×


«Մինչեւ կյանքիս վերջ պարտական եմ զինվորներին». Աննա Մանուչարյան

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Մանուչարյանը բալիկի է սպասում: «Երբ իմացա հղիությանս մասին, մեծ շոկ ապրեցի՝ գիտակցելով, որ այդ վայրկյանից կյանքս փոխվում է: Նաեւ ուզում էի գոռալ եւ ամբողջ աշխարհի հետ կիսվել իմ ուրախությամբ»,- BRAVO.am-ին պատմել է ապագա մայրիկը:

Հղիության սկզբնական փուլը համընկել է պատերազմի օրերի հետ եւ դժվարացրել ընթացքը.«Եղբայրներս առաջնագծում էին, լուր չէինք ստանում, մեծ սթրես ապրեցի: Անընդհատ լաց էի լինում, թեեւ գիտակցում էի, որ մենակ չեմ արդեն եւ միայն իմ մասին չպետք է մտածեմ: Հետո հավաքեցի ինձ հարազատներիս օգնությամբ, հասկացած՝ այդպես չի կարելի շարունակել: Սկսեցի լրահոսին չհետեւել, միայն խոսում էի եղբայրներիս հետ եւ հանգիստ լինում»:


Աննան նշել է՝ պատերազմի պատճառած ցավը չի անցել եւ երբեք էլ չի անցնի. «Ծանոթ-անծանոթ կապ չունի, այս ընթացքում բոլորն ինձ հարազատ դարձան: Մինչեւ կյանքիս վերջ շնորհակալ եւ պարտական եմ զինվորներին»:

Հղիության լուրը մեկ օր գաղտնի է պահել ամուսնուց.«Հարազատներիս եւ ընկերներիս հետ անակնկալ մատուցեցինք. տանիքում փուչիկներով անկյուն էի պատրաստել, եւ բոլորով սպասում էինք նրան: Ասել էի, որ հավաքվում ենք՝ ճանապարհելու վերջին տաք օրերը: Նա եկավ, բացեց ձեռքիս փոքրիկ տուփը, ասաց՝ գիտեր եւ սպասում էր»:


Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը.«Թուղթը, որի վրա գրված էր բալիկի սեռը, վաղուց էինք վերցրել, բայց այն պահել էի՝ ծննդյանս օրը բացելու համար: Բոլորը զարմանում էին, թե ինչպես եմ դիմանում: Սեռը չենք կարեւորել. մենք արդեն երջանիկ էինք այն մտքից, որ ծնողներ ենք դառնալու, իսկ ամենակարեւորն այն է, որ մեր բալիկն առողջ ծնվի եւ խաղաղ երկնքի տակ ապրի: Թեմատիկ փուչիկի միջոցով իմացանք, որ տղա ենք ունենալու»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արշակյան ֆոտո ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին