: Հաճելի է, երբ գիտակցում ես, որ նույնիսկ այս պայմաններում կան մարդիկ, ովքեր մենակ չեն թողնում քեզ»:


Դերասանուհին հավելել է նաեւ, որ 25-ամյակը հիշելի կլինի իր ամբողջ կյանքում. «Ես մեկ օրում հասկացա, թե ինչքան դժվար է լինել մենակ, թե ինչքան կարեւոր են մարդիկ, ովքեր ամեն օր կողքիս են, նրանց ես սիրում եմ, եւ նրանց շնորհիվ սիրված եմ: Եվս մեկ անգամ բախտ վիճակվեց հասկանալ, որ մարդն ամենակարեւորն է կյանքում: Տարեդարձիցս մեկ օր առաջ մտածում էի, որ մենակ եմ, եւ այդ զգացումը ոչ թե շրջապատողների բացակայությունից է, այլ իմ ներսի զգացողությունն է: Այնինչ պարզվեց, որ կան մարդիկ, ովքեր անկախ ամեն ինչից՝ կողքիս կլինեն, առաջնահերթ, իհարկե, ծնողներս»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Հասմիկ Խոջյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին