Անահիտ Բ.-ն (Բոյաջյան) ծնվել է Ֆրանսիայում, բայց իր երգերը ծնվում են «հայկականության» մեջ: Իր արմատներին հավատարիմ երիտասարդ հայուհին շաբաթ երեկոյան «The Voice» հեռուստանախագծի կույր լսումների ժամանակ ներկայացրեց «Հինգալա» երգի վերամշակված, երկլեզու տարբերակը եւ ստիպեց շրջվել ժյուրիի բոլոր անդամներին:
Հայկական շունչը դահլիճում լցվեց առաջին իսկ նոտայից, դուդուկի հնչյուններով ուղեկցված՝ Անահիտի ձայնը միանգամից հուզեց ժյուրիի անդամներին. նրանք սկսեցին միմյանց հարցնել, թե ինչ լեզվով է նա երգում: Չճանաչելով հայերենը՝ նրանք ասացին.«Չգիտենք՝ ինչ լեզու է, բայց շատ գեղեցիկ է»: Երգի տողերում (Arménie) Հայաստան բառը լսելով՝ հասկացան, թե որ երկիր է Անահիտն իրենց «տեղափոխել»:
«Այս երգը կամուրջ է իմ արմատների երկրի՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի՝ այն երկրի միջեւ, որտեղ ծնվել եմ»,- նշել է 25-ամյա Անահիտը՝ երգը կատարելուց հետո:
Նա ներկայացրել է իրեն ուղեկցող երաժիշտներին՝ եղբորն ու հորը, որն առավել հուզեց ժյուրիին: Հայ ընտանիքին ժյուրին ջերմ խոսքերով ոգեւորեց եւ շնորհակալություն հայտնեց՝ «հուզիչ ճանապարհորդության» համար:
Լուսանկարը՝ Nikos Aliagas
Ժյուրիի բարձր գնահատականին արժանացած Անահիտն ու իր ընտանիքին այսօր արդեն ֆրանսիական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են։ «LCI»-ն գրում է, որ Անահիտին հաջողվել է փոխանցել «սիրո եւ համերաշխության» ուղերձը:
Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: