×


Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները

Վերջին շրջանում հայտնիներն ավելի ու ավելի շատ են կրում «մերկ» զգեստներ: Վերջին ամիսներին տեղի ունեցած երաժշտական մրցանակաբաշխությունների եւ «Met Gala»-ի ժամանակ էլ նման կերպարների պակաս չկար:

Հագուստների այս տեսակը շրջանառության մեջ է մտել 1920-30-ական թվականներին: Ամենամեծ սիրահարներից մեկը գեղեցկուհի Մերլին Մոնրոն էր: Երբ նրան հարցրել են, թե ինչու է տեսախցիկների առաջ այդքան մերկանում, անկեղծորեն պատասխանել է. «Մարմինը չարժե թաքցնել, այն պետք է երեւա»:

1962-ին Madison Square Garden-ում տոնում էին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի 35-ամյակը, 15 հազար մարդ էր հավաքվել, երբ բեմ բարձրացավ Մոնրոն: Նա ուսերից ցած նետեց սպիտակ մուշտակն ու գրավիչ ձայնով սկսեց երգել «Happy Birthday, Mr. President»: Մոնրոն լուսարձակների տակ կանգնած էր մարմինն ընդգրկող ու 2500 փայլող բյուրեղներով զգեստով:


Առանձնացրել ենք կարմիր գորգերի ամենաբաց զգեստները, որոնցից իրականում ոչ բոլորն են գեղեցիկ եղել, սակայն ժամանակին մեծ աղմուկի պատճառ են դարձել:

Այս տարվա «Met Gala»-ի ամենահամարձակ զգեստներից մեկը կրեց մոդել Քենդալ Ջենները: Նա այդ հատուկ առիթի համար ընտրել էր Givenchy-ի ընդգրկող զգեստ: Մոդելի խոսքով՝ կերպարը ստեղծելիս ոգեշնչվել է 1964 թվականին Օդրի Հեփբերնի մասնակցությամբ նկարահանված «Իմ չքնաղ լեդի» ֆիլմից: 2017-ին էլ նույն միջոցառման ժամանակ Ջենները բավական բաց կերպար էր ընտրել:


Անկեղծ կերպար էր ընտրել նաեւ դերասանուհի ու մոդել Զոի Կրավիցը՝ նախապատվությունը տալով Yves Saint Laurent-ին:


Քենդելի պես համարձակ է նաեւ նրա ավագ քույր Քիմ Քարդաշյանը: 2019-ին «Met Gala»-ի ժամանակ նա Mugler «թաց» զգեստով էր, որը բավական դժվարությամբ էր կարողացել հագնել: Շատ ամուր կորսետը դժվարացրել էր շնչելը: 4 ժամվա ընթացքում Քիմը չի կարողացել նստել ու շատ զգուշությամբ է շարժվել: Խոստովանել է, որ սարսափելի ցավ է զգացել ու կորսետը հանելուց հետո երկար ժամանակ հետքերը դեռ մնացել են:


Ավելի վաղ՝ 2015-ին, Քիմը կրկնել էր Շերի հայտնի կերպարը, որով նա հանրության առաջ ներկայացել է 1974 թվականին: Շերը թափանցիկ զգեստով է եղել, որը նրա համար պատրաստել է դիզայներ Բոբ Մակին: Երգչուհին «մերկացել» է նաեւ 1986 ու 1988 թվականների Օսկարի մրցանակաբաշխությունների ժամանակ:


1990-ականներին անկեղծ զգեստներ էր կրում մոդել Քեյթ Մոսը: Նա Elite մոդելային գործակալության երեկոյին ներկայացել էր լրիվ թափանցիկ հագուստով, ինչի համար տարիներ անց շատ է ափսոսացել, քանի որ չի ցանկացել ամենավատ զգեստ կրող աստղերի թվում հայտնվել:


2015-ին Met Gala-ի ժամանակ աչքի է ընկել Բեյոնսեն, որին երեկոյի թագուհի են անվանել: Լրիվ թափանցիկ զգեստով նա ոչ մի կապ չի ունեցել այդ տարվա թեմա հայտարարված «Հայելային Չինաստանի» հետ: Սակայն Բեյոնսեին այդ բացթողումը ներել են, քանի որ այնքան տպավորիչ է հայտնվել, որ երեկոյի թեմային էլ ոչ մեկն ուշադրություն չի դարձրել:
«Ես թքած ունեմ թեմայի ու կարմիր գորգի վրա: Պարզապես ուզում եմ գեղեցիկ լուսանկար հրապարակել Ինստագրամում ու հաճույք ստանալ այս երեկույթից»,- Բեյոնսեի հայտնվելն այդպես էին մեկնաբանել նրա երկրպագուները:


«Առանց զգեստի» զգեստ հագնելու վարպետ է նաեւ երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: Գրեմմիի մրցանակաբաշխությանը 2000-ին նա ներկայացավ Versace-ի տրոպիկական նախշերով ու լայն բացվածքով զգեստով: Արարողությունից 24 ժամ անց Գրեմմիի կայքից նրա լուսանկարը ներբեռնել էին 642917 անգամ: 2019-ին Լոպեսն այդ կերպարը կրկնեց նորաձեւության տան գարուն-ամառ ցուցադրության ժամանակ:

Հետագայում նա մի քանի անգամ էլ նմանատիպ զգեստներով ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը:


CFDA-ի մրցանակաբաշխությունը երբեք այնքան քննարկված չի եղել, ինչպես 2014 թվականին: Պատճառը Ռիհաննան էր: Adam Selman-ի զգեստն իրենից ցանց էր ներկայացնում, որն ամբողջությամբ պատված էր Swarovski-ի բյուրեղներով՝ չթաքցնելով երգչուհու մարմնի ոչ մի հատված: Ռիհաննան հետագայում ափսոսացել է ստրինգ հագնելու համար. համարել է, որ առանց դրա իր կերպարն ավելի անմոռանալի կստացվեր:


MTV VMA 2021-ի ժամանակ շատերի կարծիքով ամենակրքոտը դերասանուհի Մեգան Ֆոքսն էր: Նա ոգեշնչվել էր 1998 թվականին նույն մրցանակաբաշխության ժամանակ Ռոուզ Մաքգոուենի հագած զգեստից:


Իր գեղեցիկ կազմվածքը թաքցնել երբեք չի փորձել մոդել Իրինա Շեյքը: Ամենահամարձակը ստացվել է Օսկարին նվիրված 2015-ին Vanity Fair-ի կազմակերպած երեկույթի ժամանակ:


«Մերկ» զգեստների նկատմամբ իրենց սերը ցույց են տվել նաեւ Բարբարա Սթրեյզանդը, Մադոննան, Ռիտա Օրան, Էմիլի Ռատակովսկին, Էշլի Գրեմը, Հայդի Քլումը, Բելլա Հադիդն ու էլի շատերը:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին