×


«Որ մեր Արցախը պաշտպանեմ...». Արցախի երեխաների ձայները. մաս 2

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել Արցախից եկած երեխաների դիմանկարները, ինչպես նաեւ նրանց հետ մեր փոքրիկ զրույցները։ Մտածկոտ հայացքով ու ժպտադեմ այս երեխաների պարզ ու թաքուն ցանկությունները խաղաղության մասին են խոսում։


Նարեկ, 6 տարեկան

- Այստեղ եկել եմ մամայի, տատիկի ու պապիկի հետ։ Արցախում մենակ պապան է մնացել։ Երեւանում լավ է, բայց Արցախը կարոտում եմ։ Ամենաշատն այնտեղ խաղալն եմ կարոտել․ ավտոներով էի խաղում։

Նարեկի ցանկությունը մասամբ իրականացավ. նա եւ մյուս երեխաները խաղալիք ավտոմեքենաներ նվեր ստացան։


Գիսանե, 4 տարեկան (մատիկներով 5 է ցույց տալիս՝ հուշելով, որ շուտով այդքան է դառնալու)

- Արցախում պապան է մնացել։ Կարոտում եմ պապային։ Գիտե՞ս, իմ աչքերը պապայիս աչքերին են նման, նա էլ իր սիրելի անունն է դրել իմ անունը։

Հարցնում եմ՝ երբ մեծանա, ի՞նչ է դառնալու, ասում է՝ Էլզա։ Նկատի ունի «Սառցե սիրտը» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհուն․

- Ես Էլզային շատ եմ սիրում, որովհետեւ ինքը սառույցներ ա թխում, սաղ խոխեքը կյամ ըն խաղան էնտեղ։


Սամվել, 7 տարեկան

- Ես, Արամը ու Սաշան եղբայրներ ենք (ցույց է տալիս կողքին նստած տղաներին,- հեղ․)։ Մի պուճուր էլ կա, իրա անունը Մարատ է, ինքը մեկ տարեկան է։ Բայց հիմա տանն է։ Մեզ հետ Երեւան են եկել տատիկը, մայրիկը, հայրիկը, պապիկը։

Երբ խոսում ենք պատերազմի սկսվելուց, նրան հարցնում եմ՝ վախեցել էին, ժպտում է ու գլխով անում․

- Տրաքել էր բոմբան, հայրիկը վեր ա կացրել ինձ, շուշուտ շորերս հագել եմ, գնացել ենք։ Որ մեծանամ, զինվոր եմ դառնալու, որ մեր Արցախը պաշտպանեմ։ Այնտեղ հիմա ամեն ինչ կարոտել եմ՝ դպրոցը, ընկերներիս․․․


Արամ, 6 տարեկան

- Հնագետ եմ դառնալու։ Շատ եմ սիրում դինոզավրերին, ուզում եմ նրանց ոսկորները ճարեմ գետնի տակից։ Որ գնամ Արցախ, կաչելի եմ քշելու․ այնտեղ շատ էի քշում։ Նոր ենք եկել Արցախից, այստեղ դեռ չկա, որ քշենք։


Ալեքս, 5 տարեկան

- Երբ գնամ Արցախ, նկարելու եմ, տուն եմ նկարելու․․․ Սիրում եմ նկարել, բայց դեռ  չգիտեմ՝ ինչ եմ երազում դառնալ։

Նյութի պատրաստմանն աջակցելու համար շնորհակալ ենք «Զանգակ» գրատանը, որն այս օրերին հյուրընկալում է Արցախից եկած երեխաներին ու նրանց ընտանիքներին եւ ուսումնաժամանցային միջոցառումներ կազմակերպում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին