×


«Իմ խայտառակության պահին ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես». Անժելա Սարգսյանը՝ հոր մասին

Անժելա Սարգսյանը սոցցանցային գրառմամբ շնորհավորել է հայրիկի ծննդյան տարեդարձը: Այն ուղեկցվում է արխիվային լուսանկարներով, մանկության հիշողություններով, անկեղծ խոստովանություններով եւ շնորհակալությամբ:

«Ինձ կյանք պարգեւած եւ այդ կյանքը պահպանած մարդու ծննդյան օրն է։ Հայրս ունի ընդամենը 4-րդ դասարանի կրթություն (շատ վաղ տարիքից ստիպված է եղել աշխատել), բայց հզոր տրամաբանություն։ Կարդացող մարդ, ով հայոց պատմության մասնագետների հետ կարող է, հավասարը հավասարի հետ, վիճել։ Մինչեւ դպրոց գնալս, կան գրքեր՝ իմ եւ քրոջս համար հայրս է կարդացել (պառկում էինք իր թեւերի վրա քնելուց առաջ)։ Դպրոցում ստիպում էր, որ գերազանց սովորենք, այնուհետեւ 4-րդ դասարանի կրթությամբ մարդը բարձրագույն կրթություն տվեց իր 3 երեխաներին։


Հիմա կասեք՝ նորմալ է, բոլորն են էդպիսին։ Բայց իմ պապան ավելի հզոր է, քան ցանկացած ադաթ կամ թասիբ։ Երբ իր աղջկա կյանքում դժբախտությունն ուղղորդվեց խայտառակությամբ, ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես, մաքրելով իրեն խայտառակությունից՝ մերժելով կամ արհամարհելով իր զավակին (սա լավագույն դեպքում, ոմանք նույնիսկ սպանում են իրենց «պատվի» համար)։ Այլ կոտրված կյանքով աղջկան իր 5 տարեկան բալիկի հետ առավ իր թեւի տակ, պաշտպանեց, կերակրեց, վերականգնեց ու ամրացրեց, հետո թեւեր տվեց նոր թռիչքի։ Ինչի համար ամբողջ կյանքս շնորհակալ եմ իրեն ու Աստծուն։ Անհայրությունը սարսափելի խնդիր է մեր հասարակության մեջ։ Երեխաները որբանում են հորից, հատկապես աղջիկները (երեխայի ողնաշարը հայրն է)։ Այսօր ինչքան փշրված կյանքով մեծահասակներ կան, որոնց ողնաշարը կոտրված է դեռ մանկուց։ Եվ ինչքան հիմար կանայք կան, որ իրենց երեխաներին օգտագործում են նախկին ամուսնուց վրեժ լուծելու համար՝ չհասկանալով, որ կոտրում են երեխայի պաշտպանվածության զգացողությունը։

Պապ ջան, շնորհավորում եմ քեզ առաջին հերթին մարդ եւ հայր լինելու համար, թող օրհնված լինես երկար կյանքով եւ առողջությամբ։ Իսկ հետո էլ երկինքը ժառանգես մեծ պտուղներով»,-գրել է դերասանուհին:

BRAVO.am
Լուսանկարները՝ Անժելա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին