Մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ավանդական» արտաքին տեսքը Իտալիայում գեղեցկության չափանիշների մասին համընդհանուր քննարկումների առիթ է դարձել: Նրա՝ հանկարծակի ուշադրության կենտրոնում հայտնվելուն նպաստել է «Gucci»-ի կազմած աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների ցանկում ընդգրկվելը, որն ավելի ուշ պարզվեց, որ գոյություն չունի:
Իտալական մամուլում Արմինեն դարձավ բացասական եւ ատելություն արտահայտող մեկնաբանությունների թիրախ ոչ միայն արտաքին տեսքի, այլեւ՝ մոդելային հմտությունների դիտանկյունից:
Երկար քթով, խիտ հոնքերով եւ խոր, մուգ աչքերով մոդել. այսպես է նկարագրում «Forbes»-ը 23-ամյա հայուհուն եւ նշում, որ «Gucci»-ի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միքելեի ընտրությունը չպետք է զարմացներ, քանի որ արդեն մի քանի տարի շարունակ նա իր շոուներում նախընտրում է ներառել գեղեցկության չգրված չափանիշներ ունեցող մոդելների: Այնուամենայնիվ, «Gucci»-ի հայ մոդելը դարձավ «բոդի-շեյմինգի» զոհ, քանի որ նրա արտաքին տեսքն այնպիսին չէ, ինչպիսին սոցիալական հարթակը ստիպում է հասարակությանը գեղեցիկ համարել: Օրինակ՝ Instagram սոցիալական ցանցը մշակում է գեղեցկության այնպիսի չափանիշներ, որոնք մարդկանց աչքերում բազմազանության համար քիչ տեղ են թողնում:
Արմինե Հարությունյանը
Ի պատասխան բացասական ալիքի՝ Արմինեն «La Repubblica» պարբերականի հետ զրույցում խոսել է արտաքինի չափանիշների եւ դրանց հնարավոր բազմազանության մասին.«Մարդիկ վախենում են այն ամենից, ինչը տարբեր է. ինձ համար գեղեցիկ լինելու շատ տարբեր ձեւեր կան»:
Մոդելը նշել է՝ առաջին անգամ չէ, որ բացասական մեկնաբանություններ է ստանում իր արտաքինի վերաբերյալ. պարզապես անտեսում է դրանք: «Ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին՝ ընդունված լինելու համար»,- նշել է հայուհին եւ խորհուրդ տվել մարդկանց կենտրոնանալ սեփական անձի վրա, հասկանալ՝ ինչ են իսկապես սիրում այս կյանքում:
Պարբերականը գրում է՝ նույնիսկ նրանք, ովքեր, հպարտանալով իրենց «ազատախոհությամբ», գովերգել են Արմինեի «ոչ ավանդական» գեղեցկությունը, ամրապնդել են սահմանված գեղեցկության սահմանափակ չափանիշները: Գուցե նորաձեւությունը ճանապարհ է ստեղծում գեղեցկության նոր ու բազմազան ընկալման համար, սակայն այս դեպքը հաստատեց՝ Իտալիան դեռ պատրաստ չէ դրան:
Պատրաստեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Forbes.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: