Ի՞նչ երգ լսել, եթե արդեն հոգնել ես սմարթֆոնիդ չթարմացվող երգացանկից կամ նոր թողարկված երգերի բազմազանության մեջ չես գտնում ճաշակիդ ու տրամադրությանդ համապատասխան որեւէ գործ: BRAVO.am-ը ներկայացնում է անցնող շաբաթվա նոր ու հետաքրքիր երգերը, տեսահոլովակները, որոնք ոճային ու ժանրային առումով տարբերվում են միմյանցից: Այդպիսով դուք կկարողանաք առանձնացնել ձեր նախընտրելի երգերն ու դրանցից մի քանիսն ավելացնել սիրելի փլեյլիսթում:
«Նեմրա» - «Վանա ճուտիկ»
Երեխաների պաշտպանության օրը «Նեմրա» հայկական ալտերնատիվ ռոք խումբը ներկայացրել է «Վանա ճուտիկ» օրորոցայինը՝ շնորհավորելով բոլոր երեխաներին ու ծնողներին: «Հուսով ենք, որ այս դժվար ժամանակներում այս երգով ձեզ խաղաղ էներգիա կփոխացենք»,- նշված է խմբի հաղորդագրության մեջ:
«AlternatiV» - «Hold Me»
Ալտերնատիվ ժանրերում ստեղծագործող մյուս հայկական խումբը՝ «AlternatiV»-ը, որը հայտնի դարձավ դեռեւս 2016 թվականին՝ մասնակցելով «Իքս ֆակտոր 4» երաժշտական նախագծին, օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Hold Me» երգի հիման վրա: Վերջին ժամանակներում խումբն ավելի ակտիվորեն է ստեղծագործում` ներկայացնելով նոր երգեր ու հոլովակներ: Իհարկե, նրանց հաջողության գրավականներից կարող են դառնալ հեղինակային երգերն ու ինքնատիպ ոճը, որով էլ այժմ աչքի են ընկնում բոյ-բենդի տղաները:
«gorgeouz beats» - «Յայլի»
Այս շաբաթ երաժշտական նորություն ունի նաեւ «gorgeouz beats» նախագիծը, որի հեղինակը բիթմեյքեր Գոռ Ղուկասյանն է: Նրա նոր աշխատանքի համար հիմք է հանդիսացել Շողակն անսամբլի «Աստուածածնայ (Եայլի) պար» ստեղծագործությունը: Ժողովրդական եւ էլեկտրոնային ոճերի հետաքրքիր համադրություն, որը, կարելի է ասել, նորություն է հայկական երաժշտության ասպարեզում:
Լենի Կրավից - «Ride»
Ամերիկացի ռոք երգիչ, ռետրո երգերի հեղինակ Լենի Կրավիցը նոր տեսահոլովակ է ներկայացրել իր «Ride» երգի հիման վրա: Այն ընդգրկված է երգչի «Raise Vibration» ալբոմում, որը թողարկվել է 2018 թվականին: «Մենք այս հոլովակը նկարահանել ենք մի քանի ամիս առաջ՝ Ֆրանսիայում, երբ դեռ կյանքը չէր դարձել այնպիսին, ինչպիսին հիմա է»,- պատմել է Կրավիցը:
Ջասթին Բիբեր - «E.T.A.»
Ջասթին Բիբերը նույնպես այս շաբաթ երաժշտական նորություն ունի: Երգիչը տեսահոլովակ է ներկայացրել «E.T.A.» երգի հիման վրա, որն ընդգրկված է նրա վերջին՝ «Changes» ալբոմում: Բիբերն իր նոր ձայնասկավառակը նվիրել է կնոջը՝ Հեյլի Բոլդուինին: Տեսահոլովակի մեկնաբանություններում երկրպագուներից շատերը նշել են, որ իսկապես սիրում են այս նոր Ջասթինին, որը սիրահարված է իր կնոջն ու բնությանը:
Վայնոնա Օուք եւ Ռոբին Շուլց - «Oxygen»
Շվեդ երգչուհի Վայնոնա Օուքը եւ գերմանացի դիջեյ Ռոբին Շուլցը հանդես են եկել համատեղ սինգլով: Նրանք իրենց «Oxygen» երգի հիման վրա ներկայացրել են նաեւ տեսահոլովակ, որն այս շաբաթվա հիթերի շարքում է: Օգտատերերից մեկը հոլովակի մեկնաբանություններում նկատել է՝ «Այս երգն արժանի է, որ հնչի ամենուրեք»:
Էլլա Էյր - «L.O.V.(e).»
Շարունակվում է կարանտինային տեսահոլովակների շարքը, եւ այս անգամ նոր սինգլով ներկայացել է բրիտանացի հայտնի երգչուհի Էլլա Էյրը: Նա տնային պայմաններում նկարահանված հոլովակ է թողարկել՝ «L.O.V.(e).» երգի հիման վրա, որում ինքն ու երկրպագուները զվարճանում են տեսախցիկի առջեւ: Երաժշտասերները նկատել են, որ այսօր բոլորին էլ պետք են նման դրական հույզեր, ինչպիսին փոխանցում են Էլլայի երգն ու հոլովակը:
Machine Gun Kelly - «Killing in the Name»
Ռեփ, ռոք, ալտերնատիվ հիփ-հոփ ժանրերում ստեղծագործող ամերիկացի երգիչ Machine Gun Kelly-ն օրեր առաջ քավեր կատարմամբ ներկայացրել է «Rage Against the Machine» ռոք-խմբի «Killing in the Name» երգը, որի հեղինակային տարբերակը թողարկվել է 1992 թվականին: Երգի եւ տեսահոլովակի համար հիմք են հանդիսացել զանգվածային բողոքի ցույցերը, որ օրեր շարունակ ընթանում են ԱՄՆ-ում՝ ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Երգիչն ինքն էլ ակտիվորեն մասնակցում է այդ ցույցերին` ի աջակցություն սեւամոթների իրավունքների պաշտպանությանը: «Նրանք գրել են այս երգը 1992-ին: Անցել է 28 տարի, եւ ամեն բառը դեռ արդիական է»,- նշված է MGK-ի հոլովակի մեկնաբանության մեջ:
«Դելֆին» - «Лето»
«Դելֆին» բեմական անվամբ հանդես եկող ռուս պոետ եւ երաժիշտ Անդրեյ Լիսիկովը սկանդալային նոր տեսահոլովակ է ներկայացրել «Лето» երգի հիման վրա, որն ընդգրկված է նրա վերջին՝ «Край» ալբոմում: Հարժեշտ բռնակալներին` այսպես կարելի է նկարագրել հոլովակը, որտեղ օգտագործված են իրական կադրեր տարբեր երկրների առաջնորդների հուղարկավորության տեսագրություններից:
«IOWA» - «Потанцуй со мной»
Ռուսական հայտնի «IOWA» խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Потанцуй со мной» երգի հիման վրա: Տաք ու պարային հոլովակը մի արեւմտյան պատմություն է ներկայացնում, որտեղ փխրուն, բայց ուժեղ ոգով հերոսուհին ներգրավված է վայրի Արեւմուտքի տղամարդկանց աշխարհում: Այստեղ նա ստիպված է ե՛ւ պարել, ե՛ւ կրակել` հստակ ուրվագծելու համար իր տարածքը եւ վերջում հայտնվելու սիրելիի գրկում: Ավելի լավ է` ինքներդ դիտեք:):
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: