«Օսկար»-ի հյուրերը երկար են մտածում՝ ինչ տեսքով ներկայանալ միջոցառմանը եւ գրավել բոլորի ուշադրությունը: Օրինակ՝ դերասանուհի Վանեսսա Հադջենսը մինչ մրցանակաբաշխությունը փորձում էր թաքցնել հղիությունը եւ միայն կարմիր գորգին մարմինը կիպ գրկող զգեստով առաջին անգամ ընդգծեց կարգավիճակը: Հետաքրքիրն այն է, որ «Օսկար»-ից օրեր առաջ նա երկրպագուներին հավաստիացնում էր, որ հղի չէ:
Սեւ դասական զգեստների շարքը շարունակել է Եվա Լոնգորիան: Դերասանուհին մրցանակաբաշխությանն առաջին անգամ է ներկայացել որպես ռեժիսոր. նրա «Flamin' Hot» ֆիլմի սաունդթրեքն առաջադրված է եղել «Լավագույն երգ» անվանակարգում:
Մարգո Ռոբին այս անգամ զարմացրել է բոլորին՝ հրաժարվել է Բարբիին հատուկ զգեստներից եւ եղել փայլուն սեւով: Ոչ պակաս շքեղ էր Ջենիֆեր Լոուրենսը՝ կրելով պտավոր երկար զգեստ:
Սանդրա Հյուլլերը, որի մասնակցությամբ միանգամից երկու աշխատանք էր ներկայացված «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում՝ «Անկման անատոմիա»-ն եւ «Հետաքրքրության գոտի»-ն, իսկ ինքը մրցում էր լավագույն դերասանուհու կոչման համար, եւս սեւով էր, հավաքած մազերով եւ զուսպ դիմահարդարմամբ:
Նույն անվանակարգում «Մաեստրո» ֆիլմի համար առաջադրված Քերի Մալիգանը որոշել էր հագնել Balenciaga-ի արխիվային զգեստ, որը դեռ 1950-ականներին ստեղծել է Քրիստոբալ Բալենսիագան:
Անյա Թեյլոր-Ջոյն ամեն անգամ փորձում է ավելի հեքիաթային եւ տարբերվող լինել: Երեկ այդ հարցում նրան օգնել էր արծաթագույն, երկարափեշ զգեստը: Արծաթագույնով է եղել նաեւ «Դյունա-2» ֆիլմում նրա խաղընկեր Ֆլորենս Պյուն, ինչպես նաեւ նախորդ տարվա լավագույն դերասանուհի Միշել Յեոն, որն այն կրել է սեւ, երկար ձեռնոցներով:
Բաց երանգերին եւ նուրբ հագուստին են նախապատվությունը տվել Էմիլի Բլանտը, որը բառի ուղիղ իմաստով փայլել է կարմիր գորգին, ու «Օսկար» ստացած Էմմա Սթոունը: Ի դեպ, մինչ դերասանուհին կհասներ բեմ մրցանակը ստանալու, այն արդեն վնասվել էր:
Փայլել է ցանկացել նաեւ Դուեյն Ջոնսոնը՝ կրելով արծաթագույն կոստյում: Դերասանների մեծ մասը՝ Բրեդլի Կուպերը, Քիլիան Մըրֆին, Փոլ Ջամատին, Ուիլեմ Դեֆոն, Նիկոլաս Քեյջը, Բրենդեն Ֆրեյզերը դասական կոստյումներով են եղել, իսկ Բլանտի ամուսինը՝ Ջոն Կրասինսկին, նրա հետ ներդաշնակ երեւալու համար ընտրել է սպիտակը:
Անհավանական հմայիչ է եղել նաեւ Շարլիզ Թերոնը, որը վաղուց նման միջոցառումների ներկա չէր լինում: Նա հատուկ հյուրի կարգավիճակում էր եւ եւս 4 օսկարակիրների հետ ներկայացրել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվածներին:
Սովորաբար առանձնանալ սիրող Զենդայան նախապատվությունը տվել է տարբերվող պրինտով երկար զգեստին, Արիանա Գրանդեն՝ վարդագույնին, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչված Դավայն Ջոյ Ռենդոլֆը՝ փետուրներին ու բաց երկնագույնին:
Զույգերով կարմիր գորգով անցել են Քիրստեն Դանստն ու Ջեսի Փլեմոնսը, Մեթյու Մակքոնահին ու Կամիլա Ալվեսը, Ռոբերտ Դաունի Կրտսերը եւ Սյուզան Դաունին, Ռայան Գոսլինգը եկել է քրոջ՝ Մանդիի հետ, իսկ Կուպերը, ինչպես միշտ՝ մայրիկի:
Արարողությունից հետո դերասաններն արագ զգեստափոխվել են ու ներկայացել «Vanity Fair»-ի կազմակերպած երեկույթին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: