«Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնն այս տարի պաշտոնապես կբացվի ֆրանսիացի հանրահայտ պարուսույց Մուրադ Մերզուկիի «Ֆոլիա» ներկայացմամբ: Այն կցուցադրվի սեպտեմբերի 22-ին եւ 23-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
«Ֆոլիա»-ն հիփ-հոփ պարի եւ բարոկո երաժշտության տպավորիչ հանդիպում է։ «Լը Կոնսեր դը լ’Օտել Դյո» համույթի երաժիշտների հետ պարողները բացահայտում են իտալական տարանտելաների եւ ֆոլիաների ժողովրդական ռիթմերը, որոնք միահյուսվում են էլեկտրոնային հնչյուններին։
Լուսանկարը՝ Ժյուլի Շերկիի
Կազմակերպիչները նշում են, որ կատարողների վարպետության եւ երաժշտության հմայող ուժի շնորհիվ ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է տեսողական, զգայական եւ գունեղ աշխարհ:
«Բեմում ազատորեն հանդիպում են տարբեր ժամանակաշրջաններ եւ գեղարվեստական լեզուներ։ Հիփ-հոփը երկխոսում է ժամանակակից ու դասական, ինչպես նաեւ պտտվող դերվիշների պարերի հետ, իսկ երաժիշտներն ու սոպրանոն դառնում են խորեոգրաֆիայի լիարժեք մասնակիցներ»:
Մուրադ Մերզուկին հայ հանդիսատեսին հայտնի է Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, «Քոչար 360» պերֆորմանսով եւ նախորդ տարի «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երեւանում ցուցադրված «Պիկսել» ներկայացմամբ:
Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է «Théâtrons»-ի ինստագրամյան էջում:


×
95





