Մոսկվայի 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հոկտեմբերի 4-ին կցուցադրվի Ջիվան Ավետիսյանի՝արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ կինոնկարը: Ընտրող հանձնաժողովն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել «Դրախտի դարպասը» ֆիլմին, որը կցուցադրվի կինոփառատոնի պաշտոնական, արտամրցութային ծրագրում։
Համավարակը շարունակում է սահմանափակել եւ խոչընդոտել մշակութային իրադարձությունների բնականոն ընթացքը, եւ ռեժիսորներից շատերը, ինչպես նաեւ Ջիվան Ավետիսյանը ներկա չեն լինի իրադարձությանը: Չնայած սրան՝ նա մեծ հաջողություն է համարում նման հարթակում իր աշխատանքի լուսաբանումը:
«Օրեր առաջ տեղեկացանք, որ ֆիլմն ընդգրկված է փառատոնի պաշտոնական ծրագրում: Թեեւ մրցութայինում չենք, սակայն սա եւս ոգեւորող է: Հանգամանքների բերում հնարավորություն չունեմ անձամբ ներկա լինելու, չնայած որ պաշտոնապես հրավիրված եմ, սակայն ուրախ եմ, որ դերասաններից Տատյանա Սպիվակովան Փարիզից եւ Նաիրա Զաքարյանը Նյու Յորքից ներկա կլինեն. նրանք նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ են»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է ռեժիսորը:
«Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի Մոսկվայի 42-րդ միջազգային կինոփառատոնում
Ջիվան Ավետիսյանը շարունակում է զուգահեռաբար աշխատել մի քանի նախագծերի ստեղծման վրա, որոնցից առանձնացրել է «Սեւ ցուցակը»: 8 կամ 12 մասից բաղկացած ֆիլմի սյուժեի հիմքում ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության պատմությունն է:
Ռեժիսորը տեղեկացրել է, որ աշխատանքներում Լապշինը եւս ընդգրկված է. «Կցանկանամ առանձնացնել նաեւ մեր սցենարիստին՝ հայտնի ամերիկյան անուն, որը դեռեւս չեմ բարձրաձայնի: Ուժեղ թիմ է հավաքվել: Դերասանական կազմը դեռեւս ընտրված չէ. թեկնածուների հետ բանակցությունները կսկսվեն նոյեմբերին՝ Լոս Անջելեսում, որտեղ մեզ կմիանան նաեւ մեր ամերիկացի գործընկերները: Նկարահանումների տարածքային շրջանակը այս անգամ եւս բավական ընդգրկուն է լինելու. դրանք իրականացվելու են ինչպես արտերկրում, այնպես էլ՝ Հայաստանում եւ Արցախում»:
Եվս մեկ ֆիլմ, որը դեռեւս խմորման փուլում է, հանդիսատեսին կպատմի 90-ականների Արցախի մասին։
«Երրորդ նախագիծը, որի վրա այժմ աշխատում ենք, «Երկու տոմս դեպի Արիզոնա»-ն է: Ֆիլմը պատմելու է չորս պատանիների մասին՝ ներկայացնելով Արցախի կյանքը 1994-98թթ.-ին: Նախագծի առաջին քայլերը նախատեսվում են արդեն հաջորդ տարի՝ Բեռլինի կինոշուկայում: Մենք արդեն փորձ ունեցել ենք «Դրախտի դարպասը» ներկայացնել այնտեղ, եւ այս անգամ մեկնելու ենք Բեռլին մեր երեք նոր նախագծերով՝ «Վերածնվածը», «Սեւ ցուցակ» եւ «Երկու տոմս դեպի Արիզոնա» ֆիլմերով: Մեր թիմն աշխատում է օրուգիշեր, ուսումնասիրում համաշխարհային շուկայի միտումներն ու մատը մշտապես պահում զարկերակին»-զրույցն ամփոփել է Ջիվան Ավետիսյանը:
«Վերածնվածը» ֆիլմին մեր նախորդ անդրադարձը կարդացեք այստեղ:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: