×


«Հաջորդ տարի այլ կերպ կվարվեմ». Գոհար Հարությունյանը՝ «Միսս Տիեզերք 2020»-ին մեր մասնակցության եւ արդյունքի մասին

«Միսս Տիեզերք» գեղեցկության 69-րդ միջազգային մրցույթը համավարակի հետեւանքով մեկ տարի ուշացումով տեղի ունեցավ մայիսի 16-ին՝ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: «Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացավ Մեքսիկան ներկայացնող Անդրեա Մեզան: Շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, համազգային մրցույթներ նախորդ տարի չէին անցկացվել, եւ «Միսս Տիեզերք»-ի կազմակերպիչները թույլ էին տվել, որ ամեն երկիր իր ընտրությամբ ներկայացնի մասնակից։ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի որոշմամբ՝ Հայաստանը ներկայացրեց «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը: Մեր գեղեցկուհին ըստ պատշաճի ելույթ ունեցավ բոլոր փուլերում, սակայն չընդգրկվեց լավագույն 20-ի կազմում: Մրցույթին մեր մասնակցության եւ արդյունքի մասին BRAVO.am-ը զրույցել է Գոհար Հարությունյանի հետ:

«Մենք ունեինք մեծ հույս, տարբեր հարթակներից շատ էինք լսում կարծիքներ, որ Մոնիկան բոլոր տվյալներն ունի: Նա հիանալի է ներկայացել եւ Հայաստանի հեղինակությունը այնտեղ շատ բարձր է պահել։ Շատ աշխատանք էինք տարել պատրաստվելու համար, մեր նախաձեռնությամբ Մոնիկան մեկ շաբաթ Նյու Յորքի համապատասխան դպրոցներից մեկում վերապատրաստվեց, որտեղ քոուչինգից մինչեւ դեֆիլե ուսումնասիրեց։ Աշխարհում շատ կան նման դպրոցներ, որտեղ գիտեն տարատեսակ մրցույթների խաղի կանոնները: Ժպիտ, դիմախաղ, խոսք եւ հարցազրույցներ, քայլվածք եւ կեցվածք. ամեն մանրուքի վրա աշխատել էինք, բայց այս մրցույթներում էլ կա ներքին խոհանոց եւ ներքին քննարկումներ, որոնց, բնականաբար, մենք չենք տիրապետում։ Բացի այդ, կան խոշոր երկրներ, որոնք շատ վաղուց են մասնակցում, շատ մեծ փորձ ունեն մասնակցության եւ կազմակերպման։ Սա մի մրցույթ է, որտեղ բոլոր մասնակիցները շատ պատրաստված են. նրանք երկար տարիներ զանազան միջազգային մրցույթների են մասնակցել: Ինձ համար կարեւորն այն է, որ իսկապես անթերի ենք ներկայացել»,- նշեց նա՝ հավելելով, որ լավագույն 20-ի մեջ ներառվելու հավանականությունն ամեն դեպքում մեծ չէ:



Հետաքրքիր է նկատել նաեւ, որ այս տարի ամբողջ Եվրոպայից ընդամենը երկու հոգի է հայտնվել լավագույն 20-յակում, իսկ սովորաբար նվազագույնը 5 աղջիկ անցնում էր: Գոհարի խոսքով՝ այս տարի շատ պատրաստված ու լավ ներկայացավ ԱՄՆ-ն, մենք նույնպես լավ մասնակցություն ունեցանք.«Հիմա շատ արագ պետք է կարողանանք «Միսս Տիեզերք»-ի չափանիշներին համապատասխան ազգային մրցույթ անցկացնել, որին 18-28 տարեկան 15 աղջիկ կմասնակցի: Որքան արագ ընտրենք մեր գեղեցկուհուն, այնքան շատ ժամանակ կունենանք պատրաստվելու «Միսս Տիեզերք 2021»-ին: Միտք ունենք, որ ազգային գեղեցկության մրցույթին մասնակցող աղջիկները նախապես հեռավար մասնակցեն արտերկրի համապատասխան դասընթացներին, որովհետեւ մեկ կամ երկու ամիսը շատ քիչ ժամանակ է նման լայնամասշտաբ մրցույթներին պատրաստվելու համար, եւ հարկավոր է նախապես աշխատել ամեն մանրուքի վրա»:

Մոնիկա Գրիգորյանը


21-ամյա Մոնիկան Վանաձորից է, Երեւան է տեղափոխվել երկու տարի առաջ։ Հիմա սովորում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Նա մոդելային կարիերան սկսել է «Միսս աշխարհ Արմենիա 2019»-ից հետո։ Մոնիկան մրցույթից առաջ իր ապրումներով կիսվել էր հայ հանդիսատեսի հետ, նշել էր, որ մեծ ոգեւորությամբ է ընդունել մասնակցության առաջարկը, պատմել էր իր ծանր մանկության մասին՝ մեծացել է առանց հայրիկի, ընտանիքը շատ դժվարությունների միջով է անցել, եւ նա մրցույթի հարթակից խոսել է պայքարելու, դժվարությունները հաղթահարելու, ինչպես նաեւ պատերազմի մասին:

«Գեղեցկությունից զատ, այնտեղ շատ ուշադրություն են դարձնում մասնակցի խոսքին, հարցուպատասխանին, որի ժամանակ մեր մասնակիցը շատ լավ է ներկայացել։ Մոնիկան փայլուն է պատասխանել բոլոր հարցերին: Նրա ուղերձը պատերազմի եւ խաղաղության մասին է եղել, որից հետո նրան ծափերով են ողջունել ներկաները։ Նա նաեւ հարցազրույց է տվել, որը շատ լավ է անցել, խոսել է ոչ միայն իր դժվար մանկության, այլեւ պատերազմի մասին։ Մեր գեղեցկուհին տպավորել է իր ժպիտով եւ կենսուրախությամբ, նա մարդկանց հետ շփման լավ կարողություն ունի, ընկերասեր է, ինչը եւս կարեւոր է նմանատիպ մրցույթների ժամանակ: Չնայած նրան, որ կարճ ժամանակահատվածում էր պատրաստվել, ներկայացել է բեմական լավ կեցվածքով եւ քայլվածքով։ Այնտեղ չի զգացվել, որ միջազգային մրցույթի մասնակցության ընդամենը մեկ փորձ ուներ»,-նշեց Գոհար Հարությունյանը:

Մոնիկա Գրիգորյանը


Մրցույթից առաջ Մոնիկայի հետ խոսել է Գոհարը, գոտեպնդել է նրան՝ հնարավոր բոլոր տեսակի արդյունքի դեպքում չկոտրվելու համար։ Նրա խոսքով՝ անկախ արդյունքից շարունակելու է աշխատել Մոնիկայի հետ, քանի որ նա շատ հեռանկարներ ունի։  

«Այնտեղ մրցույթի նախագահը եւս մասնակիցների հետ նախապես խոսել է այն մասին, որ հաղթող կարող է լինել ընդամենը մեկը, բայց ամեն մասնակից յուրովի գեղեցիկ է։ Իհարկե, բոլորն են գնում մրցանակային տեղ զբաղեցնելու համար, բայց այս մրցույթին մասնակցությունն էլ արդեն մեծ փորձառություն է աղջիկների համար։ Մոնիկան հասկանում է այս ամենը, նա, բնականաբար, կուզեր մրցանակային տեղ զբաղեցներ, բայց հիմա էլ գնահատում է այն, որ կարողացավ ներկայացնել Հայաստանը բարձր պատվով, ճանաչեց նոր մարդկանց, ճանապարհորդեց։ Նրան շատ շնորհակալ եմ իր անմնացորդ նվիրումի եւ աշխատասիրության համար: Առաջիկայում եւս կան մրցույթներ, որոնց Մոնիկան կմասնակցի, իսկ մանրամասները ընթացիկ կներկայացնենք։ Տարբեր երկրներում հայ համայնքների հետ հանդիպումներ են նախատեսվում, քանի որ նա մինչեւ հաջորդ մրցույթը համարվում է Հայաստանի ներկայացուցիչը»,-նշեց Գոհարը:

Մոնիկա Գրիգորյանը


Ըստ կանոնների՝ գեղեցկուհիները ներկայանում են տարբեր կերպարներով, այդ թվում՝ լողազգեստով եւ երեկոյան հագուստով։ Այս տարի Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ Երեւանի տարազով եւ կրեց Լուսիկ Ագուլեցու 19-րդ դարի զարդերը: Գաղափարը ողջ հայության կողմից միանգամից արժանացավ հիացմունքի եւ համացանցում միմիայն դրական արձագանք ստացավ։

«Մեր հասարակությունը շատ սիրում եւ պահանջում է, որ մեր աղջիկները ներկայանան տարազով, մենք էլ այդ պահանջին միշտ ընդառաջ ենք գնում։ Մենք Ագուլեցու թանգարանից վերցրինք ավանդական հին հայկական զարդանմուշներ, որոնք ունեն իրենց նշանակությունը, եւ Մոնիկան շատ գեղեցիկ ներկայացրեց, սակայն, ցավով պետք է ասեմ, որ այնտեղի տարբեր մասնագետներ ինձ ասացին, որ նմանատիպ մրցույթներում ավանդական տարազն այնքան էլ չի գնահատվում։ Հայ հասարակության համար քայլը գնահատելի էր, բայց դա շոու է, որտեղ շեշտը դրված է կրեատիվ, շքեղ, նոր ու զարմացնող հագուստի եւ մոտեցումների վրա։ Կարծում եմ, որ հարկավոր է կոտրել կարծրատիպերը՝ ներկայանալով նաեւ այդ կերպ։ Ես միշտ երկընտրանքի առաջ եմ լինում ու ընտրում եմ հայկական տարազը։ Որոշել եմ՝ հաջորդ տարվա համար կլինի փոփոխություն: Կարծում եմ, որ մեր զգեստի դիզայնով կզբաղվի ֆիլիպինուհի դիզայներ, որը ապրում է Ֆլորիդայում եւ հենց մրցութային զգեստների ստեղծման շատ մեծ փորձ ունի»,-եզրափակեց Գոհար Հարությունյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գոհար Հարությունյանը



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին