×


«Երեխան պետք է ծիծաղի, ու հենց դրա համար է զինվորը կռվում». Արփի Մաղաքյանը հեքիաթ է կարդում արցախցի փոքրիկների համար

Հեքիաթագիր Արփի Մաղաքյանն Արցախից եկած երեխաներին ջերմացնելու հետաքրքիր տարբերակ է գտել՝ հեքիաթի ժամ: Չնայած հեղինակային «Երեւանյան հեքիաթներ» գրքում 8 հեքիաթ ունի մանուկների համար, որոշել է մայրաքաղաքի մասին չպատմել:

«Քանի որ «Երեւանյան հեքիաթներ»-ում բոլոր հեքիաթները կախարդական ձեւով ներկայացնում են Երեւանը, չցանկացա դրանց միջոցով նպաստել, որ փոքրիկները սիրահարվեն քաղաքին. չէ՞ որ մենք էլ, երբ ավելի մեծ քաղաքներում ենք լինում, տպավորված ու հիացած ենք վերադառնում: Որոշեցի պատմել «Տիգրան Մեծի հեքիաթը», որի մշակումը շատ նախնական փուլում էր: Վերջում ամենաաշխույժ երեխային խնդրում էի Արցախի լեզվով վերապատմել այն ու այդպիսով հասկանում էի՝ որ հատվածներն են ամենաշատը տպավորվել. նույնիսկ կային հատվածներ, որ երեխաները փոփոխում էին, ու հաջորդ անգամ ես հենց այդ գծով էի զարգացնում պատումը: Փոքրիկներից մեկը վերապատմելիս ասաց՝ «Եվ Տիգրան Մեծն ասաց, որ Մեծ Հայքում չարը չպետք է լինի», ու ես օգտագործեցի այդ նախադասությունը հեքիաթում: Փաստորեն՝ հեքիաթը գրվում է արցախցի երեխաների հետ»,- BRAVO.am-ին պատմել է Արփին:

Արփի Մաղաքյանը՝ Արցախից եկած փոքրիկների հետ


Հեքիաթագիրը կազմակերպում է ինտերակտիվ ընթերցում՝ բալիկներին ներգրավելով փոքրիկ դերերով.«Նրանք իսկապես շատ են ուրախանում, երբ հեքիաթի մի մասն են դառնում. արեւի դուրս գալն ու մայրամուտն են ձեռքերով ցույց տալիս, հերոս Վաղինակի հետ երկար ճանապարհ գնում. մի խոսքով՝ աննկարագրելի հույզեր ենք ապրում: Ուզում են գրկախառնվել, համբուրել ինձ, բայց ես էլ գիտակցում եմ կորոնավիրուսի հնարավոր վտանգներն ու ինձ մի փոքր հեռու պահում: Գուցե մտածում են՝ սառն եմ, բայց ինձ համար շատ կարեւոր է այս օրհասական պահին պահպանել նաեւ հակահամաճարակային կանոններն ու վարակի տարածման աղբյուր չդառնալ»:

Արփի Մաղաքյանը՝ Արցախից եկած փոքրիկների հետ


Արփիի խոսքով՝ հեքիաթի ուժը հետաքրքիր ազդեցություն է ունենում ինչպես բալիկների, այնպես էլ մայրերի հոգեվիճակի վրա.«Երբ երեխաների համար կարդում եմ հեքիաթը, տեսնում եմ, որ ծնողները եւս գալիս ու մեծ ուշադրությամբ լսում են. նրանք էլ իրականությունից մի պահ կտրվելու, հեքիաթի աշխարհում լինելու կարիք ունեն: Իհարկե, շատ դժվար ժամանակներ են, երեխաների մայրիկներն անընդհատ տեղեկատվություն են ստանում, բայց կարծում եմ՝ ծնողները պետք է փորձեն գոնե երեխաների մոտ իրենց զսպել, վատ լուրերի մասին չխոսել, թողնեն, որ բալիկներն ուրախանան: Երեխան պետք է ծիծաղի, ու հենց այդ ծիծաղի համար է սահմանին կանգնած զինվորը կռվում»:

Թիկունքը պահող յուրաքանչյուրն իր կռիվն ու զենքն ունի. Արփի Մաղաքյանն էլ իր հեքիաթով է ուժ ու գիտելիք փոխանցում արցախցի փոքրիկին:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արփի Մաղաքյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին