Տեր Աբելին շատերն են ճանաչում. նա քամանչան տավուշյան կանաչին պառկած է նվագում, որ զգա մայր հողի զորությունը։ Տեր Աբելի խոսքով՝ մեր ինքնության կարեւոր մաս է կազմում քրիստոնեական սիրո ընկալումը դիմացինի նկատմամբ։
- Ինքնության ընկալման եւ ճանաչման խնդիր կա. մենք մարդկանց հետ կարողանում ենք ճիշտ հարաբերվել, երբ ինքներս մեզ ճանաչում ենք։ Այլապես պառակտության ոգի է սկսում ստեղծվել: Այն քաղցկեղի նման է․ բջիջներից մեկը կամ մի քանիսը մոռանում են իրենց պատկանելիության մասին, իրենց ինքնությունը, գործում են մնացած բջիջների պես՝ չենթարկվելով ընդհանուր մարմնի կանոններին, եւ չեն ընկալում, որ աշխատում են ի վնաս օրգանիզմի։ Ինքնության քաղցը մեզ կեղեքում է։
Հարցնում եմ՝ ինչո՞ւ է այդպես։
- Ընտանեկան ընկալումները ջախջախված են մեր մեջ։ Եկեղեցին հոգեւոր ընտանիք է եւ եկեղեցում կարգված են հայրիկներ, եթե տան մեջ հայրը խոսում է ու լսող չկա, ընտանիքը կործանվում է։
Տավուշեցին ու իր չամիչը
Թե ինչ է թաքնված տավուշեցու մեջ եւ ինչն է նրան առանձնահատուկ դարձնում, Տեր հայրն իր պատասխանն ունի:
- Պարզությունը․ այն կարեւոր արժեք է մարդու համար։ Պարզության մեջ թաքնված է խոնարհություն, եկող ազդեցությունների նկատմամբ մանկական վերաբերմունք։ Մեր հայրերը միշտ ասում էին, որ պարզության մեջ թաքնված է սրբությունը։ Սուրբ բառը մաքուր, առաջնային իմաստից բացի, նաեւ ունի այլ ընկալում. մարդ, ով առանձնակի կյանքով է ապրում։ Բերդի տարածաշրջանում մարդիկ մեկուսի են. դու չես կարող ուղղակի անցնելիս լինես ու մտնես հարազատիդ տուն, դու պիտի նպատակային գնաս այնտեղ։ Մարդիկ այնտեղ քչքչան գետերի նման պարզ են։
Բոլորս ենք տարբեր, մի տուն այս կամ այն կողմ այլ կերպ են մտածում մարդիկ, ուր մնաց, թե մի գյուղ կամ մի մարզ։
- Յուրատեսակ «փազլ» ենք, իսկ շամշադինեցիներն իրենց տեսակով ու գույներով իրենց տեղում են։ Խայտաբղետ լինելը մեր հպարտությունն է, բայց մենք միշտ այդ խայտաբղետությունը բերում ենք պառակտումի ու բաժանման, որովհետեւ հեռացել ենք մեր իսկական ինքնությունից։
Քաղաքացի, քաղաքական, քաղաքակրթություն․ իրեն, որպես գյուղացի, միշտ հետաքրքրել է՝ ինչու է ամեն ինչ քաղաքի անունով։ Մինչդեռ գյուղացու մեջ ազգի ինքնության պահպանման պատասխանատվությունն ավելի հստակ է, պատկանելիության զգացումն՝ ավելի խոր։
- Քաղաքն այն միջավայրն է, որ ջարդուփշուր է անում այդ զգացումը․ այն մսաղացի է նման, որտեղի մի ծայրից մտնում, իսկ մյուս ծայրից դուրս են գալիս նույնանման հագնվածքով, կերտվածքով ու մտածելակերպով մարդիկ, որոնք հաճախ ազգի, պետության ինքնության հետ շատ խոր կապեր չունեն։ Քաղաք գնում են վազվզելու, փող աշխատելու, խաբելու․ ճիշտ է՝ մեկ-մեկ քաղաքից եկող բարիքներից էլ օգտվում է գյուղացին՝ եղանակի տեսության, բայց ինքնություն պահողը քաղաքը չէ, գյուղն է։ Գյուղի աշխատանքի մեջ էր ծնվում երաժշտությունը, Կոմիտասը բանահավաքության գյուղեր էր գնում, եւ բոլոր բանահավաքները բոլոր ժամանակներում գիտեին, որ գյուղն է ազգային պատկանելիությունը պահպանողը։
Տեր Աբելը հայրություն է անում գյուղի երեխաներին․ խոսել, անհանգստանալ, մտահոգվել ու կարեկցել է սովորեցնում կավագործություն ուսուցանելու միջոցով։
- Մարդ-մարդ շփման խնդիր ունենք այսօր․ էս սարքերը իբրեւ սոցիալական ցանց են, բայց ամեն մեկն իր առանձին սենյակն ունի, մտնում են ու փակվում: Չի կարող լինել մարդ-Աստված հարաբերություն, եթե չկա մարդ-մարդ հարաբերություն։ Երեխեքը սովորում են, որ չի կարելի չունենալ մարդ-մարդ հարաբերությունը։ Իրենք շատ պարզ են, իսկ այդ պարզ, մանկական անկեղծությունը, իրական ընկերասիրությունը շատ են պակասում մեզ։
Անահիտ Ամիրխանյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Տեր Աբել Քարտաշյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: