×


Ուրսուլա Կորբերոն՝ Տոկիոյի դերի բարդությունների եւ այս պահին կյանքի նպատակի մասին

«Թղթե տուն» սերիալում Տոկիոյին մարմնավորող ու մեծ հայտնիություն ստացած դերասանուհի Ուրսուլա Կորբերոն ուժերը փորձել է նաեւ Հոլիվուդում:

Netflix-ի շնորհիվ սերիալն ամբողջ աշխարհում հայտնիություն ստացավ ու 4 ամսում դիտելիության ռեկորդ սահմանեց: Օրեր առաջ ներկայացվեց վերջին՝ 6-րդ եթերաշրջանի 5 սերիան, որոնցում իրադարձություններն աննկարագրելի են զարգանում ու Տոկիոն, բնականաբար, նորից ուշադրության կենտրոնում է:

Սակայն անդրադառնանք Կորբերոյի հերթական նոր աշխատանքին: Դերասանուհին 2 տարի առաջ է անգլերեն սովորել ու նորամուտն է նշել հոլիվուդյան «Օձի աչքեր» ֆիլմում, որում խաղընկերը Հենրի Հոլդինգն է:



Կորբերոն մեծացել է Բարսելոնայում, 6 տարեկանում հայտնել է դերասանուհի դառնալու ցանկության մասին: Ծնողները, որոնք ձկան վաճառքով ու շինարարությամբ էին զբաղվում, սկսել են պատանի տաղանդներ բացահայտող գործակալություն փնտրել: 13 տարեկանում Ուրսուլան վերջապես գովազդներից անցում է կատարել դերասանական աշխատանքին: Մի քանի տարի է պահանջվել, որ հայտնիություն ձեռք բերի: Դրանում նրան օգնել է 2011-ին նկարահանված երիտասարդական «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալը:

Հետո աշխատանքներն ավելի լուրջ են դարձել. Կորբերոն նկարահանվել է «Իզաբել» դրամայում ու «Anclados» սիթքոմում, որտեղ նրա խաղընկերն է եղել հայտնի Ռոսսի դե Պալման:

«Թղթե տնից» բացի, Կորբերոյին սկսել են ճանաչել արտակարգ դրության ընթացքում նկարահանված «Un Dia» տեսահոլովակի շնորհիվ, որը Youtube-ում 253 մլն-ից ավելի դիտում ունի:



Կորբերոն առաջարկների պակաս չի ունեցել, սակայն մինչեւ վերջին ժամանակները նրան միայն Իսպանիայում են նկատել: Նկարահանումների վայրի փոփոխությունը տպավորիչ է եղել դերասանուհու համար, երբ նա ժամանել է Վանկուվեր՝ «Օձի աչքեր» ֆիլմի նկարահանման հրապարակ:

Մարմնավորել է «Կոբրա» ահաբեկչական խմբավորման բարոնուհուն: Դերասանուհին խոստովանել է, որ շատ դժվարությամբ է հասկացել ռեժիսոր Ռոբերտ Շվենտկեի պահանջները, որն ամեն դուբլից հետո ինչ-որ նոր բան է պահանջել նրանից: Կորբերոյի ջանքերն իզուր չեն անցել, ու կերպարն իսկապես հետաքրքիր է ստացվել:

«Կարծում եմ՝ իսկապես հաճելի է մարդկային որակներ տեսնել նման ուժեղ հայացքներ ունեցող ու չարագործ կանանց կերպարներում»,- նշել է դերասանուհին:


Նա գոհ է, որ Տոկիոյին մարմնավորելու փորձ է ունեցել, որին վերջին եթերաշրջանում նկարագրում է որպես «ավելի հանգիստ ու հասուն». «Տոկիոն շատ վստահ է իր ուժերին, բայց նաեւ շատ է տանջվել»:

Դերը խաղալու ընթացքում ամեն շաբաթ այցելել է ֆիզիոթերապեւտի:

««Թղթե տան» հերոսներն իրենց ագրեսիվ են պահում, ինչը վատ է ազդում վզի, գլխի կամ էլ մեջքի վրա»,- ծիծաղելով պատմել է նա.«Պրոդյուսերներն ու սերիալի ստեղծողները ցանկանում էին` ավելի ռիսկային գործեինք, ու պահեր են եղել, որ կյանքիս համար վախեցել եմ: Երբեմն գիտեք, որ ռիսկի եք դիմում, բայց հենց դա է կախարդանքի մի մասը»:


Բարոնուհու դերի համար էլ ֆիզիկական լավ տվյալներ են պետք եղել: Բարձրակրունկ կոշիկների վրա մի քանի ժամ անցկացնելն այնքան է ցավեցրել նրա մեջքը, որ պարզապես չի կարողացել նստած տեղից կանգնել: Կորբերոն խոստովանել է, որ պատրաստ էր այդ կերպարը Տոկիոյի պես ստացված դարձնել, բայց նախ մի կարեւոր նպատակ ունի.«Առանց հոգնելու անգլերեն խոսել: Հենց այս պահին դա է կյանքիս կարեւոր նպատակը»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ wmagazine.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին