×


Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից. ինչ քայլեր կձեռնարկի ԿԳՄՍՆ-ն

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Դրախտի դարպասը», հանվել է Մոսկվայի 42-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրից:

Այն ցուցադրվելու էր հոկտեմբերի 4-ին, սակայն փառատոնի նախօրեին ֆիլմի ստեղծագործական թիմը ստանում է նամակ, ըստ որի՝ «Դրախտի դարպաս»-ի ցուցադրությունը չի կայանա: Կինոփառատոնի կայքից արդեն իսկ ջնջված է ֆիլմի մասին տեղեկությունը, թեեւ Google-ի արխիվը ցույց է տալիս, որ նախկինում եղել է:

Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց ստացած նամակում նշվում է՝ Հայաստանում տիրող իրավիճակի պատճառով «Դրախտի դարպասը» չի կարող ցուցադրվել կինոփառատոնին:

«Հույս են հայտնել, որ մեր երկրում կատարվող իրադարձությունները շուտ կհանդարտվեն, եւ արդեն այդ ժամանակ կկարողանան մեր գեղեցիկ ֆիլմը ցույց տալ աշխարհին: Մենք էլ պատասխան նամակ ուղարկեցինք՝ խնդրելով, որպեսզի վերանայեն որոշումը, քանի որ ֆիլմի ցուցադրությունը շատ կարեւոր է մեզ համար»,-ասել է պրոդյուսերը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի պաստառը


Խնդիրն արձագանք է գտել նաեւ Մոսկվայի կինոաշխարհում. կինոքննադատ Ալեքսեյ Մեդվեդեւը գրել է.«Եթե կարծում եք, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնն իր որոշմամբ վիրավորել է միայն Հայաստանին, սխալվում եք. ցանկն ավելի մեծ է. «Դրախտի դարպասը» ֆիլմի համաարտադրողներն են Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չեխիան, Բուլղարիան եւ ԱՄՆ-ն: Դե, ինչ, վատ քայլ չէ Ռուսաստանի հեղինակությունն աշխարհում բարձրացնելու համար: Այս որոշումը կայացնողներին առաջարկում եմ բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի ֆիլմի ցուցադրությունը վերականգնվի»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հայտնել է, որ այսօր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի, կինոլորտի պատասխանատուների հետ քննարկելու են այս խնդրի առնչությամբ իրենց քայլերը:

«Մերժելի եւ արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական եւ գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշել է Արա Խզմալյանը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին