×


«Տաթեւիկ Ադումյանը կարանտինի իմ ձեռքբերումն է». Նարինե Մկրտումյանը նկարահանվում է սերիալում

Երգչուհի Նարինե Մկրտումյանը միացել է «Խաբկանք» սերիալի դերասանական կազմին: Թե ինչպես է հայտնվել սերիալում, ովքեր են խաղընկերները, Նարինեն պատմել է BRAVO.am-ին:

«Երբեք առաջարկ չեմ ունեցել սերիալում նկարահանվելու: Այս անգամ էլ առաջարկ չի եղել, այլ՝ մեծ ցանկություն իմ կողմից: Սցենարիստ Անուշ Պետրոսյանի հետ խոսեցի, ասաց՝ կարեւորը հենց դա է: Քասթինգին մասնակցում էին շատ տարբեր դեմքեր՝ թե՛ հայտնի, թե՛ սկսնակ: Շատ տաղանդավոր դեմքեր կային, բայց հաջորդ օրը սցենարը ստանալիս հասկացա՝ ընտրվել եմ»,-ասել է երգչուհին:

Նարինե Մկրտումյանը


Նարինեն ներկայանում է համանուն կերպարով, նշում է՝ հերոսուհին շատ է նման իրեն.«Երբ առաջին օրը հայտնվեցի նկարահանման հրապարակում, հասկացա՝ դժվարին աշխատանք պետք է անեմ: Էկրանից ամեն բան շատ հեշտ է թվում: Առաջին անգամ եմ նկարահանվում սերիալում եւ պետք է ասեմ, որ ընդհանրապես նման չէ տեսահոլովակների նկարահանումներին: Այստեղ անհրաժեշտ է առավելագույնս անկեղծ լինել»:

Տաթեւիկ Ադումյանի մարմնավորած կերպարի՝ Էրիկայի ավագ ընկերուհու դերում է.«Հասուն, կայացած, խելառ կերպար է: Կիրթ է, զարգացած, բայց միեւնույն ժամանակ, կյանքին շատ թեթեւ եւ ուղիղ նայող, չվախեցող, ճակատին ասող, նեղացնողին նեղացնող, կոկետուհի է: Քասթինգից հետո Տաթեւն ասաց, որ իրեն հարմար է ինձ հետ խաղալ, որովհետեւ արդեն իսկ ընկերացել ենք, ես իրոք մեծ եմ նրանից: Մենք կարանտինի ընթացքում միասին ուղիղ եթեր ենք անցկացրել, շատ խենթ ու լավ եթեր էր: Սերիալում նա լսում է իմ խորհուրդները, իսկ նկարահանման հրապարակում ես եմ լսում իր խորհուրդները: Նա կարանտինի իմ մեծ ձեռքբերումն է, լույսի կտոր է, իրեն շատ եմ սիրում: Ամեն ինչ անում է, որ կադրում փորձեմ չզիջել իրեն»:

Դժվարությունները հաճույքով է հաղթահարում.«Ամեն ինչ նոր է ինձ համար՝ տեքստ հիշել, որտեղից որտեղ քայլել, այդ ամենն անկեղծ անել... Եթե նույնիսկ մի տեսարան չի ստացվում, նկարահանման անձնակազմն՝ ի դեմս ռեժիսոր Վարշամ Սաֆրազյանի, չի զլանում եւ բազմաթիվ անգամներ կրկնում է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին