ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի օրը տեղի է ունեցել Սեւակ Ամրոյանի «Հրամանատար» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Ստեղծագործությունը նվիրված է հրամանատար Աշոտ Չոբանյանի եւ բոլոր հերոս հրամանատարների հիշատակին: Մտահղացման նախաձեռնողներն Արամ Մուսաելյանն ու Մկրտիչ Մակարյանն են:
Երգը գրել է Էդմոնդ Մակարյանը, գործիքավորել՝ ԴերՀովան, իսկ այն կատարելու պատասխանատվությունը Սեւակ Ամրոյանինն է, ով BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ անձամբ չի ճանաչել փոխգնդապետ Աշոտ Չոբանյանին, բայց իր համար միշտ պատիվ է երգել հերոսների մասին:
«Էմոցիոնալ երեկո ստացվեց, որովհետեւ թեման մեզ համար, իհարկե, շատ ցավոտ է: Աշխատել ենք գրեթե նույն թիմով, որով հենց պատերազմի ընթացքում ներկայացրիք «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի տեսահոլովակը: Կարծում եմ՝ մենք միշտ պետք է երգենք մեր հերոսների մասին, որպեսզի նրանց գործը փոխանցվի մեր սերունդներին, ինչպես եւ մեզ է փոխանցվել մեր ավագ սերնդի սխրանքները»,-ասաց երգիչը:
Սեւակ Ամրոյանը, Սրբուկը եւ ԴերՀովան
Երաժշտության եւ խոսքերի հեղինակ Էդմոնդ Մակարյանն էլ ընդգծեց՝ այս երգի ստեղծումը նման չի եղել մինչ օրս գրված եւ ոչ մի երգի զգացողություններին.«Երբ գրում ես հրամանատարի մասին, ով կյանքն է տվել հանուն քեզ ու քո ընտանիքի, հոգեբանական դժվարություններ են առաջանում: Կարծում եմ՝ այսուհետ Բանակի տոնին մենք նախեւառաջ պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր այն տղաներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի եւ հետո միայն շնորհավորենք միմյանց»:
Հրամանտար Աշոտ Չոբանյանի հիշատակին նվիրված տեսահոլովակի շնորհանդեսին
Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, պրոդյուսերը՝ Ալեքսանդր Մհերյանը: Ստեղծագործական թիմն աշխատել է շատ սեղմ ժամկետներում, որպեսզի շնորհանդեսը կայանա հենց փետրվարի 28-ին՝ փոխգնդապետ Չոբանյանի ամենասիրելի օրերից մեկին:
«Հրամանատար» երգի տեսահոլովակի շնորհանդեսին
Շնորհանդեսին ներկա էին նաեւ Աշոտ Չոբանյանի ընտանիքը, ընկերները, մտերիմներն ու զինվորներից ոմանք, ովքեր հուշերով լցրին երեկոն ու եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցին նահատակված ու մեր կողքին ապրող բոլոր հերոսներին՝ հայրենիքին անմնացորդ նվիրման համար:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: