×


«Սոնատի» հայկական նոր բրենդի ինքնատիպ շնորհանդեսը Երեւանի օպերային թատրոնում

Ֆրանսիս Պուլենկի հանրահայտ «Ձայն մարդկային» մոնոդրաման, ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի, առաջին անգամ բեմադրվել է Երեւանում: Օպերային թատրոնի բեմը վերածվել էր փարիզյան մի բնակարանի, որտեղ ընթացող գործողություններին հետեւում էր հանդիսատեսը: Որքան գեղեցիկ էր տեսարանը. դահլիճն ամբողջությամբ դատարկ, որոշակի լուսային զարդարանքով, իսկ բեմում ներկա էր երկու հարյուրից քիչ ավելի հատընտիր լսարան: Նման բացառիկ մտերմիկ մթնոլորտում օպերային թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը մարմնավորում էր տան տիրուհու տառապանքն ու հիասթափությունը, անսահման սերն ու քնքշությունը, մարդկային էությանը բնորոշ հուզական մի ողջ ներկապնակ:


Մոնոօպերայի բեմադրությամբ «Սոնատի» հայկական բրենդն ազդարարեց իր նորամուտը: «Ստեղծված է արվեստով» կարգախոսը տեսանելի էր ընկերության յուրաքանչյուր արտադրանքի մեջ. երգչուհին կրում էր իտալական մաքուր մետաքսից կարված գիշերազգեստ եւ ժանյակներով խալաթ, նրա մահճակալի ճերմակ բարձերը եւ սավանը կարմիրով ասեղնագործված էին, հերոսուհին շրջապատված էր դեկորատիվ հայկական ուրֆա ծաղկի զարդանախշերով կաթնագույն եւ կարմիր բարձերով, հետեւում նուրբ վարագույրն էր...


Ընկերության համար բավական արտառոց բացում էր, ուստի BRAVO.am-ի թղթակիցը, որը ներկա է եղել միջոցառմանը, փորձեց պարզել մանրամասները:

«Սոնատի»-ն հիմնել է արվեստի հայտնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանն՝ իր ամերիկաբնակ եղբոր՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ:

Մեզ հետ զրույցում Սոնան նշեց, որ գաղափարն իր եղբորինն էր, սակայն նա սիրով իր մասկակցությունը բերեց այն կյանքի կոչելուն, առավել եւս պանդեմիայով պայմանավորված մեկուսացման տարվա ընթացքում, երբ համերգային գործունեությամբ գերծանրաբեռնված չեր, սովորականի նման:

Սոնա Հովհաննիսյանը եղբոր՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ


«Մենք հրավիրեցինք լավագույն դիզայներների, հայտնի նկարիչների, պատմաբանների, ազգային եւ միջնադարյան մշակույթի գիտակների, որոնց հետ ստեղծեցինք տպավորիչ առաջին նմուշները: «Սոնատի»-ն ինձ համար մշակութային նախագիծ է, այն, որպես անկողնային եւ տան պարագաներ արտադրող ընկերություն, չունի նմանը ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտերկրում: Չկա զանգվածային արտադրություն. ցանկացած հավաքածու կամ նմուշ արտադրվում է խիստ սահմանափակ քանակով, կան, օրինակ, անկողնային ծածկոցներ կամ զգեստ-խալաթներ, որ մեկական օրինակից են: «Սոնատի»-ն արվեստ, ճաշակ, նրբագեղություն, ներդաշնակություն, սեր, իհարկե, առողջություն է փոխանցում իր հաճախորդների հարկերից ներս, քանի որ բացառիկ գեղեցիկ էսքիզներին զուգահեռ, նմուշների համար օգտագործվում են միայն ամենաբարձրակարգ կտորները եւ բնական լցանյութերը: Մեր հայրենակիցներն արժանի են լավագույն որակին, եւ այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք: «Սոնատի»-ի ընտանիքն աճում է, նրա եզակիությունը եւ որակն արդեն հասցրել է սիրվել եւ գնահատվել Մերձավոր Արեւելքի երկրներում, Ռուսաստանում եւ Ամերիակայի Միացյալ Նահանգներում:

Օրինակ, աշնանային եւ ձմեռային վերմակները կարվում են դարասկզբի ավանդույթով. մեծ մասն աշխատանքի կատարվում է ձեռքով: Նման որակի նմուշներն ակնհայտորեն տարբերվում են սովորական արտադրանքից թե՛ տեսքով, եւ թե` օգտագործման եւ խնամքի դյուրությամբ: Հաշված ամիսների ընթացքում Հայաստանում եւ օվկիանոսից այն կողմ սկսել են մեծ տարածում վայելել հարսանեկան, հատուկ առիթների եւ նվերների համար ստեղծված հավաքածուները»:


Սոնա Հովհաննիսյանը խոսքը եզրափակեց իր համար կարեւոր մի նկատառումով. «Ճիշտ է, «Սոնատի»-ն ստեղծված է արվեստով, սակայն մենք շարունակում ենք՝ ասելով՝ եւ արվեստի համար: Բրենդի գլխավոր նպատակներից է նաեւ արվեստի ֆինանսավորումը Հայաստանում, եւ այդ ճանապարհին առաջին քայլն արդեն արված է՝ ի դեմս «Ձայն մարդկային» մոնոօպերայի պրեմիերայի»։

Նոր մոնոօպերայի բեմադրող ռեժիսորը Դավիթ Հակոբյանն է։ Մեր զրույցում նա պատմեց, որ ներկայացման գաղափարը Վարսենիկ Ավանյանինն է եղել, հենց նա է ռեժիսորին առաջարկել բեմադրել պիեսը.«Երբ զանգեց ու ասաց, որ մոնոօպերայի միտք ունի եւ անպայման ուզում է կատարել, ճիշտն ասած՝ վախեցա, որովհետեւ ես դրամատիկ ռեժիսոր եմ, օպերային ներկայացում նախկինում միայն իր համար եմ բեմադրել՝ Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ստեղծագործության հիման վրա։ Այնպես չէ, որ երաժշտությունից չեմ հասկանում, բայց չեմ համարձակվում մտնել այդ աշխարհ. իմ աշխարհը չէ։ Բայց տեսարաններ, կադրեր ցույց տվեց, երաժշտությունը լսեցի ու հանկարծ ոգեւորվեցի, ասացի՝ անպայման անելու ենք, մանավանդ որ Վարսենիկ Ավանյանը զարմանալի է կատարում։ Տպավորություն ունեմ, թե դրամատիկ դերասան է երգում»։


Ռեժիսորի խոսքով՝ ձգտել են կամերային ներկայացման ոճով անել բեմադրությունը՝ հանդիսատեսին դահլիճից բերելով բեմ եւ ավելի մոտեցնելով գործողությունների ընթացքին.«Դերասանուհին եւ դահլիճը շատ մոտ են իրար, կարծես մեր աչքի առաջ է ամեն ինչ կատարվում։ Դրանով ներկայացումը շատ հետաքրքիր է։ Կուզեմ, որ այն շատ ցուցադրվի հետագայում, բայց անպայման պահպանվի կամերային միջավայրը, քանի որ այսպիսով տպավորություն է, թե երգչուհին հանդիսատեսի հետ է զրուցում։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր արդյունքի ենք հասել»։

Վարսենիկ Ավանյանը խոստովանեց, որ դերն իրեն հարազատ է, քանի որ իր ներկայացրած կնոջ կերպարում ապրում են երաժշտական գրականության բոլոր կերպարները՝ ե՛ւ լիրիկական, ե՛ւ դրամատիկ, ե՛ւ նույնիսկ ողբերգական.«Կոկտոն՝ պիեսի հեղինակը, կարեւորել է սերը, սիրո դերը մարդու կյանքում, որ թե՛ կինը, թե՛ տղամարդն առանց սիրո չեն կարող երկար գոյատեւել, ուղղակի մահվան են դատապարտված։ Շատ ուրախ եմ, որ այս ժանրում ստացվեց բեմադրությունը՝ որպես մոնոօպերա, եւ որ հանդիսատեսն ավելի մոտ է բեմին, մասնակից է դառնում ու զգում է կնոջ ապրումները, ավելի լավ է տեսնում շարժումները, դիմախաղը։ Ես, իհարկե, օպերային երգչուհի եմ, դերասանուհի չեմ, բայց ինձ շատ գրավում է թատրոնը, որտեղ երգչուհին կարող է նաեւ մարմնով, խոսքով ավելին արտահայտել, ոչ միայն ձայնով»։


Ներկայացումից հետո յուրահատուկ մնթոլորտ էր տիրում նաեւ օպերային թատրոնի ճեմասրահում, որտեղ կիթառի եւ ֆլեյտայի նուրբ հնչյունների ներքո ընկերության հիմնադիրների հյուրերը եւ գործընկերները շարունաում էին վայելել ցուցադրված նմուշների գեղեցկությունը, շնորհավորել եւ կազմել համագործակցության ծրագրեր:

«Սոնատի» ապրանքանիշի նորություններին կարող եք հետեւել
Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/sonati.armenian.textile
Ինստագրամում՝ https://www.instagram.com/sonati_art_made/:


Ընկերության ողջ տեսականին եւ առցանց խանութը շուտով հասանելի կլինեն նաեւ պաշտոնական կայքէջում՝ www.sonatihome.com:  

Վաճառասրահը Երեւանում գործում է Հյուսիսային Պողոտա 6/2 հասցեում՝ «Տաշիր Սթրիթ» առեւտրի կենտրոնում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/ եւ «Սոնատի» ապրանքանիշի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին