BRAVO.am-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել հայտնիների դպրոցական հուշերը՝ սիրելի առարկաներից մինչեւ ամենազվարճալի պատմություններ, առաջին սեր ու խոստովանություն: Մեր «մատյանում» հաջորդն Իննա Խոջամիրյանն է. դերասանուհին հասցրել է 3 դպրոց փոխել տարբեր քաղաքներում, ավարտել է Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցը:
- Իննա, դպրոցում ո՞ր առարկան էր, որ չէիք հասկանում, բայց շարունակում էիք խելոք հայացքով լսել ուսուցչուհուն:
- Երեւի թե քիմիան. շատ եմ սիրել այդ առարկան, բայց դե, ամեն մեկի խելքի բանը հո չի (ծիծաղում է,-հեղ.):
- Իսկ ո՞ր առարկայից ունեիք ամենաբարձր թվանշանները:
- Գլուխ չեմ գովի, գուցե հենց ուսուցիչներս փաստեն՝ լավագույն աշակերտներից եմ եղել միշտ:
Իննա Խոջամիրյանը
- Ձեր ամենասիրելի ուսուցչուհին:
- Տաշիր քաղաքի դպրոցում իմ ֆավորիտը միշտ մաթեմատիկայի ուսուցիչս է եղել` Խանաղյան Արմենը: Նրա շնորհիվ ինձ համար ամենաձանձրալի առարկան դարձավ տարերք: Ստեփանավանում ամենասիրելին դասղեկս էր՝ Վանցյան Անին՝ համեստության, կանացիության եւ ժուժկալության մեծագույն մարմնավորում:
- Դասից փախուստ նախաձեռնողների խմբում Ձեր անունը կա՞ր:
- Միշտ. լավագույն աշակերտներից էի եւ լավագույն ավազակներից:
- Միջադեպ, որի պատճառով մինչ օրս կարմրում եք:
- Հիշում եմ՝ մի օր պլանավորեցինք հաջորդ առավոտյան տնից դուրս գալ եւ դպրոց գնալու փոխարեն դասարանով փախնել գնալ Սբ. Նշան արվարձանային մատուռը: Իհարկե, բռնվեցինք ու մեկական ապտակ էլ ստացանք (ժպտում է,-հեղ.):
Իննա Խոջամիրյանը
- Ձեր դասարանը նույնպե՞ս դպրոցի ամենաչար դասարանն էր, որին բոլորը սիրում էին:
- Երեք դպրոցից երկու հիշարժան դասարան եմ ունեցել, որոնք տարիների ընթացքում գլխումս միաձուլվել են: Երկուսն էլ շատ էի սիրում, բայց երկրորդն ավելի չար էր:):
- Ձեր ամենամտերիմ դասընկերոջ հետ այժմ շփվո՞ւմ եք:
- Այո: Ժամանակի սղության պատճառով հաճախ չենք շփվում, բայց կապը միշտ կմնա. Անուշավանն իմ հին ու բարի մտերիմը կմնա բոլոր ժամանակներում:
- Սիրահարվե՞լ եք դասընկերոջը:
- Այո, ավագ դասարանում սիրահարվեցի դասընկերոջս: Մի քանի տարի ընկերություն արեցինք: Եթե հիմա պատահմամբ կարդում է սա՝ ի սրտե երջանկություն ու սեր եմ մաղթում, բարի հիշողություններ ունեմ:
- Խոստովանե՞լ եք, կամ առաջին խոստովանությունը Ձեզ:
- Առաջին խոստովանությունը 8-րդ դասարանում արեցին. «կարմիր կոշիկներով» տղան էր: Մեր դասարանի դիմացի պատին իմ ու իր անունների առաջնատառերն էր գրել. այնքան լաց եղա, մեծ վեճ դարձավ (ծիծաղում է,-հեղ.):
Իննա Խոջամիրյանը
- Ամենաջերմ հիշողությունը դպրոցից:
- Բոլոր հիշողություններս ջերմ են: Նույնիսկ հիմա ինչ պատմում եմ, լայն ժպիտով եմ պատմում:
- Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքն առաջին դասարանցիներին:
- Առաջին դասարանում իմ գերխնդիրը կարող էր կոշիկներիս փոշոտվելը կամ տետրիս ճմրթվելն ու ծալվելը լինել: Ուզում եմ ասել՝ մեծ ու բարդ ճանապարհ է սպասվում. պետք է կոփվել, զինվել եւ ամենակարեւորը՝ լավ սովորել: Գիտելիքն ամենամնայուն արժեքներից է կյանքում:
Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Իննա Խոջամիրյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: