×


«Կյանքս առանց նրա չեմ պատկերացնում»․ Կարինա Առուստամյանի նշանադրեքը Կիպրոսում

Կարինա Առուստամյանն օրեր առաջ է վերադարձել Կիպրոսից, որտեղ էլ սիրելին նրան հաճելի անակնկալ է մատուցել՝ Միջերկրական ծովի ափին ամուսնության առաջարկություն անելով։ Ջազ երգչուհին BRAVO.am-ին է վստահել նշանադրության լուսանկարներն ու իրենց սիրո պատմության մանրամասները։

«Ծանոթացել ենք երեւանյան ակումբներից մեկում․ ես երգում էի, իսկ նա հյուր էր։ Մոտ 8 ամիս անց, երբ հանգստի էի մեկնել Լիբանան, սկսվեց մեր մտերմությունը, ինչից հետո մինչ այս պահն անբաժան ենք։ Առաջին քայլերն ինքն է արել, բայց սիրո խոստովանությունը երկուսս միաժամանակ ենք արել։ Շատ ենք պայքարել մեր սիրո համար, ատամներով պահել ենք մեր հարաբերությունները դժվար շրջանում՝ համավարակ, պատերազմ»,- պատմել է նա։


Ամուսնության առաջարկությունը ստացել է ծովի ափին.«Ճիշտ է՝ ինչ-որ բան կասկածում էի, բայց չէի մտածում, որ ամեն բան այդքան սիրուն կլինի։ Մի պահ սառել էի, բայց միանգամից համաձայնեցի. վաղուց էի հասկացել, որ ուզում եմ ողջ կյանքս նրա կողքին անցկացնել։ Մեկ-երկու փոքրիկ վիճաբանություններից հետո հասկացել էինք՝ աստիճանաբար մեր սերն ավելի է ուժեղանում։ Ոչ միայն օրս, այլ նաեւ ողջ կյանքս առանց նրա չեմ պատկերացնում։ Մեր հարաբերություններն էլ հարթ չեն ընթացել. բոլորի պես մենք էլ շատ լավ ու վատ օրեր ենք ունեցել»։


Հարսանիքի մասին դեռ չեն մտածում․«Երկուսս էլ սիրուն հարսանիք ենք ուզում, ինքս էլ բոլոր աղջիկների պես երազում եմ սպիտակ զգեստ հագնելու մասին, բայց դեռ ոչ մի բան չենք քննարկել։ Նոր ենք նշանվել, դեռ ժամանակ ունենք մտածելու։ Կարծում եմ՝ մեր հարսանիքը մեր բնավորության պես կլինի՝ ծովի ափին, ավազի վրա, ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ... Աստված ինչպես կամենա»։
Երգչուհին նշել է, որ սիրելին օգնում է իրեն մասնագիտական առաջխաղացման հարցում.«Նա էլ երաժիշտների ընտանիքից  է ու լավ է հասկանում ինձ։ Երբեք չի փորձել ինչ-որ հարցում խոչընդոտել, հակառակը՝ միշտ կողքիս է եղել ու աջակցել է։ Իմ մասնագիտությունն ինձ համար ապրելակերպ էր, դրա համար այսքան տարի նույնիսկ չէի մտածում ամուսնության մասին։ Չէի կարող սիրել մի մարդու, որն ինձ կկանգնեցներ ընտրության առաջ։ Միայն մայրանալուց հետո որոշակի ժամանակ դադար կվերցնեմ՝ փոքրիկներիս խնամելու համար»։


Ստեղծագործական կյանքում բուռն շրջան է․«Վերջին ամիսներին մի փոքր դադար էի վերցրել, չէի կողմնորոշվում, թե ինչ եմ ուզում անել։ Հիմա հասկացել եմ, որ շատ եմ ուզում երգել, նոր գործեր ներկայացնել, համերգներով հանդես գալ։ Այս պահին Գրիշա Աղախանյանի հետ զուգերգ ենք պատրաստում. Էլվիրա Մակարյանի «Առանց սեր չկա գարուն» երգն ենք ուզում նորովի ներկայացնել։ Նոր տեսահոլովակ եմ նկարահանում, նոր երգեր եմ ձայնագրում, մեր բենդի երգացանկում նոր, թարմ ստեղծագործություններ կավելանան»,-եզրափակել է Կարինան։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Կարինա Առուստամյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին