×


«Հոգեպես դեռ պատրաստ չեմ դրան». Արենա Զեյնալյանի խոստովանությունն ու լողազգեստով լուսանկարները

Լոս Անջելեսում բնակություն հաստատած Արենա Զեյնալյանն ավելի քան մեկ ամիս Երեւանում է: Հագեցած օրերը մոդելը վայելում է հարազատների, ընկերների հետ: Նա BRAVO.am-ին է տրամադրել նոր լուսանկարները, նաեւ նշել, որ մեկ շաբաթից կմեկնի Միացյալ Նահանգներ:

«Մոտավորապես 48 օրով եմ Հայաստանում: Օրերը չեն բավականացնում վայելելու Երեւանը: Ինչքան շատ եմ մնում, այնքան ավելի շատ եմ կարոտում: Այստեղ հանդիպեցի մայրիկիս, եղբայրներիս, բարեկամներիս ու ընկերներիս: Շատ ուրախ ու հետաքրքիր առիթների եմ հրավիրված եղել, մասնակցել: Տանը շատ քիչ էի լինում: Իսկ այս վերջին շաբաթն ավելի շատ հանգստին եմ տրամադրում: Հետաքրքիր ու անմոռանալի օրեր են. ռեստորաններից մեկում լավաշ թխել սովորեցի, հետո ինքս էլ համտեսեցի: Պատկերացրեք՝ համեղ էր ստացվել: Այդ ջերմությունը, հայրենիքից մի մասնիկ՝ գինու եւ թթու չրերի տեսքով, անպայման տանելու եմ ինձ հետ»,- պատմել է մոդելը:

Արենա Զեյնալյանը


Այս ընթացքում գործնական մի շարք առաջարկներ է ստացել: Ժամանակի սղության պատճառով ոչ բոլորն են ստացվել. մասնակցել է «Women΄s Club» նախագծի նկարահանումներից մեկին եւ մի քանի լուսանկարահանման:

Արենա Զեյնալյանը


Արդեն սկսվել են «Սոսի Լոսը» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, իսկ թե կշարունակի նկարահանվել այս նախագծում հարցին, նա պատասխանել է, որ պարզ կլինի Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո:

Արենա Զեյնալյանը


Նկարագրելով երեւանյան օրերը՝ Արենան ասել է.«Շատ սպասված էր այցելությունս: Երեւանը գրեթե չի փոխվել, պարզապես, վիրավոր է: Ուզում եմ ուրախանալ, բայց հոգու խորքում զգում եմ այն վիշտը, որն ամիսներ առաջ բոլոր հայերիս հետ պատահեց: Պատրաստվում եմ Եռաբլուր գնալ, բայց զգում եմ, որ  հոգեպես դեռ պատրաստ չեմ այդ այցին: Շատ-շատ դժվար է ինձ համար: Ես այնպիսի մարդ չեմ, որ քաղաքական հարցերով գրառումներ անեմ իմ սոցիալական էջում: Երեւան, Հայաստան ասելիս միշտ պայծառ ու զվարթ էի պատկերացնում, հիշում, տեսնում, սակայն պատերազմից հետո ուրիշ է: Հայրենիքս վերքոտ է»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արենա Զեյնալյանի անձնական արխիվից եւ @arthurpaparazzi-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին