×


Ամանորի նվեր՝ Երեւանին. բացվել է Seasons Park Station ձմեռային այգին

«Ուշադրություն, հաջորդ կայարանը՝ Seasons Park Station»՝ գնացքի աշխատակցուհու ծանոթ ձայնով այս ազդանշանը հայտնում է, որ երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը նորաբաց ձմեռային այգում են՝ Մաշտոց 15/5 հասցեում։ Նոր ու տարբերվող կոնցեպտով ձմեռային այգին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության Ամանորի նվերն է մայրաքաղաք Երեւանին։


«Այս տարի լրանում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադրման 15-ամյակը, եւ մենք մտածեցինք, որ հոբելյանական տարին մեկնարկելու լավագույն միջոցը սիրելի ու հարազատ քաղաքին նվեր անելն է, որպեսզի հեքիաթային Նոր տարվա շունչը հենց Երեւանի սրտում զգացվի։ Այսօր հետհայացք գցելով մեր անցած ուղուն եւ կատարված ծրագրերին՝ կարող ենք ասել, որ յուրաքանչյուր տարի իրականացրել ենք եթե ոչ մի քանի, ապա գոնե մեկ յուրահատուկ նախագիծ, որը նոր գույն ու մոտեցում է ավելացրել մեր քաղաքին։ Նման նախագծերից է նաեւ Seasons Park Station-ը։ Ձմեռային տոնավաճառների այս ձեւաչափն ընդունված է ամբողջ աշխարհում, եւ կարծում ենք՝ այն ավելի հետաքրքիր կդարձնի թե՛ մեր բնակիչների առօրյան, ու թե՛ զբոսաշրջիկների ժամանցը»,- իր խոսքում նշեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։


Ինքնատիպ կոնցեպտով այս նախագիծն իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի հետ։ «Seasons Park Station» ձմեռային այգու ընդհանուր կոնցեպցիան երկաթուղային կայարանն է՝ գնացքով, տարբեր կանգառներով (սիրո, երջանկության, ժպիտների, անակնկալների, նվերների եւ այլն), Ամանորի տոնավաճառի համար նախատեսված տաղավարներով եւ ընտանեկան ժամանցի համար նախատեսված բազմաբնույթ ակտիվություններով։


«Երեմյան Փրոջեքթսի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռեւս հունիս ամսին, երբ «Seasons» նախագիծը միացավ իրենց ընկերությանը, խոստացան, որ այգին տարվա չորս եղանակներին ունենալու է իր տրամադրությունը։ Այժմ «Seasons Park Station»-ն ամբողջությամբ ձմեռային տրամադրությամբ է.«Որպեսզի ձմռան ամիսներն ավելի հետաքրքիր անցնեն, որոշեցինք՝ ձմեռային այգու ընդհանուր թեմատիկան էլ պետք է յուրահատուկ լինի։ Seasons Park Station-ի յուրաքանչյուր կանգառում եւ ամբողջ այգում ստեղծված է Ամանորի հեքիաթը զգալու, դրական հույզեր ապրելու միջավայր»։


Ձմեռային այգու բացման միջոցառումը երեկ մեկնարկեց թմբուկների անակնկալ շքերթով եւ պարային շոու-ծրագրով։ Այնուհետեւ խաղարկությամբ որոշվեց, թե այգու հյուրերից ով պետք է Ձմեռ պապի հետ վառի ինքնատիպ տոնածառի լույսերը։ Միջոցառման ամբողջ ընթացքում էլ այգում շրջում էին հայտնի մուլտհերոսները, խոսում ու պարում երեխաների հետ՝ նրանց օրը դարձնելով ավելի ուրախ ու գունեղ։


Հավելենք նաեւ, որ Seasons Park Station-ի վագոն-տնակներում ներկայացված են 20-ից ավելի ընկերություններ, որոնցից հնարավոր է ձեռք բերել տոնական նվերներ, սուրճ, թեյ, քաղցրավենիք: Seasons Park Station-ը ձմեռային այգու կոնցեպտով գործելու է մինչեւ 2022 թվականի գարուն, որից հետո ձեւավորումները փոխվելու են գարնանային տոների թեմատիկային համապատասխան: Այգին գործելու է ամեն օր, մինչեւ երեկոյան 23:00-ն։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին