Երեկ համացանցում է հայտնվել «Դեպուտատի շոու»-ի նոր նախագծի` «Հորանց տունը» (La Casa De Papa) հումորային վեբ սերիալի անոնսը, որի դերասանական կազմում է Անդրանիկ Հարությունյանը: Հենց նրանից էլ պարզել ենք նախագծի մանրամասները:
Սցենարը գրում է Արմեն Վարդանյանը.«Նա է զբաղվում «Դեպուտատի շոու»-ի բոլոր նախագծերի սցենարական աշխատանքներով: 15-ից 17 րոպե տեւողությամբ սերիաները կցուցադրվեն յութուբյան ալիքով, շաբաթական 2 օր: Սիթքոմի ձեւաչափին շատ նման է, բայց սիթքոմ անվանել չեմ կարող: Տեսակի մեջ եզակի եւ հետաքրքիր նախագիծ է: Դիտողներին լիաթոք ծիծաղ ենք խոստանում»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անդրանիկը:
«Հորանց տունը» վեբ սերիալի նկարահանումներին
Նկարահանումները տեղի են ունենում մեծ առանձնատանը, առաջին սերիան արդեն պատրաստ է.«Հետեւում ենք պարետատան ցուցումներին, հնարավորության դեպքում էլ դիմակ ենք կրում: Դերասանական կազմում մեր ընկերներն են, ովքեր սիրով համաձայնեցին աշխատել մեզ հետ»,-նշել է Անդրանիկը, ով նախագծի համապրոդյուսերն է Զոհրաբ Հայրապետյանի, Ռաֆայել Ղազանչյանի եւ Արմեն Վարդանյանի հետ:
Քանի որ այս օրերին մեծ տարածում է գտել իսպանական «La Casa De Papel» սերիալը, կազմակերպիչները որոշել են հումորային նախագիծը վերնագրել նույն սկզբունքով, իսկ սերիալի հիմնը հանդիսացող «Բելա չաո» երգը հայկականացրել են հումորային տեքստով:
Սերիալը պատմություն է երեք եղբայրների մասին, ովքեր աշխարհի տարբեր ծայրերից` ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ 9-րդ Մասիվից, գալիս են Երեւան.«Գալիս են, որպեսզի նշեն իրենց «ընդհանուր» հայրիկի տարեդարձը, որին մարմնավորում է Լեւոն Հարությունյանը: Հայաստանցի եղբոր՝ Օնիկի դերում ես եմ, Ռուսաստանում ապրողի՝ Ռաֆայել Ղազանչյանը, իսկ ԱՄՆ-ից եկել է Գարիկ Սեփխանյանի մարմնավորած կերպարը: Օնիկը ապրում է Երեւանում՝ 9-րդ Մասիվում, տաքսիի վարորդ է: Հայկական ավանդական ընտանիք են: Հայրիկի տարեդարձից հետո եղբայրները չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության վայր, քանզի հայտարարվում է արտակարգ դրություն եւ սահմանները փակվում են»:
Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչու Ռաֆայել Երանոսյանն այս նախագծում չկա. «Նա միշտ մեզ հետ է, օգնում է նաեւ այս նախագծի հարցում: Մասնակցություն չունի, քանի որ պատրաստում է մեկ այլ նախագիծ: Ես ու Ռաֆոն պատրաստում ենք նաեւ համատեղ հաղորդում՝ հումորային ձեւաչափով լուրերի թողարկում: Շուտով կլինի նոր երգ «Դեպուտատի շոու»-ից: Կատարում ենք ես, Ռաֆայել Երանոսյանը եւ երրորդ անձը, որի անունը չեմ ասի»,-եզրափակել է Անդրանիկը:
Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անդրանիկ Հարությունյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: